Պաշտպանության նախարարության հերթական գլուխգործոց-սուտն ու Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը

article-image

Այսօր «Yerevan.Today» լրատվականը Նիկոլ Փաշինյանի` «Իսկանդերի» 10%-ով կրակել-չկրակելու մասին ավելի վաղ արված հայտարարությունների շուրջ զրուցել էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ:

Հարցազրույցները մեծ արձագանք գտան: Մովսես Հակոբյանը հետաքրքիր նկատառում էր արել. «Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞նց են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյո՞ք հարշվարկել են առհասարակ... Որովհետև դա միայն կարող է հաշվարկել նա, ում վրա կրակել են: Վստահ եմ՝ այդ մարդը, ով հայտարարել է, որ Իսկանդերի կրակոցից միայն 10 % է պայթել, իր վրա չեն կրակել, ինքն այդտեղ չի եղել…»:

Իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանացած Տիրան Խաչատրյանի արձագանքն առավել ուշագրավ ու խոսուն էր. Հարցին` «Հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)»:

Քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, հատկապես` ԳՇ պետի առաջին տեղակալի «ծիծաղը» լայն տարածում գտան ու մեծ քննարկումների տեղիք տվեցին, պաշտպանության նախարարությունը պարզաբանում տարածեց` կապված Տիրան Խաչատրյանի հարցազրույցի հետ:

Պարզաբանման մեջ նշվում էր, որ «Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:

Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք:

Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը»:

Այս պարզաբանման հետաքրքիր հատվածն այն է, թե որ ՊՆ-ն այդպես էլ չի հերքել բարձրաստիճան զինվորական գործչի անունից ներկայացված հատվածը` «ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ», որը, կարծում ենք, հարցազրույցի ամենակարևոր մասն էր, իսկ թե կոնկրետ ինչի վրա է ծիծաղել ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալը, մեղմ ասած, կարևոր չէ:

Առավել ծիծաղելի իրավիճակում հայտնվում է հենց պաշտպանական գերատեսչությունը, երբ պարզաբանումից շատ չանցած` ՀՀ նախագահի հրամանագրով պատերազմի օրերին Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանացած Տիրան Խաչատրյանը ազատվում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Ազատման հրամանագիրը գալիս է ապացուցելու այն փաստը, որ իրականությունը ներկայացված է «Yerevan.Today» լրատվականի հոդվածում, քան ՊՆ պարզաբանման մեջ, որը գերատեսչության` արդեն ավանդական դարձած ստերի գլուխգործոցներից հերթականն է:
 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն