Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով. ՄԻՊ

article-image

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Արդյունքում, ստացվել է այնպես, որ Սյունքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է:

Պաշտպանին խնդրի առնչությամբ անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Մեղրի համայնքի ղեկավարը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությունն այդ ահազանգերը ստացել է Մեղրի համայնք 2021թ. հունվար ամսին կատարած այցի ընթացքում:

Հարցն այն է, որ Մեղրի համայնքի բնակավայրերի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: «Զվարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3,500մ. բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից ու հետո միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրի համայնքի նշված բնակավայրերի համար: Առանց դրա «Մեղրի» գետն ապահովում է միայն յուրաքանչյուր տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը ու հետո «Մեղրի» դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն առհասարակ ցամաքում է: Այս կերպ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին:

Բնակիչները և Մեղրի համայնքի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում են վտակի հունը դեպի Նախիջևան:

Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի այս դիտավորյալ գործողությունների արդյունքում լուրջ խնդիրներ են առաջ գալիս յուրաքանչյուր տարի օգոստոս ամսից սկսած Մեղրի և Ագարակ քաղաքների, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերի բնակիչների համար՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ:

Ընդ որում, այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից:

Ադրբեջանական զինված ուժերի ու որ նույնն է՝ իշխանության մարմինների այս արարքներով կոպտորեն խախտվում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարևորություն ունեցող, այն է՝ ջրի իրավունքը:

Ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքն ունենալու բավարար և շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի և այլն) համար: Ընդ որում, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների հիմքում:

Այս իրավունքն այնքան հիմնարար է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի և սանիտացիայի իրավունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշվի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակությունը մարդու զարգացման ու կյանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս իրավունքը բնորոշել է՝ որպես հազարամյակի զարգացման նպատակ:

Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաև «Անդրսահմանային ջրաահոսքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են Հայաստանի բնակիչների միջազգայնորեն բացարձակ երաշխավորված խմելու և ոռոգման ջրի իրավունքը ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար լրջորեն խախտելու առնչությամբ վերլուծություններն ու գնահատականները, որոնք կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն