Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնավարմանը զուգահեռ օրենքի խախտմամբ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ

article-image

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել՝ Երևանի քաղաքապետի պաշտոնին զուգահեռ հանդիսանալով նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը։

AntiFake.am-ը ստուգել է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները և պարզել, որ հրապարակումը համապատասխանում է իրականությանը, և Հայկ Մարությանը իսկապես քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց ոչ թե 1 տարի, այլ 1 ամիս։

Այսպես, օրաթերթի հրապարակման մեջ նշվում է. «2018 թվականի հոկտեմբերի 13-ին Հայկ Մարությանը ստանձնել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը ու դրան զուգահեռ Մարությանը տնօրինել է իր ՍՊԸ-ն: Փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն` ընկերությունը հիմնադրվել է դեռեւս 2010 թվականին, սակայն քաղաքապետը իր պաշտոնավորումից հետո չի դադարեցրել տնօրենի իր գործառույթները` այդկերպ խախտելով օրենքը»: Հրապարակմանը կից ներկայացվել են նաև փաստաթղթեր։

Օրաթերթը նաև նշում է, որ Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել իր եղբորը: «Բայց պարզ է, որ Հ. Մարությանը դրանով չի կարող համարել, որ հարցը լուծված է, քանի որ վերջինս շուրջ մեկ տարի օրենք է խախտել»,-նշված է հրապարակման մեջ։

AntiFake.am-ը օգտվել է ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներից և պարզել հետևյալը.

«Երկուս ու կես» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ. օգոստոսի 27-ին։ Նույն ամսաթվով որպես գործադիր տնօրեն նշանակվել է Հայկ Մարությանը։ Սակայն 2018 թվականի նոյեմբերի 3-ին փոխվել է ընկերության տնօրենը, և Հայկ Մարությանից հետո տնօրեն է դարձել Արման Մարությանը։ Վերջինս Հայկ Մարությանի եղբայրն է։

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին։

Ստացվում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո մինչև 2018թ. նոյեմբերի 3-ը՝ շուրջ 1 ամիս՝ մինչև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխությունը, հանդիսացել է այդ ընկերության տնօրենը և զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:

Իսկ 45-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում»։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուն զուգահեռ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն ոչ թե մեկ տարի, այլ մեկ ամիս, ինչն ակնհայտ օրենքի խախտում է։

Ինչ վերաբերվում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը կից ներկայացված փաստաթղթին, ապա նշենք, որ այդ փաստաթուղթը ընկերության՝ պետական միասնական գրանցամատյանում արված փոփոխությունների նախավերջին տարբերակն է, իսկ վերջին տարբերակը առ 2018թ. նոյեմբերի 3-ին արված փոփոխությունն է, որով Հայկ Մարությանին տնօրենի պաշտոնում փոխարինել է եղբայրը։

Թարմացված. Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել թեմայի վերաբերյալ՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով հերքում։ Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Հայտնում ենք, որ հոդվածի վերնագիրը եւ մեջբերված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Երեւանի քաղաքապետի պաշտոնը 2018թ. հոկտեմբերի 13-ին ստանձնած Հայկ Մարությանը «Երկուս ու կես» ՍՊԸ տնօրենի պաշտոնում չի եղել 2018թ. հոկտեմբերի 10-ից ի վեր, ինչի մասին վկայում են ՀՀ ԱՆ ռեգիստրում առկա փաստաթղթերը»։

Գրառմանը կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի միակ մասնակից Մերի Ազոյանը 2018 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել դադարեցնել ընկերության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն) Հայկ Մարությանի լիազորությունները և գործադիր մարմնի ղեկավար նշանակել Արման Մարությանին։

2018 թվականի նոյեմբերի 1-ին Արման Մարությանը դիմում է ներկայացրել պետական ռեգիստրի գործակալություն գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության վերաբերյալ պետական գրանցամատյանում գրառում կատարելու համար, ինչն էլ, ինչպես արդեն նշել ենք, կատարվել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ 

Այսպիսով՝ չնայած այն հանգամանքին, որ ընկերության մասնակցի որոշմամբ Հայկ Մարությանի՝ գործադիր տնօրենի պաշտոնում լիազորությունները դադարել են հոկտեմբերի 10-ին, այնուամենայնիվ պետական ռեգիստրի գործակալությունում այդ փոփոխությունը կատարվել է նոյեմբերի 3-ին։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը