Շուշիի ադրբեջանական լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը սրբագրելու մանիպուլյացիաները շարունակվում են. հերթը «InfoCheck»-ինն է

article-image

Արդեն մի քանի օր է` չեն դադարում վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Շուշի քաղաքի վերաբերյալ հայտարարությունը սրբագրելու համար արվող մանիպուլյացիաները։ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր.

«Ես ուզում եմ ասել հետևյալը, որ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները, ոչ միայն հիմա, այլև ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ։ 

Եվ մեկ էլ ասում եք` բա հայտարարել ես` Արցախը Հայաստան է: Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»,- արձագանքելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին` ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բնականաբար, Նիկոլ Փաշինյանից նման հայտարարություն լսելը զարմանալի նորություն չէր: Սակայն զավեշտալի է, երբ հանրային միջոցներից սնվող, հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնն» է փորձում որևէ ձևով մեղմել Փաշինյանի հայտարարությունը:

«Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել Շուշիի վերաբերյալ» վերնագրով նյութում հեղինակները նշում են. «Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է», այնուհետև դժգոհում, թե «մեջբերումն այսօր արդեն ադրբեջանական մամուլի գլխագրերում է»:

Կենտրոնը «հիմնավորում է». «ՀՀ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե նրան, որ Շուշին «ադրբեջանական քաղաք» է, այլ նրան, որ տարիներ շարունակ քննարկված տարբերակների արդյունքում և պատերազմում հոկտեմբերի 18-ի դրությամբ ստեղծված իրադրության հետևանքով այնտեղ միևնույն է վերականգնվելու էր խորհրդային, ոչ թե նախախորհրդային շրջանի ժողովրդագրական պատկերը, և բնակչության մեծամասնությունը կազմելու էին ադրբեջանցիները», այնուհետև «ավանակի համառությամբ» թվական տվյալներ բերում Շուշիում ադրբեջանական բնակչության թվի մասին:

Նախ պետք է արձանագրել, որ Կենտրոնը սխալ թիրախավորում է վերցրել. պետք է քննության առնվեր Նիկոլ Փաշինյանի կողմից «միֆ» հռչակված այն միտքը, թե պատերազմի ընթացքում առավել քիչ տարածքային կորուստներով և Շուշին պահելով հնարավոր չէր կանգնեցնել պատերազմը: Այդ մասին արդեն իսկ հայտարարել են և՛ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, և՛ ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուստի անհրաժեշտ էր «FAKE»-ի պիտակը կպցնել Փաշինյանի հայտարարությունների վրա:

Կենտրոնը նաև արձանագրել է, թե Նիկոլ Փաշինյանի մտքերը հայտնվել են ադրբեջանական գլխագրերում: Նախևառաջ պետք է նշել, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է գիտակցի, թե ինչ է հայտարարում թիվ մեկ ամբիոնից: Հենց նման հայտարարությունների հետևանքով է, որ պատերազմ սանձազերծվեց, Արցախը կորսվեց, իսկ այսօր Հայաստանը լուրջ անվտանգային սպառնալիքների տակ է:

Կենտրոնը նաև համոզմունք ունի, որ հակամարտության կարգավորումից կամ «հոկտեմբերի 18-ից հետո» ադրբեջանցիները վերադառնալու էին Շուշի` նախկինում ունեցած համամասնությամբ: Անհայտ է, թե ինչպես է «InfoCheck»-ը որոշել, թե ինչպիսին կլինի հակամարտության կարգավորման վերջնական փաստաթուղթը, և ինչ դրույթներ կունենա այն` կապված Շուշիի հետ:

«InfoCheck»-ի նման գործելաոճը նորություն չէ: Իշխանական քարոզչությանը տուրք տալու համար կենտրոնը բազմիցս հանդես է գալիս «Fake News»-ով և տարատեսակ մանիպուլյացիներով: Այս դեպքը նույնպես բացառություն չէ:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն