(ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) Սփյուռքում գործող բժշկական ասոցիացիաների ուղարկած օգնությունը տեղ չի հասնում. հայազգի բժիշկները Փաշինյանին նամակով տեղեկացրել են, որ հրաժարվում են Հայաստան օգնություն ուղարկելուց

article-image

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, անհատներ ահազանգում են, որ իրենց կողմից Հայաստան և Արցախ ուղարկված հումանիտար, բժշկական օգնությունը չի հասնում հասցեատերերին: Կարող ենք հիշել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված խնդիրները, որոնք ծագեցին պատերազմի ընթացքում` կապված հավաքված միջոցների ոչ նպատակային օգտագործման, կառավարությանը բյուջետային ծախսերն ապահովելու նպատակով գումար փոխանցելու, ինչպես նաև արտասահմանից հսկայական օգնության «անհետանալու» պատճառով:

Հատկանշական է, որ նման դեպքերի մասին ահազանգերը շարունակվում են: Մասնավորապես, AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի անունից ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հայկական բժշկական ասոցիացիաների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը: Նամակը թվագրված է 2021թ. հունվարի 28-ով:

Նամակում ասոցիացիաների ղեկավարները իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում այն հարցերի վերաբերյալ, որոնք ծագել են բժշկական սարքավորումների, պարագաների և դեղերի` Հայաստանում մաքսային տարատեսակ խնդիրների բախվելու պատճառով: Նրանք նշում են, որ սարքավորումները հասել են Հայաստան, սակայն շարունակում են մնալ մաքսատներում, սակայն մինչև հիմա նրանք դեռ չեն ստացել հստակ պատասխաններ, թե ուղարկված օգնությունը երբ է մաքսազերծվելու և դուրս գրվելու: Մեր հայրենակիցները մի քանի իրավիճակային օրինակներ են ներկայացնում. «Բարձր հոսքի թթվածնի խտանյութ արտադրող 4 սարքեր նոյեմբերի սկզբին Հնդկաստանից «FedEx»-ով ուղիղ ուղարկվել են Հայաստան: Նոյեմբերի կեսերից կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար չափազանց անհրաժեշտ այս սարքերը գտնվել են մաքսատանը և միայն վերջերս են մաքսազերծվել, սակայն այդպես էլ հասցեատերերին չեն հասել: Նամակի հեղինակները հույս ունեն, որ դրանք գտնվում են առողջապահության նախարարության տրամադրության տակ:

Մեկ այլ խնդիր է ծագել Նյու Յորքից և Հայ-ամերիկյան առողջապահական կազմակերպության Բըրնի կենտրոնի (Armenian American Healthcare Providers Organization (AAHPO)) կողմից Հայաստան ուղարկված օգնությունը, որ Երևան է հասել դեկտեմբերի 11-ին և դեռևս գտնվում է մաքսատանը: Դեռևս դեկտեմբերի սկզբից մաքսատանն է գտնվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Սան Ֆրանցիսկոյից ուղարկված մեծ օգնությունը` հիվանդանոցային, բժշկական, օրթոպեդիկ, վիրակապման պարագաներ:

Նամակի հեղինակները նշում են, որ դրամահավաքի, դեղերի, պարագաների և սարքավորումների անվտանգ նվիրաբերման, պահեստավորման և Հայաստան տեղափոխման վրա ահռելի թիմ է աշխատել, որոնց հիմնական նպատակը դրանք ժամանակին Հայաստան ուղարկելն է եղել:

Ինչպես և սպասելի էր, խնդիրներ են առաջանում նաև այն նվիրատուների և համայնքների հետ, որոնց ջանքերով ուղարկվել է մեծաքանակ օգնությունը: Նրանց հարցերին կազմակերպիչները չեն կարողանում պատասխանել, ինչն էլ թույլ է տալիս նվիրատուներին և բարերարներին մտածել, որ Հայաստանը չի գնահատում իրենց մտահոգություններն ու որևէ բանով օժանդակելու կամքը:

Այս իրավիճակով պայմանավորված` կազմակերպությունները, որոնք մինչ այդ զբաղված են եղել մեծ քանակությամբ հումանիտար օգնություն տրամադրելով, ժամանակավորապես դադարեցնում են օգնության նոր խմբաքանակի ուղարկումը: Ծրագրված խմբաքանակը ներառում է. ռենտգեն ախտորոշիչ սարքեր, վիրահատական, անեսթեզիոլոգիական սարքավորումներ, հիպերբարիկ թթվածնային թերապիայի պալատներ և կորոնավիրուսային հիվանդության բուժման, ինչպես նաև բժշկական այլ անհրաժեշտ պարագաներ:

Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց մտահոգությունն են հայտնում նաև 2021թ. ապրիլից ուժի մեջ մտնող նոր մաքսային կարգավորումների վերաբերյալ: Նրանք փաստում են, որ մաքսազերծման նպատակով պահանջվում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք դժվար է ապահովել` կոչ անելով վերանայել նման մոտեցումը:

Նրանք երկու մեծ խնդիր են ներկայացնում. (1) այն, որ հումանիտար օգնությունը հավաքվում է բազմաթիվ կազմակերպությունների, հիվանդանոցների և անհատների կողմից, և շատ դեպքերում յուրաքանչյուր պարագայի փաստաթղթավորումը, որը պահանջում է հայկական կառավարությունը, անհնար է, (2) սահմանափակումներ են դրվում նաև անհատ բժիշկների կողմից սեփական բժշկական պարագաների տեղափոխման վրա, ինչը մասնագետները ամոթալի են համարում, քանի որ բժիշկները Հայաստան են գալիս կոնկրետ սահմանափակ ժամանակահատվածում և իրենց սարքավորումների կարիքն ունեն, այնինչ դրանք բավական երկար ժամանակ է` մաքսատանն են գտնվում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` սփյուռքահայ գործիչները սկսում են վերանայել իրենց ռազմավարությանը, թե ինչպես լավագույնս աջակցել Հայաստանին և առողջապահության նախարարությանը` ներկայիս իրավիճակը կտրուկ փոխելու համար:

Նամակը ստորագրված է Սփյուռքում գործող և հայազգի բժիշկներին միավորող ասոցիացիաների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից:

Հայաստանը այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որտեղ տնտեսությունը փլուզման եզրին է, առողջապահական համակարգը դեռևս պայքարում է մի քանի ճակատով, իսկ սոցիալական աղետի մասին խոսելն ավելորդ է: Նման պայմաններում Հայաստանի համար մեծագույն օգնություն է Սփյուռքի գործիչների աջակցությունը, սակայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող կառավարությունը ոչ միայն խոչընդոտներ է հարուցում Հայաստանի ու Արցախի ժողովրդին ուղղակիորեն հասցեագրված օգնության համար, այլ նաև ուղարկված օգնությունը չի հասնում հասցեատիրոջը: Նման ահազանգերը անթիվ են: Պատերազմի ընթացքում բազմաթիվ մտահոգ քաղաքացիների և Սփյուռքի կողմից բանակի, փախտականների համար նախատեսված օգնությունը այդպես էլ տեղ չհասավ, մինչդեռ օդում տարածվում են շշուկներ դրանք յուրացնելու, թաքցնելու վերաբերյալ:

Այս ամենի արդյունքում տուժում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Սփյուռքը աստիճանաբար կորցնում է վստահությունն ու դադարում է համագործակցել Հայաստանի ապաշնորհ իշխանությունների հետ, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հնարավորինս արագ վերականգնման վրա:

Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի անունից ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հայկական բժշկական ասոցիացիաների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը` ստորև: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն