Ալիևների House of Cards. Ադրբեջանի նախագահի նոր աշխատակազմը. Ինֆոգրաֆիկա. Ditord.am

article-image

«Ditord.am»-ը գրում է․

«2019 թվականին Ադրբեջանի ներքաղաքական դաշտում լուրջ վերադասավորումներ եղան. փոխվեց վարչապետը, ինչպես նաև ՆԳՆ և պետանվտանգության վաղեմի ղեկավարները, խորհրդարանը ցրվեց, 2020թ․ փետրվարի 9-ին նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Փոփոխություններից չխուսափեց նաև նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը, որն ըստ էության ամենաազդեցիկ պետական մարմինն է երկրում։

Փորձել ենք հասկանալ, թե ով շահեց այս փոփոխություններից։

Վերադասավորումների հայտարարված նպատակն էր երկրում «բարեփոխումներ իրականացնելը»։ Իրականում խաղից դուրս է բերվում Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի «հին գվարդիան», այսպես կոչված «նախիջևանյան կլանի» արդեն մեծահասակ ներկայացուցիչները։

Նորանշանակ պաշտոնյաների թվում, հատկապես ավելի ծանրակշիռ պաշտոններում, հայտնվեցին Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի՝ «Փաշաևների կլանի» ներկայացուցիչներ։ ինչը խոսակցություններ առաջացրեց, որ Իլհամ Ալիևը պատրաստվում է իշխանությունը ժառանգել իր տիկնոջը։ Ալիևի աշխատակազմի ներկա 23 պաշտոնյայից առնվազն 9-ը ևս «Փաշաևների կլանի» ներկայացուցիչներ են։

Հոկտեմբերի 23-ին աշխատանքից ազատվեց դեռ Հ․ Ալիևի տարիներից (26 տարի) նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռամիզ Մեհդիևը: Մեհդիևն Ադրբեջանում հայտնի է նաև որպես «գորշ կարդինալ»: 81-ամյա Մեհդիևին տրվեց «Հեյդար Ալիևի» շքանշան: Բացի այդ՝ Մեհդիևը նշանակվեց Գիտությունների ակադեմիայի նախագահ ու ստացավ «հատուկ տեղ Ազգային անվտանգության խորհրդի կազմում», ինչը կարելի է դիտարկել որպես «պատվավոր թոշակ»։

Նոյեմբերի 1-ին աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետկոմիտեի նախագահ Սամիր Նուրիևը (Samir Nuriyev)՝ «Փաշաևների կլանից»։

Նոյեմբերի 29-ին Ալիևի հրամանագրով աշխատակազմի գործող կառուցվածքը փոխվեց, մի քանի ստորաբաժանում լուծարվեց, մի քանիսը միացան իրար, ստեղծվեցին նաև նորերը։

Ուշագրավ է, որ աշխատանքից ազատվեց նաև Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական, պետական (այդ թվում նաև՝ հակահայկական) քարոզչության ճարտարապետ Ալի Հասանովը (Əli Həsənov)։

Ադրբեջանի ընդդիմադիր աղբյուրները նշում են, որ Հասանովին են պատկանում մի շարք լրատվակայքեր, որոնք շուտով կփակվեն (ըստ ընդդիմադիր լրագրող Հեբիբ Աբդուլլաևի՝ դրանցից է օրինակ Aznews.az լրատվակայքը)։ Ալի Հասանովի հեռացմամբ աշխատակազմի այդ պաշտոնը վերացվեց։

Վերացան նաև նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտության ու պլանավորման վարչության պետի և նախագահի քարտուղարության ղեկավարի պաշտոնները։ Նոր ստեղծվել է, օրինակ՝ ՀԿ–ների հետ աշխատանքի և հաղորդակցության վարչությունը։

«Փաշաևների կլանի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Հ․ Ալիևի անվ․ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, այժմ Հ․ Ալիևի անվ․ կենտրոնի տնօրեն Անար Ալաքբերովը (Anar Ələkbərov) նշանակվեց նախագահի օգնական։ Նա հարկերի նախարարի տեղակալ Սահիբ Ալաքբերովի որդին է։ Ալաքբերովները նույնպես հայտնի են որպես «Փաշաևների կլանի» անդամներ։

Ռազմական հարցերի վարչության պետ նշանակվեց արդարադատության նախարարի նախկին տեղակալ Մահարամ Ալիևը։ Նույն օրը նրան տրվեց նաև գեներալ-գնդապետի աստիճան։ Ըստ Հեբիբ Աբդուլլաևի՝ Մահարամը ևս կապեր ունի «Փաշաևների կլանի» հետ։ Մահարամը նաև Իլհամ Ալիևի խնամու խնամին է։

Ըստ Աբդուլլաևի՝ «Փաշաևների կլանի» հետ է կապվում նաև նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը (Hikmət Hacıyev)։ Հայ լրագրողների այցն Ադրբեջան հենց նա էր համակարգում։

Հեյդար Ալիևի «հին գվարդիայից» իր դիրքերը պահպանել է Ալիևների խնամի Բայլար Էյյուբովը, որը Ադրբեջանի Պետական պաշտպանության հատուկ ծառայության (ՊՊՀԾ, որն ըստ էության նախագահական գվարդիան է) պետի տեղակալը, նախագահի անվտանգության ծառայության պետն է։ Իլհամ Ալիևի աշխատակազմից նոր երեք աշխատակիցներից առնվազն երեքին կարելի է դիտարկել որպես Էյյուբովի մարդիկ։ Հին աշխատակիցներից ևս մեկը՝ նախագահի վաղեմի օգնական Ջամիլա Աբբասովան, ում մասին քիչ տվյալներ կան, կարող է կապ ունենալ Էյյուբովի հետ, քանի որ նրա ամուսինը ՊՊՀԾ փոխգնդապետ է։

Հետաքրքիր է, որ աշխատակազմում իր պաշտոնին է մնացել տարածքային կառավարման հարցերով վարչության պետ Զեյնալ Նաղդալիևը, որը Ռամիզ Մեհդիևի կլանի ներկայացուցիչ է, թեպետ Մեհդիևի հեռանալուց հետո չենք կարող ասել, որ շարունակում է «հավատարիմ մնալ» նրան։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում կան նաև պաշտոնյաներ, որոնք վերանշանակվել են իրենց պաշտոններում, այդ թվում՝ 15-16 տարի նույն պաշտոնը զբաղեցնողներ։ Հավանական է, որ նրանց թվում էլ լինեն «Փաշաևների», «Էյյուբովների» և այլ տարբեր կլանների ներկայացուցիչներ։

Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի ապարատի ղեկավարի պաշտոնին էլ վերանշանակվել է Ալթայ Հասանովը (Altay Həsənov), որը «համատեղության կարգով» Մեհրիբան Ալիևայի մորաքրոջ որդին է:

Հետևյալ ինֆոգրաֆիկայով փորձել ենք ներկայացնել Իլհամ Ալիևի նոր աշխատակազմը՝ կարճ մանրամասնելով նրանց մասին տվյալները։ Մանրամասները հավաքել ենք բաց աղբյուրների ուսումնասիրությունից, օգտվել ենք նաև ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության լրագրող Հեբիբ Աբդուլլաևի տվյալներից։

Անձանց մասին մանրամասները տեսնելու համար մկնիկի ցուցիչը պահեք նրանց նկարների վրա, եթե հեռախոսով եք, ապա՝ սեղմեք նկարների վրա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն