Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշը․ 168.am

article-image

«168.am»-ը գրում է․

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ներդրումների նոր վիճակագրությունը։ Ըստ այդմ, տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Մինչ վարչապետն արդարացնում է քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արաբ ներդրողների նկատմամբ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքը և ներդրողների մասին դատողություններ է անում նրանց հագուկապով, այլ բան, թերևս, անհնար է սպասել ներդրումային հոսքերի առումով։ Եթե մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակ ունեցող ներդրողների նկատմամբ են այդ կերպ վարվում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի են արժանանում մյուսները։ Ու ոչ մի կապ չունի՝ խոսքը շեյխի՞, շեյխի ներկայացուցչի՞, թե՞ մեկ այլ ներդրողի մասին է։

«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետև եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն՝ ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի»: Այս հայտարարության հեղինակը երկրի վարչապետն է, ով այս ու այն տեղ խոսում է «թավշյա հեղափոխության» ընձեռած ներդրումային գրավչության մասին` կոչ անելով ներդրողներին՝ առանց վարանելու իրենց գումարները վստահել Հայաստանի տնտեսությանը։ Բայց ո՞վ ներդրում կանի մի երկրում, որտեղ այսպես են վարվում պոտենցիալ ներդրողների հետ։

Ի՞նչ կապ ունի, թե ովքեր են ներդրողները`շեյխե՞ր, շեյխերի ներկայացուցիչնե՞ր, թե՞ ուղղակի ներդրողներ։ Մի՞թե իշխանությունների համար դա է կարևորը։ Նրանց ներդրումնե՞րն են հետաքրքրում, թե՞ ներդրողները, կամ այն, որ մարդիկ ընդունելության են եկել «ջինսերով, բոթասներով և մայկաներով»:

Եթե այսպես պիտի դատենք ներդրողների մասին, ապա այլ բան չպետք է սպասել։ Այդքանից հետո բնավ զարմանալի չէ, որ օտարերկրյա ներդրողները ոչ միայն չեն գալիս Հայաստան, այլև իրենց գումարներն են հանում երկրից։

Որ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների, գիտեն բոլորը։ Թվում է, թե դա գիտակցում է նաև իշխանությունը։ Բայց դա շատ քիչ է` ներդրումային մեծ հոսքեր ակնկալելու համար։ Պատահական չէ, որ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել։

Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։ Ու դա անհնարին է չնկատել։ Այդ են վկայում նաև պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։

Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։

Ոչինչ, որ 68 մլն դոլարը մեծ գումար չէ տնտեսության համար, այն մի բան էլ պակասել է։ 2019թ. առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելի քան 28,7 մլրդ դրամով կամ շուրջ 60 մլն դոլարով քիչ են եղել, քան 2018թ. նույն ժամանակահատվածում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից դատելով` անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն, այս տարի` հազիվ 68 մլն դոլար։

Եվ սա՝ այն դեպքում, երբ 2018թ. Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չէր նպաստում ներդրումների իրականացմանը։ Բայց անգամ այդ պայմաններում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելին էին, քան այս տարի է։ Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի տնտեսությանը միջազգային կառույցների կողմից տրվող վարկանիշներն ու գնահատականները։ Չէ՞ որ դրանք դրական ազդակներ պետք է հաղորդեին ներդրողներին։

Բոլորովին էական չէ, որ ընդհանուր արտաքին ներդրումներն ավելացել են։ Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 267 մլն դոլար։ Բայց դա չէ, որ բնութագրում է երկրի ներդրումային իրավիճակը։ Դրանում ներառված են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը։ Այս դեպքում շատ ավելի կարևոր են ուղղակի ներդրումները, որոնց աճի տեմպը դժվար է գոհացուցիչ համարել։

Այս փուլում թե հատկապես ո՞ր երկրներն են զգուշանում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Բայց այն, ինչ ունենք, հիմք է տալիս ասելու, որ օտարերկրյա ներդրողների շրջանում վստահությունը տնտեսության, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական իշխանության նկատմամբ ցածր է։ Դրա վկայություններից մեկն էլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հերթական հեռուստամարաթոնն էր, որի ընթացքում խոստացված նվիրատվություններն ամենաքիչն էին` սկսած 2006թ.։

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին, այդ թվում` մեր հայրենակիցների կողմից տնօրինվող կապիտալը լցվելու է տնտեսության մեջ, չեն արդարանում։ Այլևս անիմաստ է ասել, որ դրա համար ժամանակ է պետք։ Ներդրումները ժամանակ են պահանջում, բայց այդ ժամանակը վաղուց արդեն անցել է։

Մոտենում է իշխանափոխության երկրորդ տարին։ Եվ այդ ժամանակը լիուլի բավական էր` ներդրումային սպասումներն իրականություն դարձնելու համար։

Բայց դրանք իրականություն չեն դառնում նույնիսկ այն «խոչընդոտների» վերացումից հետո, որոնց մասին ժամանակին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը, մասնավորապես, խորհրդարանի լուծարման և նոր ընտրությունների անցկացման մասին է։ Խորհրդարանը ձևավորվեց քաղաքական իշխանության ցանկություններին համապատասխան, սակայն, ինչպես տեսնում ենք, դա ևս չփրկեց կառավարությանը։

Ներդրումային ցածր ակտիվության պատճառները, անշուշտ, տարբեր են։ Բայց ակնհայտ է, որ դրանցից մեկն էլ իշխանության ոչ պրոֆեսիոնալ վարքագիծն է և վերաբերմունքը ներդրողների նկատմամբ։ Փոխարենը ներդրողներին շահագրգռելու և բերելու Հայաստան` մի բան էլ հաթաթաներ ենք տալիս։

Ու դա բոլորովին էլ նոր բան չէ իշխանության պրակտիկայում։ Այդպես է արդեն ավելի քան մեկուկես տարի։ Դեռ լավ է, որ այդքանից հետո գտնվում են մարդիկ, որոնք փորձում են ներդրումներ կատարել Հայաստանում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն