Բաց և թափանցիկ աշխատելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հրաժարվում է տրամադրել պարգևավճարների վերաբերյալ տեղեկություններ

article-image

Հանրային միջոցներն օգտագործելիս «բաց և թափանցիկ» գործելաոճ որդեգրելու խոստում տված Նիկոլ Փաշինյանն այս սկզբունքն ամենահաճախ խախտող պաշտոնյան է Հայաստանի Հանրապետությունում։ Վարչապետի աշխատակազմը հրաժարվում է տրամադրել անգամ հանրային միջոցներից ձևավորվող Կառավարության անդամների աշխատավարձերի և պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունները։

AntiFake.am-ը 2019 թվականի ավարտին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի տարբեր գերատեսչություններին պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցումներ էր ուղարկել։

Մի շարք գերատեսչություններ պատշաճ պատասխանել են հարցումներին՝ պահպանելով օրենքով նախատեսված ժամկետներն ու տրամադրելով հայցվող տեղեկատվությունն ամբողջական ծավալով, ինչը չի կարելի ասել ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ Կառավարության մյուս հատվածի մասին։

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ին ուղարկված հարցման պատասխանը մինչ օրս չի տրամադրվել AntiFake.am-ին, և սա առաջին անգամը չէ։

Նույն օրը վարչապետի և փոխվարչապետերի աշխատակազմերին ուղղված հարցմամբ AntiFake.am-ը խնդրել էր տեղեկություններ տրամադրել 2019 թվականին վարչապետին, նախարարներին, փոխվարչապետերին, վարչապետի աշխատակազմին (աշխատակազմի ղեկավար, տեղակալներ, վարչապետի խորհրդականներ, օգնականներ, մամուլի քարտուղար, արարողակարգի պատասխանատու), փոխվարչապետերի աշխատակազմերին տրամադրված պարգևավճարների քանակի և չափի վերաբերյալ։

Վարչապետի աշխատակազմը միասնական տեղեկությունը տրամադրելու համար դեկտեմբերի 6-ին նախ հայցել է 30 օր ժամկետ՝ նշելով, որ հայցվող տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա դեկտեմբերի 30-ին ուղարկված գրությամբ հայտնել, որ հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել, քանի որ նախարարներին տրված պարգևատրումների վերաբերյալ որոշումներն իրականացվել են գաղտնի ընթացակարգով, ինչով պայմանավորված` վերջիններս պարունակում են «գաղտնի» նշագրում։

«Բացի այդ, պետք է նշել, որ Ձեր կողմից բարձրացված հարցերը պարունակում են անձնական տվյալներ բացահայտելու բովանդակություն, ինչը համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի և 199-րդ հոդվածի՝ կարող է իրականացվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նման տվյալների փոխանցումն անհրաժեշտ է նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար։ Սույն դեպքում առկա չեն վերը նշված իրավակարգավորմամբ նախատեսված պայմանները, ուստի հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»,-նշված է պատասխանում։

Կառավարությունից չեն մոռացել նշել, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես պարգևատրում չի ստացել»։

Փաստորեն, Կառավարությանն անհրաժեշտ է եղել 30 օր՝ հայցվող տեղեկությունների տրամադրումը մերժելու համար և մեկ նախադասությամբ նշելու, որ Նիկոլ Փաշինյանը պարգևավճար չի ստացել։

Մինչդեռ հարկ է նշել, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը տեղեկություն տրամադրելու կամ տեղեկության տրամադրումը մերժելու համար սահմանում է 5-օրյա ժամկետ, քանի որ տեղեկություն տնօրինողն իսկզբանե գիտի, թե իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունները տրամադրման ենթակա են, թե ոչ, և դա հասկանալու համար տեղեկությունը տնօրինողին 30-օրյա ժամկետ անհրաժեշտ չէ։

Նշանակում է, որ Կառավարությունը, նման կերպ վարվելով, նպատակ է ունեցել ձգձգել գործընթացը՝ խոչընդոտ ստեղծելով լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտի բնականոնգործունեության համար։

Բացի այդ, հարկ է նշել, որ Կառավարության անդամների, փոխվարչապետերի, աշխատավարձերը և պարգևատրումները գոյանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից, իրենցից ենթադրում են հանրային միջոցներ, ինչի տնօրինումը պետք է լինի բաց և թափանցիկ։  Կառավարությունը ոչ միայն չպետք է գաղտնի ընթացակարգով իրականացնի կառավարության անդամների աշխատավարձերի և պարգևատրումների տրամադրման գործընթացը, այլ հակառակը՝ պետք է հաշվետու գտնվի հանրային միջոցների օգտագործման ընթացքում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ հանրային միջոցներն օգտագործելիս ժողովրդի առջև բաց և թափանցիկ գործելու և հաշվետու լինելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հրաժարվում է տրամադրել «ժողովրդի իշխանության ներկայացուցիչների» պարգևավճարների վերաբերյալ տեղեկություններ։

Պետք է նշենք նաև, որ առանձին գերատեսչություններ, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան, տրամադրել են նախարարների ստացած պարգևավճարների չափը, ինչպես, օրինակ, Առողջապահության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և այլն։ Եթե առաջնորդվենք Վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանի տրամադրությամբ, ապա ստացվում է, որ այն գերատեսչությունները, որոնք պատշաճ կերպով պատասխանել են մեր հարցմանը, խախտել են գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման կանոնները և պետք է ենթարկվեն պատասխանատվությանօրենքով սահմանված կարգով։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն