Նիկոլ Փաշինյանը Նար-Դոսի պատմվածքը վերագրել է Թումանյանին, իսկ վերնագիրը սխալ է մեջբերել

article-image

Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերել է մի պատմվածքի վերնագիր և այն վերագրել Հովհաննես Թումանյանին, մինչդեռ ստեղծագործության հեղինակը Նար-Դոսն է։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, խոսելով բռնության մասին, նշեց. «Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,- ասաց նա և հավելեց, որ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի: «Անկախ որևէ կոնվեցիայից` ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»:

«Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է»,- հարցրեց նա, և նշեց, որ Հովհաննես Թումանյանը հայտնի պատմվածք ունի. «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Նա պատմեց, թե մուշտիի արդյունքում օբյեկտը մահացել էր, քանի որ ընտանիքում առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել և մուշտի էր ստացել:

Սակայն պետք է նշել, որ «Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքի հեղինակը ոչ թե Հովհաննես Թումանյանն է, այլ Նար-Դոսը:

«Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» Նար-Դոսի «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարից է: Այն մի ողբերգական պատմվածք է դրոգապան Յագորի, նրա կիսախելագար մոր ու իրավազուրկ կնոջ մասին:

Փաստորեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չգիտի, թե ով է այս պատմվածքի հեղինակը, այլ նաև սխալվում է վերնագրում՝ ասելով. «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Մինչդեռ պատմվածքի վերնագրի ճիշտ տարբերակն է՝«Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»:

Այսօր` դեկտեմբերի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել` անդրադառնալով երեկ կառավարության նիստում հնչեցրած իր հայտարարությանը:

«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատվածքը Թումանյանին վերագրելու համար:»

Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես չի տիրապետում Հայոց պատմությանը, այնպես էլ` Հայ գրականությանը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը: 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն