Միջադեպից գրեթե մեկուկես տարի անց փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ մեղադրյալներին ազատելու միտում կա

article-image

2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները քաղաքական հետապնդումներին զուգահեռ` քրեական հետապնդումներ սկսեցին ընդդիմադիր գործիչների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների դեմ: Քրեական գործեր հարուցվեցին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, նախկին վարչապետերի, պաշտպանության նախարարների և այլ կարևորագույն պաշտոններ զբաղեցնող գործիչների նկատմամբ:

Սակայն գործող իշխանություններն իրենք զերծ չեն մնում քրեական գործերից` տարբեր կարգավիճակներով: Իշխանական տարբեր գործիչներ, սկսեցին ներքաշվել քրեական գործերում, սակայն ի տարբերություն իրենց ընդդիմադիրների օրինակի, նրանց քրեական գործերը քնեցվում են:

Այդ գործերից մեկն էլ ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի առթիվ հարուցված քրեական գործն է:

Դեպքը տեղի էր ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Եղեգնաձորում մի խումբ անձինք դաժան ծեծի էին ենթարկել ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Փոխգնդապետը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և մոտ 8 ամիս կոմայի մեջ էր: Միայն մեկ տարի անց Արա Մխիթարյանը դուրս գրվեց հիվանդանոցից, սակայն գտնվում է ծանր վիճակում:

Նշված դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել: Նշվում էր, որ քննությամբ պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ, պարզվել էր նաև, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա: Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում` երեքից յոթ տարի ժամկետով:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նշված գործով արդեն 28-ամյա երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Միջադեպը հայտնի դարձավ նրանով, որ ծեծկռտուքին մասնակցել էր Վայոց ձորի մարզի այդ ժամանակ մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը` Հարություն Գրիգորյանը: ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը հենց մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Կալանավորվել էր նաև Հարություն Գրիգորյանի եղբայրը` Զավեն Գրիգորյանը:

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև այն մասին, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև անձամբ մարզպետը` Տրդատ Սարգսյանը: Սակայն այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի` համալիր փորձաքննությունների արդյունքում հաստատվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Հետաքրքիր է, որ ըստ ՔԿ հայտարարության` գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են Տրդատ Սարգսյանին` առերես:

Այնուամենայնիվ, միջադեպով և դրա հնչեղությամբ պայմանավորված` ծեծկռտուքից մի քանի օր անց Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Կարճ ժամանակ անց Տրդատ Սարգսյանը նշանակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար:

Սակայն հետաքրքիր է այն հանգամանքը, որ դեռևս նոյեմբերին AntiFake.amվիճարկել էր այն հանգամանքը, թե ինչու էր նախաքննության մարմինն այս փուլում հայտարարում Վայոց Ձորի մարզպետի՝ փոխգնդապետ Մխիթարյանի ծեծի հետ առնչության բացակայության մասին: Նախաքննության մարմինների կողմից Տրդատ Սարգսյանի մասնակցությունը շուտափույթ հերքելու մոտիվացիան հասկանալի էր, քանի որ, ինչպես գիտենք, նախկին մարզպետը վարչապետ Փաշինյանի մտերիմների շրջանակներից է և եղել է նրա հետ Գյումրիից Երևան քայլողների առաջին շարքերում:

2020 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներից` Հարություն Գրիգորյանի մասով նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեղեկացվում էր նաև, որ գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զավեն Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է: Զավեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:

2020թ. մարտին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը, և Զավեն Գրիգորյանը 1 միլիոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել: «Մի բանն է անհերքելի, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել։ Այդ դեպքից հետո Արա Մխիթարյանի անգիտակից վիճակում է լինում, ոչ թե Մխիթարյանի ընկերներն են զանգահարում շտապ օգնություն, այլ Հարություն Գրիգորյանն է զանգահարում։ Շտապ օգնություն զանգելուց մեկ րոպե առաջ է դեպքի վայր հասած լինում Զավեն Գրիգորյանը»,- ասել էր պաշտպան Լևոն Սահակյանը:

Սակայն դեռևս 2019 թվականից բողոքի ու արդար դատաքննության պահանջով փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերներն ու ազգականները ահազանգում են և կասկածներ ունեն արդար դատաքննության առնչությամբ: Նրանք դեմ էին նաև Զավեն Գրիգորյանի` գրավով ազատ արձակվելուն:

2019թ. սեպտեմբերի 20-ին Հարություն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Հայկական Ժամանակ»-ին` նշելով` «Ես մեր շքամուտքից դուրս եմ եկել, ինքը անշարժ այնտեղ պառկած է եղել։… Ես վեճի ժամանակ այնտեղ եմ եղել, քաշքշոց է եղել, բայց հետո նա դուրս է եկել քայլելով, իր ընկերներն իրեն տարել են՝ քանի որ նա հարբած վիճակում ինչ-որ կռիվ էր ուզում ստեղծել։ Երեւի սայթաքել ընկել է, չգիտեմ ինչ է եղել, ով է քաշել գցել։… իմ հետ վիճաբանության ժամանակ մենք կարող է իրար քաշքշել ենք, իրար բան ենք ասել, բայց իմ ու իր ընդհարման ժամանակ ոչ մեկիս վրա ոչ մի բան չի եղել»:

Սակայն այս քրեական գործում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Միջադեպից մի քանի օր անց Tert.am-ի հետ զրույցում անանուն աղբյուրը լրատվականին միջադեպից մանրամասներ էր պատմել, և հավաստիացրել, օրինակ, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել ծեծկռտուքին: Աղբյուրը նաև տեղեկացրել էր, որ գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանը ազգակցական կապերի մեջ է եղել նախկին մարզպետի հետ` Տրդատ Սարգսյանի հորեղբոր աղջկա ամուսինն է:

2020թ. օգոստոսի 19-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկել է ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործը։

«Datalex» համակարգից տեղեկանում ենք, որ Հարություն Գրիգորյանի գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 8-ին:

Վերջերս տուժողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հարություն Գրիգորյանին ուզում են ազատել պատասխանատվությունից: «Միտում կա խափանման միջոցը փոխելու,- ասում է Արտակ Գալստյանը,- այդ են վկայում ամեն դատական նիստին խափանման միջոցի փոփոխության միջնորդությունները: Կոպիտ ասած՝ 4 դատական նիստից երեքին դատարանը խափանման միջոց է քննարկել: Կարծում եմ, ՔՊ-ի կողմից միտում կա, որ Հարություն Գրիգորյանին էլ ազատեն»,- ասել է Գալստյանը: Մայր գործից մաս անջատելը նա քննչական տրյուկ է համարում: Հետաքրքիր հանգամանք է, որ ի տարբերություն ՔԿ հայտարարություններին և նախկին մարզպետի հավաստիացնումներին,  հարցաքննվող վկաները պնդել են, որ նախկին մարզպետը եղել է ծեծկռտուքի վայրում: Վկա զինվորականներից մեկը՝ Լեւոն Հարությունյանը, դատարանում հայտարարել է, որ ինքը Վայոց Ձորի նախկին մարզպետի հետ դեպքի վայրում 40 րոպե խոսել է: Արա Մխիթարյանի հայրն էլ «Հրապարակին» հայտնել է, որ փոխգնդապետի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա. «Տանը պառկած է, կոմայի մեջ»:

Հատկանշական է, որ վերոնշյալ դեպքից գրեթե մեկուկես տարի անց էլ այս քրեական գործի մանրամասները մութ են մնում: Չնայած համապատասխան մարմինների հավաստիացումներին` նախկին մարզպետի ներկայությունը միջադեպի վայրում այդպես էլ չի հերքվում, ականատեսները պնդում են նրա ներկայությունը: Մյուս կողմից էլ` հիմնական ամբաստանյալներից մեկը այսօր ազատության մեջ է, այնինչ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռևս կոմայի մեջ է, իսկ մյուս ամբաստանյալի` Հարություն Գրիգորյանի մասով` նկատվում են նրան ազատելու միտումներ` խափանման միջոցի վերաբերյալ անընդհատ միջնորդությունների ֆոնին:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն