
Այսօր համացանցում տարածվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությունը, համաձայն որի` հոկտեմբերի 16-ին մի խումբ պատգամավորներ գործուղվել են Արցախի Հանրապետություն` Ստեփանակերտ:
Այն, ինչը հարուցել է քաղաքացիների և հասարակական-քաղաքական շրջանակների դժգոհությունը, պատվիրակության ծախսերի վճարումները 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին լինելու փաստն էր:
Ստացվում է, որ մի կողմից` որոշ պատգամավորներ հայտարարում էին, որ պետք է անպատճառ աջակցել Զինծառայողների ապահովագրության և «Հայաստան» համահայկակն հիմնադրամին, մյուս կողմից` բյուջեի հաշվին պատվիրակության կազմում մեկնում են Արցախ:
Սակայն, ինչպես պարզում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից, այդ կարգադրությունը միակը չէ:
Դեռևս հոկտեմբերի 2-ին` Արցախյան պատերազմի 6-րդ օրը, ԱԺ պատվիրակությունը` նախագահի գլխավորությամբ գործուղվել է Արցախ: Պատվիրակության կազմում են եղել Արարատ Միրզոյանը, Էդմոն Մարուքյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Սիմիդյանը, Արման Աբովյանը, Արմեն Մելիքսեթյանը, ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը և ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժին պետ Էդգար Բարսեղյանը: Գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվել է ՀՀ 2020թ. պետական բյուջեով ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Մեկ այլ կարգադրություն էլ եղել է դեկտեմբերի 17-ին, համաձայն որի` դեկտեմբերի 17-19-ին Արցախ են գործուղվել պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանն ու Նազելի Բաղդասարյանը: Պատգամավորների ծախսերի վճարումը նույնպես կատարվել է բյուջեի հաշվին:
Մինչ Շիրակի մարզում շշուկներ և լեգենդներ էին տարածվում, թե ինչ «քաջագործություններ» էին անում և «հարցեր լուծում» շիրակցի պատգամավորները, Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ բյուջեի հաշվին գործուղվել է Արցախ, այս անգամ` դեկտեմբերի 25-ին:
Իրենց գործընկերոջը այնուհետև հետևել են Սոֆիա Հովսեփյանը, որը դեկտեմբերի 30-ին մեկնել է Արցախ` երկու օրով, իսկ Արման Եղոյանը, Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանը և Կարեն Համբարձումյանը` Սյունիքի մարզ, այն էլ` 4 օրով: Նրանց օրապահիկը, գիշերակացը և այլ ծախսերը դարձյալ կատարվել են բյուջեի հաշվին:
Ճամփորդությունները շարունակվում են նաև այս տարի. հունվարի 14-ի կարգադրությամբ` Նազելի Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Շիրակ Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Նարեկ Մկրտչյանը և Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 15-17-ը գործուղվել են Արցախ` իհարկե, կրկին բյուջեի հաշվին:
Պատերազմի օրերին հակասական, կեղծ տեղեկատվություն տարածելով, կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած քաղաքական ղեկավարին աջակցող Ազգային ժողովի պատգամավորները առիթը բաց չեն թողել պատերազմի ընթացքում և դրանից հետո պետական բյուջեի առանց այդ էլ սուղ միջոցները վատնել հերթական անօգուտ և անարդյունավետ գործուղումների վրա:
Աղբյուր՝ AntiFake.am