«Կրեատիվ տոնածառների» և Սուրբծննդյան տնակների փոխարեն «ALEX»-ի և այլ բրենդների գովազդ Հյուսիսային պողոտայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակաումներում, վերջին 7 տարիներին Սուրբծննդյան տոնավաճառը կազմակերպվել է Հյուսիսային պողոտայում՝ Pascal & Diodato Café-ի կողմից։ Սակայն այս տարի Երևանի քաղաքապետարանը մերժել է Հյուսիսային պողոտայում Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումը՝ այդ տարածքում կրեատիվ տոնածառների ցուցադրության կազմակերպման պատճառաբանությամբ։ Փոխարենը՝ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման վայր է ընտրվել Երևանի 2750-ամյակի այգին, որը ըստ Pascal & Diodato Café-ի տնօրինության բիզնես տեսանկյունից «աշխատունակ» չէ, քանի որ այդ տարածքը մարդաշատ չէ, և շրջակայքում խանութներ առկա չեն, և բացի այդ իրենք Սուրբծննդյան տոնավաճառը մշտապես կազմակերպել են Հյուսիսային պողոտայում և քաղաքացիները իրենց մշտապես փնտրել են այդ հասցեում, այդ պատճառով իրենք հրաժարվել են  քաղաքապետարանի՝ Սուրբծննդյան տոնավաճառը Վազգեն Սարգսյանի փողոցում կազմակերպելու առաջարկից:

Սուրբծննդյան տոնավաճառի տնակները մշտապես պատկանել են տոնավաճառի կազմակերպիչ Pascal & Diodato Café-ին, ուստի քաղաքապետարանը՝ Սուրբծննդյան տոնավաճառը Վազգեն Սարգսյանի փողոցում կազմակերպելու համար, տոնավաճառի տնակների գնման համար հատկացրել է շուրջ 40 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր տնակի գինը կազմում է մոտ 1 միլիոն դրամ կամ 2100 դոլար։ Առաջին անգամ տնակ-կրպակները տրամադրվել են վարձակալությամբ՝ աճուրդով։ Խոսքը թվով 40 տնակ-կրպակի մասին է, որից 5-ը անվճար տրամադրվել է բարեգործական կազմակերպություններին:

AntiFake.am-ի լրագրողները կրեատիվ տոնածառների և տնակ-կրպակների տեղադրումից հետո շրջել են Հյուսիսային պողոտայում և Երևանի 2750-ամյակի այգում։

Այսպես, Հյուսիսային պողոտայում  ցուցադրված են թվով 6 «կրեատիվ տոնածառներ», որոնք իրականում մի քանի բրենդի գովազդ են ներկայացնում՝ բացառությամբ մեկի՝ «Be Happy»-ի տոնածառի, որը տեղադրված է բարեգործական նպատակով։

Մյուս տոնածառները գովազդում են Armenia Wine, ID Bank, ALEX, Apache և Coca-Cola ընկերությունները։

Արդյունքում՝ Հյուսիսային պողոտան վերածվել է ոչ թե «կրեատիվ տոնածառների» ցուցադրության հետաքրքիր վայրի, այլ տոնական տրամադրություն չհաղորդող մի քանի ընկերությունների գովազդի, որոնց շարքում է նաև նախկին «օլիգարպ», ներկայիս գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «ALEX» բրեդնի գովազդը։ Իսկ իրենցից ընդամենը բիզնես-գովազդ ներկայացնող «կրեատիվ տոնածառները» հետաքրքրություն չեն առաջացրել երևանցիների մոտ, ինչն էլ հանգեցրել է Հյուսիսային պողոտայի փողոցների ոչ մարդաշատ լինելուն։

Նույնը կարելի է ասել Երևանի 2750-ամյակի այգում կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի մասին, որն ի տարբերություն նախորդ տարիներին Հյուսիսային պողոտայում կազմակերպվող Սուրբծննդյան տոնավաճառի՝ համեմատաբար ավելի սակավամարդ է։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողացել քաղաքի կենտրոնում ապահովել այն տոնական տրամադրությունը, որը տիրում էր նախորդ տարիներին և որը երևանցիների համար այնքան սիրելի մշակութային վայրի արժեք էր ձեռք բերել։

Տեսանյութը՝ Հյուսիսային պողոտայից և Երևանի 2750-ամյակի այգում կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառից՝

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն