AntiFake.am-ը սույն թվականի նոյեմբերի 6-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Նոյեմբերի 13-ին ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և հայցել են տեղեկությունների տրամադրման 30-օրյա ժամկետ։
Դեկտեմբերի 11-ի դրությամբ ՊՈԱԿ-ը դեռևս չի տրամադրել AntiFake.am-ի՝ նոյեմբերի 6-ի հարցման պատասխանը։
► AntiFake.am-ը դիմելու է դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
► ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից օրենք խախտելը սովորական երևույթ է դարձել
► ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը օրենք է խախտում
Այսօր AntiFake.am-ի լրագրողի հետ զրույցում ՊՈԱԿ-ի աշխատակիցը նշել է, որ իրենք դեռ ունեն մի քանի օր ժամանակ։ Լրագրողի այն պնդմանը, որ օրենքով նախատեսված ժամկետը լրացել է դեռևս դեկտեմբերի 6-ին, աշխատակիցը նշել է, որ կկարողանան պատասխանել մի քանի օրվա ընթացքում, իսկ լրագրողի այն պնդմանը, որ մի քանի օրվա ընթացքում պատասխանելը կհամարվի օրենքի խախտում, աշխատակիցը պատասխանել է, որ այդ մասով կխորհրդակցի իրենց իրավաբանի հետ։
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը խախտում է հարցումներին պատասխանելու՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները՝ այդպիսով խախտելով նաև անձի՝ տեղեկություն փնտրելու և ստանալու սահմանադրական իրավունքը։
Կոչ ենք անում Վարչապետի աշխատակազմին կից ՊՈԱԿ-ին օրենքով սահմանված պարտականություններն իրականացնել պատշաճ կերպով՝ չխոչընդոտելով ինչպես անձի՝ տեղեկություններ փնտրելու և ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը, այնպես էլ լրատավական գործունեություն իրականացնող սուբյեկտի գործունեությունը։