ԱԱԾ-ն նոր հայտարարությամբ սրբագրել է Սյունիքի մարզում լրագրողների աշխատանքը սահմանափակող աղմկահարույց հայտարարությունը

article-image

Երեկ` փետրվարի 10-ին, Ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտարարություն էր տարածել, որով նշում էր, թե «ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

Հայտարարությունը քննարկումների մեծ տեղիք տվեց: Դրան հաջորդեցին իրավապաշտպանների և հասարակական գործիչների այն նկատառումները, որ սրանով փորձ է արվում խոչընդոտել լրագրողների աշխատանքը Սյունիքում, որտեղ, ըստ երևույթին, ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իշխանությունները խուսափում են ներկայացնել հանրությանը: Երեկ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությունները դրա վկայությունն են: ԱԱԾ-ի հայտարարությունն ինքնին ապօրինի է և հակասում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումներին, քանի որ նման իրավական սահմանափակում լրագրողների համար օերնքով սահմանված չէ:

Պայմանավորված բարձրացած դժգոհություններով` ԱԱԾ սահմանապահ զորքերը դարձյալ հայտարարություն են տարածել` փորձելով «սրբագրել» մեկ օր առաջ կատարած հայտարարությունը:

«Հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով:

Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ անգամ տվյալ իրազեկման հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի, շաբաթվա ցանկացած օրվա և ցանկացած ժամի դրությամբ, ՀՀ ազգային անտվանգության ծառայության կողմից ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաև ուղեկցություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից:

Վստահաբար ընդգծելով, որ համապատասխան աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից՝ հարկ ենք համարում հորդորել զերծ մնալ անհարկի շահարկումներից»,- ասված էր հայտարարության մեջ:

Պետք է նկատել, որ արդեն նոր հայտարարությամբ ԱԱԾ-ն փորձել է սրբագրել նախորդ` որևէ քննության չդիմացող հայտարարությունը: Սակայն ԱԱԾ-ն այս պարագայում մանիպուլացնում է իր իսկ հայտարարությունը, քանի որ առաջին հայտարարությամբ ասվում էր,  լրագրողները պետք է գրավոր դիմեն և համաձայնություն դեպքում միայն` լուսաբանեն: Այսինքն՝ «փոխհամաձայնեցում» գոյություն չունի, քանի որ լուսաբանումը պետք էր համաձայնեցնել ԱԱԾ-ի հետ:

Մեկ այլ մանիպուլյացիա ևս. ԱԱԾ-ն ինքն էլ է հաստատում, որ նախորդ նկարահանումները իրականացվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ և աջակցությամբ, այդ դեպքում ո՞րն է խնդիրը այսուհետ ևս շարունակելու Սյունիքի մարզի «համապատասխան տարածքներում» լրագրողների լուսաբանման աշխատանքներին «փոխհամաձայնեցված» աջակցելը:

Աղբյուր՝ AntiFake.am​​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն