Պարզաբանում Երևանի 2019թ. ամանորյա բյուջեի վերաբերյալ. ամանորյա բյուջեն 325.797.100 դրամ է

article-image

Արդեն իսկ մի քանի շաբաթ է, ինչ հանրությունը և լրատվական դաշտը քննարկում են Երևանի քաղաքապետարանի կողմից Ամանորյա և Սուրբծննդյան տոների միջոցառումների կապակցությամբ տրամադրված գումարի չափը: 

AntiFake.am-ը շաբաթներ առաջ հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ ստանալու Ամանորյա ծախսերի չափը, և թե ինչի վրա են ծախսվելու այդ միջոցները։

Քաղաքապետարանի կողմից մեզ ուղղված պատասխան նամակում պատկան մարմինը մեզ է ներկայացրել ինչպես նախորդ տարիներին նախատեսված, այնպես էլ այս տարի նախատեսվող գումարի չափը՝ 2019թ. նոյեմբերի 20-ի դրությամբ, այն է՝ 2019 թվականի համար պետբյուջեի միջոցներից տրամադրվել է 271.797.000 դրամ, որին գումարվելու է 54.000.000 դրամ՝ համայնքային բյուջեից, ընդհանուր՝ 325.797.000 դրամ: 

https://backend.antifake.am/uploads/ckeditor/1575745431_Screen%20Shot%202019-12-07%20at%2022.49.09.png

Նոյեմբերի 26-ին AntiFake.am-ը կրկին հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանին՝ հայցելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե Երևանում 2018թ.-ին և 2019թ.-ին ամանորյա միջոցառումների (տեխնիկական, կազմակերպչական, զարդարանքներ, համերգներ և այլն) համար պետական և համայնքային միջոցներից ի՞նչ ծախսեր են արվել, ի՞նչ ծառայություններ են ձեռք բերվել, ո՞րքան գումար է հատկացվել մատակարար ընկերություններին։ Խնդրել  ենք տրամադրել նաև մատակարար ընկերությունների անունները և կնքված պայմանագրերը ձեռք բերված ծառայությունների վերաբերյալ:

Դեկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետարանից ստացել ենք հարցման պատասխան, որում մանրամասն ներկայացվել են 2018 թվականի ծախսերը, իսկ 2019 թվականի ծախսերի մասով Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նույն պատասխանը՝ չտրամադրելով որևէ փաստաթուղթ.

«2019թ. տոնական միջոցառումների համար նախատեսվել է 271.797.000 մլն ՀՀ դրամ՝ պետբյուջեից, որին գումարվելու է  54.000.000 մլն ՀՀ դրամ՝ համայնքային բյուջեից»:

Մեր հարցման պատասխանն ստանալուց օրեր անց՝ 2019թ. դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարել և Երևան քաղաքի 2019թ. բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել։

Արտահերթ նիստի ընթացքում նախագիծը ներկայացնելիս Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարսգայնը նշել է, որ Երևան քաղաքի 2019թ. բյուջեի նպատակային հատկացումներն ավելացվում են  277.797.100 դրամով։

Ինչպես կարելի է նկատել, Հայկ Սարգսյանի արտաբերած թիվը (277.797.100 դրամ) չի համընկնում հարցման պատասխաններով մեզ տրամարդված գումարների չափերի (271.797.000 դրամ՝ պետբյուջե, 54.000.000 դրամ` համայնքային բյուջե) հետ։ Ինչը հիմք է հանդիսացել ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանը մեզ տրամադրած հարցման պատասխաններում նշած համայնքային բյուջեում փոփոխություն է արել Երևանի ավագանու արտահերթ նիստով՝ համայնքային բյուջեից հատկացված 54.000.000 դրամը դարձնելով 277.797.100 դրամ։ Ուստի՝ մենք վերահաշվարկ ենք արել, և պետբյուջեից տրամադրված գումարին ավելացնելով համայնքային բյուջեով փոփոխված գումարը, հրապարակել ենք Երևանի 2019թ. ամանորյա ընդհանուր բյուջեն։

Վերահաշվարկին զուգահեռ փորձել ենք ստույգ թիվը ճշտել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, սակայն Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի որոշումը մինչ այս պահը հրապարակված չէ։

Զանգահարել ենք նաև Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով հրաժարվել է պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե իրեն չեն ստիպում շաբաթ օրը ժամը 5-ին աշխատել։

Արդյունքում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված և Հայկ Սարգսյանի կողմից արտաբերված սխալ թվերի պատճառով ստացվել է, որ AntiFake.am-ի կողմից հրապարակված Երևանի 2019թ. ամանորյա բյուջեի ընդհանուր չափը ճշգրիտ չէ, քանի որ.

  • AntiFake.am-ի հարցումների պատասխաններով տրամադրված Երևանի 2019թ. ամանորյա բյուջեում Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի որոշմամբ փոփոխություն չի արվել։ Այսինքն՝ նոյեմբերի 20-ին մեզ տրամադրվել է Երևանի 2019թ. ամանորյա բյուջեի վերջնական չափը, որը հաստատվել է միայն դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստով։ Նկատենք նաև, որ մեր հարցումներին տրված պատասխաններում էլ մեզ տրամադրված թիվը ճշգրիտ չի եղել (հարցման պատասխանում նշված է, որ պետբյուջեից նախատեսվել է 271.797.000 դրամ, մինչդեռ պետք է լիներ 271.797.100 դրամ)

  • Երևան քաղաքի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստի ընթացքում Հայկ Սարգսյանը արտաբերել է [1:35 վրկ.] սխալ թիվ` 277.797.100 դրամ 271.797.100 դրամի փոխարեն, ինչն էլ հիմք է հանդիսացել սխալ հաշվարկի համար։

Այսպիսով՝ Երևան քաղաքի 2019թ. ամանորյա բյուջեն կազմում է 325.797.100 դրամ:

Հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը Երևանի քաղաքապետարանի անփույթ աշխատանքի պատճառով հանրությանը ոչ ստույգ տեղեկություն տրամադրելու համար։ 

 

AntiFake.am-ի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն