Ամանորյա բյուջետային խառնաշփոթ Երևանի քաղաքապետարանում. քաղաքապետի տեղակալը մի բան է ասում, հարցման պատասխաններն այլ բան, ֆեյսբուքյան էջը՝ մեկ այլ բան

article-image

Նոյեմբերի 15-ին AntiFake.am-ը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու 2014-2019 թթ. Երևանի ամանորյա միջոցառումների ծախսերը։

Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանից ստացել ենք հարցման պատասխանը, որում, չնայած ներկայացվել է ծախսերի թվերի և բառերի տարօրինակ և անգրագետ համադրություն, այնուամենայնիվ հնարավոր է ենթադրել, թե ինչ է նկատի ունեցել Երևանքի քաղաքապետարանի աշխատակիցը մեր հարցմանը պատասխանելիս։ Հարցման պատասխանում նշվում է.

«ի պատասխան Ձեր հարցման՝ տրամադրում ենք 2014-2019թթ-ներին համայնքային բյուջեից Երևանի ամանորյա միջոցառումների համար հատկացված ֆինանսական միջոցների թվային պատկերը՝ ըստ տարիների:

  • 2014թ.՝ 113.120.000 մլն ՀՀ դրամ
  • 2015թ.՝ 136.141.900 մլն ՀՀ դրամ
  • 2016թ.՝ 157.180.200 մլն ՀՀ դրամ
  • 2017թ.՝ 192.478.000 մլն ՀՀ դրամ
  • 2018թ.՝ 222.351.800 մլն ՀՀ դրամ
  • 2019թ.՝  նախատեսվել է 271.797.000 մլն ՀՀ դրամ՝ պետբյուջեից, որին գումարվելու է  54.000.000 մլն ՀՀ դրամ՝ համայնքային բյուջեից»։

Նոյեմբերի 26-ին AntiFake.am-ը կրկին հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանին՝ հայցելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե Երևանում 2018թ.-ին և 2019թ.-ին ամանորյա միջոցառումների (տեխնիկական, կազմակերպչական, զարդարանքներ, համերգներ և այլն) համար պետական և համայնքային միջոցներից ի՞նչ ծախսեր են արվել, ի՞նչ ծառայություններ են ձեռք բերվել, ո՞րքան գումար է հատկացվել մատակարար ընկերություններին խնդրել  ենք տրամադրել նաև մատակարար ընկերությունների անունները և կնքված պայմանագրերը ձեռք բերված ծառայությունների վերաբերյալ:

Դեկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետարանից ստացել ենք հարցման պատասխան, որում մանրամասն ներկայացվել են 2018 թվականի ծախսերը, իսկ 2019 թվականի ծախսերի մասով Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նույն պատասխանը՝ չտրամադրելով որևէ փաստաթուղթ.

« 2019թ. տոնական միջոցառումների համար նախատեսվել է 271.797.000 մլն ՀՀ դրամ՝ պետբյուջեից, որին գումարվելու է  54.000.000 մլն ՀՀ դրամ՝ համայնքային բյուջեից»:

Այսինքն, ըստ մեր հարցումների երկու պատասխանների՝ Երևանի 2019թ. ամանորյա բյուջեն կազմել է 325,797,000 ՀՀ դրամ։

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ միակ օրակարգով, այն է՝ «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25 N 47-Ն որոշմանմեջ փոփոխություններ կատարելու մասին։ Զեկուցող՝ Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Հայկ Սարգսյան»։

Հայկ Սարգսյանը ներկայացրել է նախագիծը. «Շնորհակալություն, մեծարգո պարոն քաղաքապետ, ավագանու հարգարժան անդամներ,

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի՝ Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեում վերաբաշխումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 –Ն որոշման մեջ փոփոություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին 1608-Ն որոշմամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի 2019 թ. բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 277.797.100 դրամով և այն ուղղել «Ամանոր-2020 թվականի միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման համար. գեղարվեստական մասի ապահովում, ձայնային, լուսային, LED էկրանների վարձակալություն և սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում, ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում։

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի 25 N 47-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ»։

Որոշումն ընդունվել է 41` կողմ, 5` դեմ, 2` ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու որոշումը մինչ այս պահը հրապարակված չէ։

Իսկ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը հրապարակել է հետևյալը. «Հերթական նիստում Երևանի ավագանու որոշմամբ 271,797.1 հազար դրամով ավելացվեցին «Ամանոր 2020» միջոցառումների համար Երևանի 2019թ. բյուջեի նպատակային հատկացումները»:

Նկատենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն արտաբերում է 277.797.100 դրամ, մինդեռ ֆեյսբուքյան էջում գրված է 271,797.1 հազար դրամը։

Այսինքն ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մեր հարցումներին տրված պատասխաններում ներկայացվել են այլ թվեր, քաղաքապետի տեղակալի կողմից ներկայացվել է այլ թիվ, իսկ Երևանի քաղաքապետարանի էջը հրապարակել է այլ թիվ։

Բացի այդ, մամուլում դեկտեմբերի 6-ից շրջանառվում են Երևանի ամանորյա ընդհանուր բյուջեի վերաբերյալ տարբեր թվեր, որոնք ճշգրտելու նպատակով այսօր կապվեցինք Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն էլ հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե «շաբաթ օրը բարեկիրթ չէ զանգելը»։

Եթե Երևանի քաղաքապետարանի անպատասխանատու, թերի և փնթի աշխատանքի պատճառով հանրությանը ներկայացրել ենք ոչ ճշգրիտ թվեր՝ պաշտոնական փաստաթղթերով դրանք ստուգելուն պես կհրապարակենք ստույգ թվերը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն