Հ1-ի հերթական խայտառակ ռեպորտաժը. այս անգամ խեղաթյուրվել են բանակցային գործընթացի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը

article-image

Փետրվարի 15-ին և 16-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը մեծ հարցազրույց էր տվել, որում խոսել է ՀՀ դիվանագիտական և քաղաքական ձախողումների, պատերազմի և կապիտուլյացիայի պատճառների մասին:

Նախագահ Սարգսյանը առաջին անգամ բաց և պարզ ձևով խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների և Կազանյան փաստաթղթի մասին:

Բնականաբար, Սերժ Սարգսյանի հարցազրույցը մեծ քննարկումների տեղիք տվեց: Արձագանքեցին և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանականները: Վերջիններս, ի դեպ, ցայտնոտնի մեջ ընկան այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը խոսեց բանակցային գործընթացում արձանագրված հաջողությունների մասին: Սերժ Սարգսյանը, մասնավորապես խոսելով Կազանյան փաստաթղթի մասին, նշել էր, որ «Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։… Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները»:

Այս և մյուս պարզաբանումները կարծես թե որոշ շրջանակներ կա՛մ սխալ են հասկանում, կա՛մ սխալ ներկայացնում:

Այս առումով հերթական «շեդևրը» ներկայացրել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հերթական թողարկման ժամանակ հրապարակված ռեպորտաժը: Ռեպորտաժը վերնագրված էր. «Սարգսյանը հաստատեց. պրոցեսը հասել էր մի կետի, որ 7 շրջանը պետք է զիջվեր` առանց կարգավիճակի երաշխիքի»: 

 


 

Ամբողջովին սխալ դատողությամբ ռեպորտաժը վերնագրած լրագրողը իր նյութը սկսում է հստակ որակմամբ. «2018-ի գարնանը ժողովրդական ճնշման տակ հեռացած Սերժ Սարգսյանը երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է. 10 տարի որպես նախագահ կառավարելուց հետո էլ վարչապետի պաշտոնում մնաց, որ կարգավորի Ղարաբաղի հարցը: Իր հրաժարականից երեք տարի, իսկ պատերազմից երեք ամիս անց առաջին անգամ բաց տեքստով երրորդ նախագահը հաստատում է. 2008-ից մինչև 18-ը, երբ ինքը գլխավոր բանակցողն էր, սեղանին դրված էր եղել Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու հարցը, ինչին հայկական կողմը համաձայնել էր»:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի ասել նման մտքեր, այլ նման իրողություն բանակցային գործընթացում, որը ներկայացրել է ՀՀ երրորդ նախագահը, չկա: 

Իսկ իրականում ՀՀ երրորդ նախագահը, խոսելով Կազանյան փաստաթղթի մասին և ներկայացնելով, թե ինչ է իրականում իրենից այն ներկայացնում, նշել է, որ խոսքը գնացել է փաթեթային փաստաթղթի մասին, իսկ Հայաստանը, ինչպես և նշված է վերևում, Արցախի համար ստանում է միջազգայնորեն երաշխավորված խոստում և Արցախի միջանկյալ կարգավիճակ` «այսօրվա իրողություն պլյուս»` ստանալով անվտանգության 7 երաշխիք:

«Լուրեր»-ի ռեպորտաժում մեջբերվում է նաև 2016 թվականի նոյեմբերին Դմիտրի Կիսելյովին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցից կտրված հայտնի հատվածը, որը արդեն քանի տարի տարածվում է քարոզչական ու պրոպագանդիստական նպատակներով: Իրականում նշված հարցազրույցը պետք է դիտել` այն ներկայացնելով կոնտեքստում` ամբողջական, և միտումնավոր կերպով չխեղաթյուրելով: 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը միտումնավոր խեղաթյուրվել են և կոնտեքստից կտրված ներկայացվել:

Լրագրողի մասնագիտությանը հավատարիմ լինելու դեպքում «Ազատություն» ռադիոկայանից Հ1 տեղափոխված Անուշ Մուրադյանը առաջին հերթին կդիտեր ամբողջական հարցազրույցը կամ գոնե կկարդար այն, կուսումնասիրեր Կազանյան փաստաթղթի վերաբերյալ առկա ամբողջական տեղեկատվությունը, այնուհետև ռեպորտաժը պատրաստելիս կլիներ ծայրահեղ անաչառ, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է հանրային միջոցներից, իսկ պետական հեռուստաընկերությունը պետք է քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերի:  Անուշ Մուրադյանը ոչ միայն չի հետևել այս պարզագույն կանոններին, այլ ավելին` հարցազրույց է վերցրել թեմայի մասին գրեթե ոչինչ չիմացող Ռուբեն Ռուբինյանից, որի աբսուրդային մտքերը թեմային քաջատեղյակ որևէ այլ գործչի կողմից չեն հակակշռվել, և հակընդդեմ կարծիք չի ներկայացվել:

«Լուրերի» և ընդհանրապես Առաջին ալիքի վերջին տարիների գործունեությունը կարելի է տեղավորել իշխանական պրոպագանդայի շրջանակներում, քանի որ բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ գովերգվում են ներկայիս իշխանությունները, պախարակվում նախորդող իշխանությունները և ընդհանրապես ընդդիմությունը, իսկ լրագրողները դառնում են խամաճիկ և կամակատար` կատարելով իշխանական պրոպագանդիստների հրահանգները այն դեպքում, երբ Հանրային հեռուստաընկերությունը օրենքով նախատեսված կարգով անաչառ լրատվություն ներկայացնելու պարտավորություն ունի: 

 

Աղբյուր՝ AntiFake.am​​​​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն