Նիկոլ Փաշինյանն իր «ձեռքբերու՞մն» է համարում ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերի գնումը

article-image

2019թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: 2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է»:

Նկատենք, որ Փաշինյանի գրառման մեջ առկա չեն տեղեկություններ, թե ինչ ճանապարհով և քայլերի ինչ հաջորդականությամբ են ձեռք բերվել ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերը, ինչը համացանցում տարաձայնությունների պատճառ է դարձել, ուստի անհրաժեշտություն է առաջանում  որոշակի պարզաբանումներ ներկայացնելու՝ ըստ ժամանակագրական հաջորդականության:

Այսպես. հակաօդային պաշտպանության այս համակարգերի ձեռքբերման մասին հայտնի է եղել 2018թ.-ի մայիսին 19-ից` «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից, որում ասվում է. «Պատահական չէ, որ վերջերս հաստատված Զինված ուժերի յոթնամյա ծրագրով առանցքային դեր է հատկացվել հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը: Արդյունքում՝ ամիսներ անց մեր հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն ՏՈՐ զենիթահրթիռային համալիրները»:  

Պետք է նշել, որ «Զինուժ»-ում ասվում է ոչ թե ՏՈՐ համակարգերի ձեռքբերման մտադրության, այլ՝ առաջիկա ամիսներին դրանցով ՀՀ ԶՈՒ-ն համալրելու մասին: Ընդգծենք նաև, որ այս ժամանակահատվածում` 2018թ.-ի մայիսին 19-ին, Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի քանի օր էր, ինչ գտնվում էր վարչապետի կարգավիճակում, ուստի այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր «Փաշինյանի աշխատանքը» ՀՕՊ նոր համակարգերի ձեռքբերման ուղղությամբ:

Մինչ այդ` դեռևս 2017թ. հոկտեմբերին, Հայաստանը արտոնյալ պայմաններով 2018-2022 թվականների ընթացքում ռուսական ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով 100 մլն դոլար վարկ էր վերցրել Ռուսաստանից, որի վերաբերյալ պայմանագրերը արդեն իսկ կնքվել էին 2018թ. նոյեմբերին, երբ Փաշինյանն արդեն մի քանի ամիս գտնվում էր վարչապետի կարգավիճակում: Այս ամենն իր հերթին հանդիսանում է 2017թ. փետրվարին հաստատված ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի բաղկացուցիչ մասը: Նշենք նաև, որ ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի հիմքում ընկած է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը բազմաթիվ անգամներ հայտնվել է ընդդիմադիր Փաշինյանի աջակիցների քննադատության թիրախում:

Թեմայի շուրջ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ը գրել է.  «Զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն Զինված ուժերում»։ Սա իր հերթին ապացուցում է վերը թվարկված դեպքերի ճշմարտացիությունը:

Վերոնշյալ փաստարկների մեկ այլ ապացույց է ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում է. «Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման՝ նախկինում մշակված ու հաստատված երկարաժամկետ ծրագիրը…Միայն կարող եմ ասել, որ 2018-2024թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը ժամանակին ու պատշաճ կերպով իրականացնելուց հետո մենք ունենալու ենք նոր որակի, ժամանակակից պաշտպանական ու հարձակողական կարողություններով համալրված ազգային բանակ»:

Ուստի վարչապետ Փաշինյանի մատնանշած ամենակարևոր ձեռքբերումներից մեկը` 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերը, հնարավոր է եղել ձեռք բերել դեռևս «նախկինների օրոք» կնքված 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի և ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի շրջականներում, որի վերաբերյալ պայմանագրերը կնքվել են 2018թ. նոյեմբերին` արդեն նոր իշխանությունների օրոք, ինչն էլ վարչապետը «մոռացել է» ներառել իր գրառման մեջ, ինչն այդքան էլ «ազնիվ» չէ նախկիններին մշտապես «թալանչի», «հանցագործ» և այլ որակումներ տվող անձի կողմից:

Թեմայի շուրջ զրուցելու նպատակով AntiFake.am-ը կապ էր հաստատել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որն այն հարցին, թե 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերը ձեռք են բերել դեռևս 2017թ. 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի և ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում, թե՞ ոչ, հակառակ դեպքում ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել, պատասխանել է. «Ո՛չ: Պարտադիր չի, որ դուք դա իմանաք»:

Ավելի ուշ, Արծրուն Հովհաննիսյանը, «24news»-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերի ձեռքբերմանը, ասել է. «Մենք ապաքաղաքական կառույց ենք, մենք միշտ ձգտել ենք էդպիսին լինել, և չենք սիրում էդ գծերը քաշել, էդ համեմատությունները անել և այլն: Զենքերի պահով էլ, երբ որ զենքերը եկան, ես հիշում եմ գրառումներ եղան, հարցեր եղան: Ինձ անդադար զանգում էին լրատվամիջոցները, բա էս զենքերի մեջ կան զենքեր, որոնց պայմանագրերը կնքվել են 17-18թթ. և հիմա նոր ստացել ենք և այլն: Հասկանու՞մ եք՝ շեշտադրված հարցադրումներ են սրանք: Մենք աշխատում ենք զերծ մնալ նման քննարկումներից, նման գնահատականներից, նման որակումներից: … Շատ բարեփոխումներ՝ Զինված ուժերում, պարզ է, դրանք պրոֆեսիոնալների կողմից է, չէ՞ մտահղացումը եղել…և իրենք չեն համեմատել, չեն դրել իրենք իրենց մեջ եզրակացրել, թե, ասենք, էս ինչ զենքի ձեռքբերումը, էս ինչ բարեփոխումը իմ մոտ ծնվեց, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, Սերժ Սարգսյանի, թե ում: Դա պրոցես է, դա իրավիճակ է…»:

Իսկ ԳՇ պետ Արտակ Դավթյանը ասել է. «Ցանկացած պայմանագիր, որը երկարաժամկետ է, ցանկացած ժամանակ կարող է դադարեցվել: Կարող եմ ասել, որ տվյալ խնդիրը սառեցված վիճակում էր և ընթացքավորում ստացավ ներկայիս իշխանությունների ժամանակ»:

Նկատենք, որ Արտակ Դավթյանի տեսակետը չի հերքում վերը թվարկված փաստերը:

Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար երկու անգամ է վարկ ստացել` 200 և 100 մլն դոլարի համաձայնագրերի շրջականներում, որոնցից առաջին համաձայնագրով նախատեսված մատակարարումներն ավարտվել են, իսկ երկրորդ` 100 մլն դոլարի համաձայնագրերի շրջականներում ռազմամթերքի մատակարարումը շարունակվելու է մինչև 2022 թվականը: Իսկ հավանական նոր վարկի ձևակերպման մասին դեռևս 2018թ. օգոստոսին խոսել էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` չբացառելով, որ Հայաստանը կարող է Ռուսաստանին դիմել նոր պաշտպանական վարկ ստանալու նպատակով:

Հեղինակ՝ Մարի Ամիջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն