Ի՞նչ կոռուպցիոն մեխանիզմ է աշխատել 2018թ. ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամի հետ կապված

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ տեղեկություններ հայցելով 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամ արված վճարների վերաբերյալ, որի պատասխանը մի շարք ուշագրավ հանգամանքներ բացահայտեց և մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելու անհրաժեշտություն առաջացրեց։

Հարցման պատախանից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք առերևույթ կոռուպցիա կամ ռեկետ պարունակող դրսևորումների հետ, որը տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի կողմից ընտրություններին ընդառաջ, ինչպես օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուների կողմից միևնույն օրը, մինևնույն չափով խոշոր գումարների փոխանցումը նախընտրական հիմնադրամին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից 4 անգամ խոշոր չափերի փոխանցումները հիմնադրամին։ Ուսումնասիրությունները ավելի հիմնավորեցին առկա ենթադրությունները, որոնք փաստերով ներկայացնում ենք ստորև։

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին փոխանցումներ են կատարել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված 116 թեկնածուներ, ընդհանուր՝ 168.106.701 ՀՀ դրամի չափով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոխանցումներ է կատարել 4 անգամ, ընդհանուր՝ 100.000.000 ՀՀ դրամի չափով։ Ֆիզիկական անձանց կողմից փոխանցումների քանակը եղել է 20, ընդհանուր՝ 6.586.000 ՀՀ դրամի չափով։ Եվս երկու փոխանցում կատարվել է իրավաբանական անձանց կողմից՝ 750.000 ՀՀ դրամի չափով, որը սակայն փոխանցվել է պետական բյուջե, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է իրավաբանական անձանց փոխանցումներ կատարել նախընտրական հիմնադրամներին։

Ընդհանուր՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 274.791.461 ՀՀ դրամ։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուները խոշոր չափերի` 1-5 միլիոն դրամներ են փոխանցել հիմնադրամին այն պարագայում, երբ նրանցից շատերի կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրում և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան և պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում հայտարարագրել են ավելի քիչ գումարներ։ 5 միլիոն դրամներ փոխանցել են 11 թեկնածուներ։ 2-5 միլիոնական դրամներ փոխանցած թեկնածուներն են՝

Թեկնածուի

անունը, ազգանունը

Հիմնադրամ մուծված

գումարի չափը (ՀՀ դրամ)

Էդուարդ Աղաջանյան

5,000,000.00

Լենա Նազարյան

5,000,000.00

Վահագն Թևոսյան

5,000,000.00

Հայկ Գևորգյան

5,000,000.00

Հովհաննես Իգիթյան

5,000,000.00

Անուշ Բեղլոյան

5,000,000.00

Գոհար Մամիկոնյան

5,000,000.00

Անդրանիկ Քոչարյան

5,000,000.00

Դավիթ Սանասարյան

5,000,000.00

Արարատ Միրզոյան

5,000,000.00

Սիփան Փաշինյան

5,000,000.00

 

Արայիկ Հարությունյան

4,850,000.00

Ֆելիքս Ցոլակյան

4,780,000.00

Ալեն Սիմոնյան

4,725,000.00

Սարգիս Խանդանյան

4,600,000.00

 

Տիգրան Ավինյան

3,975,000.00

Աննա Կարապետյան

3,800,000.00

Հակոբ Սիմիդյան

3,605,000.00

Արթուր Դավթյան

3,500,000.00

Արսեն Թորոսյան

3,267,000.00

Արամ Խաչատրյան

3,112,000.00

 

Կարեն Սարուխանյան

2,921,000.00

Նազելի Բաղդասարյան

2,880,000.00

Արտաշես Պետրոսյան

2,765,000.00

Վահագն Հովակիմյան

2,720,000.00

Սուրեն Պապիկյան

2,705,000.00

Արմեն Փամբուխչյան

2,654,800.00

Նիկոլայ Բաղդասարյան

2, 524,000.00

Նարեկ Զեյնալյան

2,470,000.00

Արփինե Դավոյան

2,301,750.00

Մեսրոպ Պապիկյան

2,291,600.00

Վարազդատ Կարապետյան

2,220,000.00


«Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամ կատարված փոխանցումների և հայտարարագրերի հարաբերակցությունը

Դավիթ Սանասարյանը նախընտրական հիմնադրամ փոխանցել է 5,000,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 800,000 դրամ, իսկ 1 տարվա եկամուտները կազմել են ընդամենը 4,148,130 դրամ։ 2018թ. տարեկան հայտարարագրի համաձայն էլ՝ Սանասարյանի դրամական միջոցները  2018թ. սկզբում կազմել են 0 դրամ, իսկ տարվա վերջում՝ 917,530 դրամ։ Իսկ 2018թ. եկամուտները կազմել են 6,172,630 դրամ։ Ինչպես տեսնում ենք Սանասարյանի 5,000,000 դրամի փոխանցումը գերազանցում է վերջինիս  2017-2018 թթ. ստացած եկամուտներից։

Անդրանիկ Քոչարյանը նախընտրական հիմնադրամին մուծել է 5,000,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ընդամենը 3,000,000 դրամ, իսկ 1 տարվա ընթացքում եկամուտները կազմել են 0 դրամ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ էլ (14.01.2019թ.) Քոչարյանի դրամական միջոցները կազմել են 5,000,000 դրամ։ Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը 11.2017-11.2018 ժամանակահատվածում չի աշխատել, եկամուտ չի ստացել, ունեցել է 3,000,000 դրամ, սակայն 2018թ. դեկտեմբերի 10-ին նախընտրական հիմնադրամին փոխանցել է 5,000,000 դրամ, իսկ 2019թ. սկզբում ունեցել է 5,000,000 դրամ: Թե ինչ աղբյուրներից է նախընտրական հիմնադրամին խոշոր փոխանցում արել և ինչ աղբյուրներից է 2019թ. սկզին կուտակել ևս 5,000,000  դրամ, հասկանալի չէ։

Սիփան Փաշինյանը նախընտրական հիմնադրամ մուծել է 5,000,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրում եկամուտները կազմել են 1,969,650 դրամ, իսկ դրամական միջոցներ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված չեն։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ էլ Սիփան Փաշինյանը հայտարարագրել է 1,484,742 դրամ, 400 դոլար և 4 եվրո։

Նկատենք, որ Սիփան Փաշինյանը բազմիցս նշել է իր ֆինանսական «վատ վիճակի» մասին։ Դրա վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, ով պատմում է, թե ինչպես է Սիփան Փաշինյանը Տարածքային կառավարման նախարարությունում աշխատելուն զուգահեռ աշխատել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում և թե ինչպես է գիշերը «մարշրուտկայով» գնացել օրաթերթի խմբագրություն։

«Մեդիամաքս»-ի հետ զրույցում էլ Սիփան Փաշինյանը նշել է, որ ստիպված է երկու տեղ աշխատել, որպեսզի ֆինանսական խնդիրները լուծի։

Ռուբեն Ռուբինյանը նախընտրական հիմնադրամին մուծել է 1,369,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 400,000  դրամ, իսկ 1 տարվա կտրվածքով ստացած եկամուտները կազմել են 2,273,652 դրամ։ Ռուբեն Ռուբինյանի դրամական միջոցներն ըստ 2018թ. տարեկան հայտարարագրի՝ հարկային տարվա սկզբում կազմել են 532,000 դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 1,355,000 դրամ։ Իսկ 2018թ. եկամուտները կազմել են 3,863,059 դրամ։

Ալեն Սիմոնյանը նախընտրական հիմնադրամին մուծել է 4,725,000 դրամ, դրամական միջոցները թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 2,560,000 դրամ և 18,500 դոլար։ Իսկ 1 տարվա կտրվածքով ստացած աշխատավարձը կազմել է 3,538,850 դրամ, բացի այդ, Սիմոնյանը 14,000,000 դրամի փոխառություն է վերցրել։

Հրաչյա Հակոբյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 1,363,000 դրամ, թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրում Հակոբյանը հայտարարագրել է 2,800,000  դրամի եկամուտ, սակայն հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չեն հայտարարագրվել։

Հայկ Գևորգյանը նախըտրական հիմնադրամին փոխանցել է 5,000,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1,000,000 դրամ, իսկ եկամուտները 1 տարվա կտրվածքով կազմել են 6,639,878 դրան, որից 5,700,000  դրամը՝ փոխառություն։

Վահագն Թևոսյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 5,000,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 1,000,000  դրամ, իսկ եկամուտները 1 տարվա կտրվածքով՝ 24,105,120 դրամ, որից 10,000,000 դրամը՝ փոխառություն։ Իսկ պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վահագն Թևոսյանը ոչ եկամուտներ, ոչ էլ դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Գոհար Մամիկոնյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 5,000,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 155,000 դրամ։ Իսկ եկամուտները 1 տարվա կտրվածքով կազմել են 3,071,000 դրամ։

Լենա Նազարյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 5,000,000  դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 500,000  դրամ, իսկ 1 տարվա կտրվածքով եկամուտները կազմել են 5,544,000 դրամ։ Բացի դա, 2018թ. տարեկան հայտարագրում Լենա Նազարյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և ավարտին կազմել են 1,000,000  դրամ, իսկ 2018թ. եկամուտները՝  6,537,640 դրամ։

Սարգիս Խանդանյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 4,600,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 2,800,000  դրամ, իսկ եկամուտները 11.2017-11.2018 ժամանակահատվածի համար կազմել են 9,385,000 դրամ։

Արմեն Փամբուխչյանը նախընտրական հիմնադրամ է փոխանցել 2,654,800 դրամ։ Սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1,600,000 դրամ։

Արգիշտի Մեխակյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 1,804,000 դրամ։ Սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 200,000 դրամ, 150 դոլար և 60,000 ռուբլի։ Իսկ 2017-2018թթ. եկամուտները կազմել են 5,878,215 դրամ։

Արմեն Խաչատրյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 634,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 500,000 դրամ։

Արեն Մկրտչյանը նախընտրական հիմնադրամին մուծել է 1,951,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1,450,000 դրամ, իսկ  1 տարվա կտրվածքով եկամուտները կազմել են 4,708,392 դրամ աշխատավարձ, ևս 340,000 դրամ և 270,000 դրամ փոխառություն տարբեր բանկերից։ Արեն Մկրտչյանի տարեկան հայտարարագրում նշված է, որ հարկային տարվա սկզբում ունեցել է 0 դրամ, իսկ հարկային տարվա վերջում 1,900,000 դրամ և 1,640 դոլար։ Իսկ աշխատանքի վարձատրությունը ըստ տարեկան հայտարարագրի կազմել է 6,389,488 դրամ։

Կարեն Սարուխանյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 2,921,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1,500,000 դրամ։ 1 տարվա կտրվածքով աշխատավարձը կազմել է 2,815,391 դրամ: 7,000,000 դրամի էլ Սարուխանյանը փոխառություն է վերցրել։ Իսկ 2018թ. տարեկան հայտարարգրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում Սարուխանյանն ունեցել է 1,500,000  դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 1,860,000 դրամ։ Իսկ եկամուտները հարկային տարվա ընթացքում կազմել են 3,821,117 դրամ։ Սարուխանյանը նաև 8,860,000 դրամի փոխառություն է վերցրել տարբեր բանկերից։

Արայիկ Հարությունյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 4,850,000 դրամ, սակայն դրամական միջոցները թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 490,000 դրամ, իսկ 11.2017-11.2018թթ. եկամուտները՝ 4,563,646 դրամ։ Իսկ 2018թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 230,000 դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 1,431,633 դրամ, իսկ 2018թ. եկամուտները՝ 7,716,582 դրամ, որից 1,668,196 դրամը՝ վարկ։

Ռոմանոս Պետրոսյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 700,000 դրամ, սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 450,000  դրամ, իսկ 11.2017-11.2018 ժամանակահատվածի եկամուտները կազմել են 3,166,930 դրամ։

Սիսակ Գաբրիելյանը նախընտրական հիմնադրամին փոխանցել է 576,000 դրամ։ Սակայն թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 500,000 դրամ, իսկ եկամուտները 1 տարվա կտրվածքով կազմել են 5,453,000 դրամ։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցները կազմել են 150,000  դրամ։

Ինչպես նկատում ենք, ներկայացված անձանցից շատերը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել են զգալիորեն ավելի քիչ գումար, քան ընտրություններին ընդառաջ փոխանցել են նախընտրական հիմնադրամին։ Բացի այդ, շատերի եկամուտներն էլ զգալիորեն քիչ են 2,000,000-5,000,000 դրամ նախընտրական հիմնադրամին փոխանցելու համար, քանի որ դա որոշ անձանց դեպքում գերազանցում է անգամ նրանց 1 տարվա եկամուտներին։ Իսկ 2018թ. հարկային տարվա սկզբում և ավարտին ունեցած դրամական միջոցների հարաբերակցությունը ցույց է տալիս, որ մեծամասնության դեպքում այդ հարաբերակցության մեջ չի արտացոլվել 2-5 միլիոն դրամների շարժը։

Ուստի, որոշ պաշտոնյաների դեպքում անհասնակալի է մնում, թե ի՞նչ աղբյուներից են գոյացել այդ խոշոր գումարները, եթե արտացոլված չեն հայտարարագրերում։


Փոխանցումների կասկածելի ժամանակագրություն

Բացի նախընտրական հիմնադրամ արված փոխանցումների գումարների չափերի և հայտարարագրված գումաների անհամապատասխանությունից, ԿԸՀ-ի կողմից տրամադրված ցուցակում առկա է նաև հետաքրքիր պատկեր կապված փոխանցումների ժամանակագրության հետ։

Հետաքրքիր զուգադիպությամբ 5 միլիոն դրամների մեծ մասը փոխանցվել է ընտրություններից 1 օր անց՝ դեկտեմբերի 10-ին  Հայկ Գևորգյանի, Վահագն Թևոսյանի, Լենա Նազարյանի, Էդուարդ Աղաջանյանի, Անդրանիկ Քոչարյանի կողմից։ Դեկտեմբերի 10-ին խոշոր գումարներ են փոխանցվել նաև Արթուր Դավթյանի կողմից՝ 3,500,000 դրամ և Սարգիս Խանդանյանի կողմից՝ 4,600,000 դրամ։ Սա ի չիք է դարձնում իմքայլական պատգամավորների և իշխանամերձ քարոզիչների ջանքերն առ այն, թե այս խոշոր գումարները փոխանցվել են նախընտրական դրամահավաքի ժամանակ, քանի որ դրամահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, մինչդեռ այս խոշոր փոխանցումներն արվել են դեկտեմբերի 10-ին։ 

Բացի այդ, քիչ չեն այն դեպքերը, երբ միևնույն անձի կողմից նույն օրը փոխանցումներ են արվել մի քանի անգամ։ Օրինակ՝ Ֆելիքս Ցոլակյանի կողմից 28.11.2018թ.-ին փոխանցում է արվել 3 անգամ, յուրաքանչյուր անգամ 400,000-ական դրամներ, ևս 2 փոխանցում արվել է 07.12.2018թ.՝ 340,000-ական դրամներ։

Վիկտոր Ենգիբարյանի կողմից  3.12.2018թ.-ին արվել է 3 փոխանցում՝ 210,000 դրամ և 450,000-ական դրամներ։

Սուրեն Պապիկյանը 6.12.2018թ.-ին 3 փոխանցում է կատարել հիմնադրամին՝ 2 անգամ 500,000-ական դրամ և 400,000 դրամ։ Եվս 2 փոխանցում արվել է 7.12.2018թ.-ին՝ համապատասխանաբար՝ 500,000 և 100,000 դրամ։ 2 փոխանցում էլ արվել է 10.12.2018թ.-ին՝ 305,000 և 400,000 դրամ։

Գարիկ Սարգսյանը 2 փոխանցում է արել 6.12.2018թ.-ին՝ 500,000 և 240,000 դրամ։

Սոֆյա Հովսեփյանը 3 անգամ փոխանցում է արել, որոնցից 2-ը միևնույն օրը՝ 8.12.2018թ., յուրաքանչյուր անգամ 399,000 դրամի չափով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամին 100 միլիոն դրամ փոխանցելու առեղծվածը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 4 անգամ խոշոր գումարներ է փոխանցել նախընտրական հիմնադրամին.

N

Ամսաթիվ

Մուծված գումարի չափը (ՀՀ դրամ)

1.

27.11.2018թ.

20,000,000.00

2.

30.11.2018թ.

20,000,000.00

3.

06.12.2018թ.

15,000,000.00

4.

07.12.2018թ.

45,000,000.00

Ընդամենը՝

100,000,000.00

ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված 2018թ. ՀՀ ԱԺ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գույքի և եկամուտների մասին 01.08.2017թ.-01.08.2018թ. ժամանակահատվածի հայտարարագրի համաձայն՝ կուսակցության դրամական միջոցները հաշվետու ժամանակահավածում կազմել են 1.382.022 դրամ, իսկ բյուջետային ֆինանսավորումից, անդամավճարներից և նվիրատվություններից գոյացած եկամուտները կազմել են ընդամենը 6,889,322 դրամ։

Ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 100,000,000 դրամը կուտակել է 2018 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ 1 տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամավճարներն ու նվիրատվությունները կազմել են 2,032,222 դրամ, ապա կուսակցությանը ևս 45 և ավելի տարի անհրաժեշտ կլիներ այդ գումարը անդամավճարներով և նվիրատվություններով հավաքելու համար։ Հետևաբար՝ այս դեպքում ևս անհայտ է մնում, թե ինչ աղբյուներից է գոյացել կուսակցության 100,000,000 դրամը, որը փոխանցվել է նախընտրական հիմնադրամին։

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նախընտրական հիմնադրամի փոխանցումների հետ կապված աղմուկին և հավաստիացրել, որ այն փոխանցումները, որոնք կատարվել են թեկնածուների կողմից, գոյացել են նախընտրական դրամահավաքի ընթացքում։

Այսպես, «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը տեղի է ունեցել 2018թ. նոյեմբերի 25-ին, որի ընթացքում հավաքվել է 236,000,000 դրամ։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մշակած ժամանակացույցի՝ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները նախընտրական հիմնադրամ բացելու հնարավորություն են ունեցել սկսած 2018թ. նոյեմների 19-ից։ 

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին փոխանցումներ սկսել են են կատարվել նոյեմբերի 26-ից։ 

Եթե առաջնորդվենք պատգամավորի հավաստիացումով, ապա ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքը՝ հնարավորություն ունենալով բացել նախընտրական հիմնադրամ և համակիրներին հնարավորություն տալ փոխանցումները կատարել նախընտրական հիմնադրամին՝ նախընտրել է իրականացնել դրամահավաք։ Ինչու՞.

ՀՀ ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս նախընտրական հիմնադրամ փոխանցումներ կատարել հետևյալ գումարի չափով՝

1. Կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ)՝ 100,000,000 դրամ,
2. Թեկնածուներ՝ 5,000,000 դրամ,
3. Ֆիզիկական անձինք՝ 500,000 դրամ։

Նախընտրական հիմանդրամ փոխանցված գումարները թափանցիկ են և վերահսկելի Վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի կողմից, իսկ դրամահավաքով գոյացած գումարների ծագումնաբանությունը և ֆիզիկական անձնանց կողմից փոխանցված գումարների չափը՝ ոչ։ Հետևաբար՝ հնարավորություն ունենալով ֆիզիկական անձանց փոխանցումներն ապահովել նախընտրական հիմնադրամի հաշվեհամարով՝ «Իմ քայլը» դաշինքը նախընտրել է ոչ թափանցիկ, ոչ վերահսկելի տարբերակը։

Նշվածը ՀՀ օրենսդրությամբ չի առաջացնում իրավական պատասխանատվություն, սակայն միանշանակ առաջ է բերում կոռուպցիոն ռիսկեր, քանի որ նախընտրական հիմնադրամը վերահսկելու հնարավորություն ունեցող իրավասու անձանց համար անհայտ են մնում, թե ովքեր և ինչ չափի գումարներ են փոխանցել դրամահավաքի ժամանակ։

Արդո՞ք դրամահավաքի միջոցով ձևավորված գումարները, որոնք, ըստ իմքայլական պատգամավորի, մուծվել են պատգամավորների կողմից, հայտարարագրման ենթակա չեն։

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները. նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները։ 

Հետևաբար, եթե առաջնորդվենք իմքայլական պատգամավորի հավաստիացումներով, ապա պետք է արձանագրենք, որ դրամահավաքի ժամանակ կուտակված գումաները, որոնք իմքայլական թեկնածուներն իրենց անուններով փոխանցել են «Իմ քայլը» հիմնադրամին, պետք է անպայման արտացոլում ստանային 2018թ. տարեկան հայտարարագրում։ Մինչդեռ մի շարք պաշտոնյաների կողմից 2018թ. հայտարարագրերում այդ դրամական միջոցները չեն արտացոլվել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն