Fip.am-ը ապատեղեկատվություն է տարածում AntiFake.am-ի՝ Երևանի ամանորյա բյուջեի վերաբերյալ պարզաբանման մասին

article-image

Վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկը Երևան քաղաքի 2019թ. ամանորյա բյուջեն է, որի վերաբերյալ մամուլում տարբեր թվեր են հրապարակվել։

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Fip.am-ը, անդրադառնալով Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված բյուջեին և դրա վերաբերյալ տարբեր թվերի հրապարակմանը, գրել է. «Antifake.am կայքի հրապարակումից հետո, ըստ որի՝ Երևանում ամանորյա տոնական միջոցառումների համար կծախսվի 548 մլն դրամ, Երևանի քաղաքապետարանը հերքում տարածեց՝ պնդելով, որ ամանորյա բյուջեն կազմում է 3257 մլն դրամ։ Կայքը հերքումից հետո պարզաբանող նյութ հրապարակեց և հաստատեց, որ ամանորյա բյուջեն 325,797,100 դրամ է։»:

Հիշեցնենք, որ  դեռևս դեկտեմբերի 7-ին Antifake.am-ի լրագրողը Երևանի 2019թ. ամանորյա բյուջեի վերաբերյալ հրապարակում անելուց առաջ ճշգրտումներ անելու նպատակով զանգահարել էր Երևանի քաղաքապետի մամլո խոսնակին, ով ըստ էության չէր կարևորել ապատեղեկատվության հնարավոր տարածումը և ասել էր. «Եթե ձեզ ստիպում են աշխատել շաբաթ օրով, էն էլ ժամը 5-ին, իմացեք, որ ինձ չեն ստիպում, և ես որևէ հանրային կարևորություն չեմ տեսնում շաբաթ երեկոյան ձեզ պատասխանեմ, էդ հարցին»։

Նույն օրը՝ զանգից ժամեր անց, Antifake.am-ը հրապարակում էր արել, որտեղ ասվում էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից Antifake.am-ի հարցումներին տրված պատասխաններում ներկայացվել են այլ թվեր, քաղաքապետի տեղակալի կողմից ներկայացվել է այլ թիվ, իսկ Երևանի քաղաքապետարանի էջը հրապարակել է այլ թիվ, ինչը հնարավոր է, որ  հանդիսացել է շփոթմունքի պատճառ: Ուստի Antifake.am-ը տեղեկացնում էր, որ եթե Երևանի քաղաքապետարանի անպատասխանատու, թերի և փնթի աշխատանքի պատճառով հանրությանը ներկայացվել են ոչ ճշգրիտ թվեր, ապա պաշտոնական փաստաթղթերով դրանք ստուգելուն պես կհրապարակվեն ստույգ թվերը։

Որոշ ճշգրտումներ անելուց հետո Antifake.am-ը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 10:40-ին «Պարզաբանում Երևանի 2019թ. ամանորյա բյուջեի վերաբերյալ. ամանորյա բյուջեն 325.797.100 դրամ է» վերնագրով հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի 2019թ. ամանորյա բյուջեն կազմում է 325.797.100 դրամ և հայցել ընթերցողների ներողամտությունը Երևանի քաղաքապետարանի անփույթ աշխատանքի պատճառով հանրությանը ոչ ստույգ տեղեկություն տրամադրելու համար։

Antifake.am-ի  պարզաբանումից մոտ 5 ժամ անց միայն՝ ժամը 16։18-ին, Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել 2019թ. Ամանորյա և Սուրբծննդյան տոների 325 մլն դրամ կազմող բյուջեին։

Ուստի Fip.am-ի հրապարակումն այն մասին, որ AntiFake.am-ը Երևանի քաղաքապետարանի հերքումից հետո է պարզաբանող նյութ հրապարակել և հաստատել, որ ամանորյա բյուջեն 325,797,100 դրամ է, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ինչպես AntiFake.am-ը հայտնել է իր նախորդ հրապարակումներում, առայժմ հասանելի է AntiFake.am կայքի բետա (նախնական, ոչ վերջնական) տարբերակը։ Ուստի կայքում առկա է ամիս/ամսաթվերի և ժամերի տեխնիկական խնդիր (կայքի բոլոր հրապարակումների ամսաթվերը համապատասխանում են այն ժամին, որ ժամին ընթերցողը մուտք է գործում կայք)։ Եթե Fip.am-ի լրագրողը AntiFake.amպարզաբանման մասին հրապարակում պատրաստելիս հիմք է ընդունել կայքում առկա ամիս/ամսաթիվը և հոդվածի հրապարակման ժամը, ապա փաստենք, որ փաստերը ստուգելիս թերացել է, քանի որ նախ կնկատեր, որ կայքում առկա բոլոր հրապարակումները նույն ամիս/ամսաթվով ու ժամով են, ապա AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջում կգտներ AntiFake.am-ի՝ վաղ առավոտյան տեղադրված պարզաբանումը։

Հետևաբար Fip.am-ին կոչ ենք անում փաստերը ստուգել և հրապարակել դրանք բազմակողմանի ուսումնասիրությունից հետո և զերծ մնալ AntiFake.am-ի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումից:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն