Իմ պարտքն էր րոպե շուտ հասնել տղաներին. Ապագա բժիշկը սեպտեմբերի 27-ին մեկնել է ռազմաճակատ

article-image

Բժշկական և ռազմական գիտելիքները ուժ ու խիզախություն տվեցին Արթուր Գինոսյանին առաջնագծում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Պատերազմը փոխեց շատ ապագա բժիշկների կյանքը, ապրելակերպը, ճակատագիրը: ԵՊԲՀ շատ սովորողներ խուսափում են խոսել իրենց կատարած հերոսություններից, մի մասն էլ հակիրճ է պատմում մարտի դաշտում անցկացրած օրերի մասին: 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Արթուր Գինոսյանը ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 27-ին, քանի որ գիտեր, որ պետք է իր բժշկական և ռազմական գիտելիքներն օգտագործի առաջնագծում:

«Իմ պարտքն էր րոպե շուտ հասնել տղաներին: Ինձ հետ վերցրել էի մեծ քանակությամբ դեղեր, որոնցով առաջին բուժօգնություն էի ցուցաբերում դիրքում, վիրակապում էի, ցավազրկում, մինչև բուժծառայության մեքենան կհասներ և կտեղափոխեր նրանց հոսպիտալ»,- պատերազմում իր մասնակցության մասին է պատմում  ապագա բժիշկը:

Մեկնելու նույն օրվա գիշերը հասել են Ստեփանակերտ, որտեղից տեղափոխվել են Մարտակերտի դիրքեր: Ապագա բժիշկը մեկնել էր ռազմաճակատ «Արծիվ 30 Արարատ» մահապարտների ջոկատի հետ, որի կազմում են Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցներ, ապրիլյան պատերազմի մասնակիցներ, ինչպես նաև հատուկ ջոկատներում ծառայած պահեստազորայիններ:  Նրանց հիմնական գործը թեժ կետերում մարտական գործողություն վարելն էր:

Երիտասարդի՝  կռիվ գնալու պատճառներից մեկն էլ փորձն էր, որն արդեն ձեռք էր բերել Ապրիլյան պատերազմում: Այստեղ նրա համար ևս մեկ անգամ հաստատվել է այն ճշմարտությունը, որ միասնականությունը կարևոր է բոլոր հարցերում՝ հատկապես պատերազմում:

«Մեր հույսը մեր հավատքն էր, հավատը մեր ուժերի նկատմամբ: Մենք գիտեինք՝ ինչի համար ենք կռվում. հայրենիքի, ոչ թե զուտ հողակտորի համար»,- ընդգծում է սովորող մարտիկը:

Արթուր Գինոսյանը ծնվել է 1996թ. ապրիլի 29-ին Վանաձորում, սովորել է 6-րդ դպրոցում, այնուհետև բնագիտամաթեմատիկական թեքումով դպրոցում: Բժիշկ դառնալու որոշում կայացրել է 11-րդ դասարանում: Շատ է սիրել քիմիա և կենսաբանություն առարկաները: 2013 թվականին ընդունվել է ԵՊԲՀ, 2014-2016թթ.. ծառայել է ՊԲ զինված ուժերում, ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակում է մինչ օրս:

Մինչև պատերազմը մտածում էր մանկաբույժ դառնալու մասին, սակայն այժմ առավել հետաքրքրված է միկրովիրաբուժությամբ և էնդոսկոպիկ վիրաբուժությամբ»:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն