
Դեկտեմբերի 8-ին ժամը 15:17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը (Ֆեյսբուքյան օգտահաշիվ՝ Հովսեփ ԿուբաՏյան) ֆեյսբուքյան գրառում է արել AntiFake.am-ի վերաբերյալ, որում տեղ են գտել զրպարտություն պարունակող արտահայտություններ։
«Ամանորի բյուջեն 325 մլն դրամ է կամ ստի տարածման մեխանիկան» վերտառությամբ գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Երիտհանրապետականներին պատկանող մի կայք՝ օգտվելով այն փաստից, որ քաղաքապետի տեղակալը՝ ներկայացնելով Ամանորի բյուջեն՝ իր բանավոր խոսքում 271 մլն-ի փոխարեն նշել է 277 մլն թիվը, վերցրել է 271 մլն-ին գումարել են 277 մլն, ստացել են 548 մլն թիվը և հրապարակել է որպես 2020 ամանորյա բյուջե։ … Ի դեպ, նույնիսկ այդ երիտհանրապետականներին պատկանող կայքն է հետագայում ընդունել, որ սխալ թիվ է հրապարակել»։
Իոսիֆ Կուբատյանի 2 անգամ արված արտահայտությունը՝ «երիտհանրապետականներին պատկանող մի կայք»-ը` AntiFake.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կապելը զրպարտություն է և չի համապատասխանում իրականությանը։
AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման հարթակը հիմնադրվել է «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ների կողմից, հետևաբար՝ AntiFake.am-ը պատկանում է նշված կազմակերպություններին և ղեկավարվում է նշված կազմակերպությունների ղեկավար կազմի կողմից։ AntiFake.am-ն իր հերթին ունի իր աշխատակազմը։ Կազմակերպությունները, ինչպես նաև ղեկավար կազմը և AntiFake.am-ի աշխատակազմը որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետական կուսակցության կամ դրա երիտասարդական միության հետ։ Նշված հասարակական կազմակերպութուններն ու լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտն առհասարակ որևէ առնչություն չունեն որևէ քաղաքական ուժի հետ, և Երևանի քաղաքապետարանի աշխատակցի կողմից այդպիսի արտահայտությունները խոսում են նրա՝ հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրության թերի իմացության, ինչպես նաև AntiFake.am-ին վարկաբեկելու դիտավորության մասին։
Հետևաբար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջով զրպարտություն է կատարել AntiFake.am-ի վերաբերյալ և տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի կապակցությամբ AntiFake.am-ը պատրաստվում է հերքում պահանջել և դատական հայց ներկայացնել ընդդեմ քաղաքապետարանի աշխատակցի։
Ինչ վերաբերվում է Իոսիֆ Կուբատյանի կողմից արված այն պնդմանը, թե «կայքը հետագայում ընդունել է, որ սխալ թիվ է հրապարակել», ևս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել քաղաքապետարանի աշխատակցին, որ ծախսերի սխալ հաշվարկը պայմանավորված է եղել հենց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքով. AntiFake.am-ին հարցմանն ի պատասխան` առանց համապատասխան փաստաթղթերի, տրամադրվել է մի թիվ, քաղաքապետի տեղակալը հրապարակել է այլ թիվ, իսկ քաղաքապետի մամլո խոսնակը AntiFake.am-ի հետ զրույցում հրաժարվել է պատասխանել հստակեցնող և ճշգրտող հարցերին՝ նշելով. «Եթե ձեզ ստիպում են աշխատել շաբաթ օրով, էն էլ ժամը 5-ին, իմացեք, որ ինձ չեն ստիպում, և ես որևէ հանրային կարևորություն չեմ տեսնում շաբաթ երեկոյան ձեզ պատասխանեմ, էդ հարցին»։
Կոչ ենք անում Իոսիֆ Կուբատյանին զերծ մնալ զրպարտություն կատարելուց, AntiFake.am-ի գործարար համբավն արատավորելուց և չտարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և պահանջում ենք մինչև 2019թ. դեկտեմբերի 12-ը, ժամը 23:59-ը իր անձնական ֆեյսբուքյան էջում հրապարակային (public) հերքել զրպարտություն պարունակող արտահայտությունները հետևյալ բովանդակությամբ.
«AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման հարթակի վերաբերյալ տարածել եմ ապատեղեկատվություն, ինչն այս գրառմամբ հերքում եմ։
Սույն թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 15:17-ին իմ ֆեյսբուքյան էջում գրառում եմ կատարել AntiFake.am-ի վերաբերյալ և գրառման մեջ երկու անգամ AntiFake.am-ին անվանել եմ «երիտհանրապետականներին պատկանող մի կայք»։
Այս գրառմամբ հայտնում եմ, որ նախորդ գրառումս ապատեղեկատվություն է, և AntiFake.am-ը որևէ առնչություն չունի ո՛չ Հայաստանի Հանրապետական կուսակցության, ո՛չ դրա երիտասարդական միության, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական ուժի հետ։
AntiFake.am-ը հիմնադրվել է «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ների կողմից, ղեկավարվում է նշված կազմակերպությունների ղեկավարների և լրատվականի աշխատակազմի կողմից»։
AntiFake.am-ի խմբագրությունը կսպասի պահանջվող հերքման բովանդակության հրապարակմանը, ապա կձեռնարկի անհրաժեշտ իրավական քայլեր լրատվականի գործարար համբավի դեմ կատարված ոտնձգության ուղղությամբ։
Հոդվածի ռուսերեն տարբերակը:
AntiFake.am-ի խմբագրություն