Իշխանության քարոզչությամբ զբաղվող լրագրողները «Նոր Հայաստանում»

article-image

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով` իշխանափոխությանը սատարած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների շարքերում տեղի ունեցավ «վերաբաշխում». լրագրողների մի մասը դարձան բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ մյուս մասն էլ մնացին «իրենց տեղերում»՝ ստանձնելով իշխանության վարած քաղաքականության և իշխանության ներկայացուցիչների անձնական պրոպագանդիստների դերը։

Իշխանական քարոզչությանը լծված լրագրողները, որոնք աշխատում են իշխանական քարոզչամեքենա հանդիսացող տարբեր լրատվականներում, ինչպես, օրինակ, Civilnet.am-ում, Armtimes.com-ում, Հանրային հեռուստաընկերությունում, Fip.am-ում, Factor.am-ում, «Ազատություն» ռադիոկայանում և այլն, աղավաղում են ԶԼՄ-ների իրական դերը՝ իրենց գործունեությունը կառուցելով քարոզչության, հակաքարոզչության և մանիպուլյացիաների վրա։

Իշխանական քարոզչությամբ զբաղվող լրագրողներից են Թաթուլ Հակոբյանը, Գևորգ Թոսունյանը, Մկրտիչ Կարապետյանը, Պետրոս Ղազարյանը, Կառլեն Ասլանյանը, Նարեկ Կիրակոսյանը և այլք։

Մկրտիչ Կարապետյանը վերոգրյալի կարկառուն ներկայացուցիչներից է, ով, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է աշխատել քարոզչական գործիքներ հանդիսացող մի շարք լրատվականներում։ Նա 2013 թվականից աշխատել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» լրատվականում, իսկ 2015-ից՝ Civilnet-ում։ Մկրտիչ Կարապետյանի հրապակումները կարելի է գտնել նաև Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի հիմնադրամ) կազմակերպությունից ֆինանսավորվող Fip.am կայքում։

Մկրտիչ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ 2019 թվականի ապրիլի 1-ից աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։ Սակայն թե ինչ գործառույթներ է իրականացնում նա «Առաջին ալիքում», հայտնի չէ, քանի որ նրա անունը առկա չէ ո՛չ Հ1-ի ռեպորտաժներում, ո՛չ էլ այլ հրապարակումներում։ Սրա վերաբերյալ հոդված է հրապարակել Politik.am-ը՝ նշելով, որ Մկրտիչ Կարապետյանը գրանցված է Հ1-ում, բայց աշխատանքի չի ներկայանում։

«Թեև Կարապետյանը պաշտոնապես գրանցված է Հ1-ում և բավականին կլորիկ աշխատավարձ է ստանում, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նա աշխատանքի չի ներկայանում, չունի պարտրականություններ և գրեթե ոչինչ չի անում հեռուստաընկերության համար»,- նշված է հրապարակման մեջ։

Նշենք, որ այս հրապարակումը մի քանի ֆեյսբուքյան օգտատերեր տեղադրել են Մկրտիչ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի պատին, սակայն վերջինս չի հերքել հրապարակված տեղեկությունը։

Այս ամենը զարմանալի չէ, քանի որ Մկրտիչ Կարապետյանը մտերիմ հարաբերություններ ունի իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի եղբոր որդու՝ իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ։

Օդում կախված լուրերի համաձայն՝ իշխանությունն օգտագործում է Մկրտիչ Կարապետյանին և իշխանահաճո քարոզչական հոդվածներ պատվիրում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների վերաբերյալ հակաքարոզ ենթադրող նյութեր, ինչն իրականացնելու համար ապահովում է Կարապետյանին անհրաժեշտ «ներքին» տեղեկատվությամբ։

Մկրտիչ Կարապետյանի անունը կարելի է գտնել նաև Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան գործուղումների պատվիրակությունների կազմում։ Եվ զարմանալի չէ, որ նա այն լրագրողների ցանկում է, որի գործուղումների ծախսերը փակվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից (օրինակ՝ 2019 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության չարթերային թռիչքով այցը ԱՄՆ)։

Այսպիսով, կարող ենք նշել, որ իշխանությունների սիրելի լրագրողը «պատշաճ» իրականացնում է իր առջև դրված խնդիրը՝ պարբերաբար հանդես գալով իշխանահաճո հրապարակումներով, ինչն էլ ստանում է իր «արժանի» վարձատրությունը՝ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելու, կառավարական պատվիրակությունների հետ պետական բյուջեի միջոցներով օտարերկյա այցերի մեկնելու ձևով։

Թաթուլ Հակոբյանը նույնպես հայտնի է որպես իշխանության քարոզչությամբ զբաղվող լրագրող, ով նույնպես աշխատում է Civilnet-ում որպես վերլուծաբան։ Թաթուլ Հակոբյանը նաև Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգողն է, որը նույնպես ֆինանսավորում է ստանում Սորոսի հիմնադրամից։ Թաթուլ Հակոբյանը, նախկինում հանդես գալով նախորդ իշխանությունների քննադատությամբ, ներկայումս լծվել է նոր իշխանություններին հաճոյանալու և կողմանալ ու քարոզչական բնույթի հրապարակումներ անելու, հաղորդումներ վարելու գործին։

Ուշագրավ է Թաթուլ Հակոբյան-Մկրտիչ Կարապետյան համագործակցությունը իշխանությունների առաջ քաշած թեզերը քարոզելու և հիմնավորելու ուղղությամբ, ինչպես, օրինակ, «Երկրապահներին զինաթափելու ժամանակը» վերտառությամբ հարցազրույցը իշխանությունների կողմից Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո, որի ժամանակ կողմերը հիմնավորում էին, որ առկա է երկրապահներին զինաթափելու անհրաժեշտություն։

Իշխանություն պրոպագանդայով զբաղվող մյուս լրագրողը Գևորգ Թոսունյանն է, որն աշխատել է իշխանությունների քարոզչությանը լծված տարբեր լրատվականներում՝ A1plus.am, Iravaban.net, Civilnet.am, իսկ ներկայումս էլ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում։

Գևորգ Թոսունյանի հոդվածները կառուցվում են Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած առանցքային քարոզչական  թեմաների շուրջ, իսկ ֆեյսբուքյան էջում յուրաքանչյուր 3-4-րդ հրապարակումը (կիսումը) արված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ Ուստի՝ հեշտությամբ կարելի է պատկերացում կազմել նրա կողմնակալության մասին։

Պետրոս Ղազարյանին անդրադարձ ենք կատարել մեր նախորդ հրապարակումներում, ուստի կսահմանափակվենք՝ նշելով, որ 2018-ից նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն և ակտիվորեն զբաղվում է իշխանությունների քարոզչությամբ։

Կարլեն Ասլանյանն էլ ներկայացնում է իշխանական մեկ այլ քարոզչական գործիք՝ «Ազատություն» ռադիոկայանը, և կանգնած է այդ լրատվականի պրոպագանդիստական գործունեության հիմքում։ Նախկինում զբաղված լինելով նախկին իշխանությունների հակաքարոզչությամբ, ահաբեկիչներին ազատ խոսքի հարթակ տրամադրելով՝ այսօր Կարլեն Ասլանյանը աչք է փակում ներկայիս իշխանությունների այն նույն «թերացումների» վրա, որոնք նախկինում ներկայացվում էր «լուն փիղ դարձնելու» սկզբունքով։ Այսօր Կարլեն Ասլանյանի աչքից վրիպում են բազմամարդ բողոքի ցույցերը Կառավարության շենքի դիմաց, անարդարությունները, պետական կառավարման համակարգում ամանորյա ահռելի ծախսերը, պարգևավճարները, որոնք նախկինում ներկայացվում էին խիստ բացասական լույսի ներքո։

Կարլեն Ասլանյանի այս ծառայությունն իշխանություններին նույնպես անհատույց չի մնում և վերջինիս անունը հաճախ կարելի է գտնել արտասահման գործուղվող կառավարական պատվիրակությունների կազմում։

Իշխանության քարոզչությամբ զբաղվող լրագրողներից է Factor.am-ը ներկայացնող Նարեկ Կիրակոսյանը։

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող այս լրատվականի լրագրողը, բացի իշխանության քարոզչությամբ և ընդդիմախոսների հակաքարոզչությամբ զբաղվելուց, նաև աշխատանքային ժամերից դուրս իր գործընկեր լրագրողների շարքերից սադրիչ գործողություններ է իրականացնում ակցիաների ժամանակ, ինչին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի` բազմաթիվ հարթակներից հնչեցրած «մամուլը Հայաստանում երբեք այսքան ազատ չի եղել» արտահայտությունը հեշտությամբ կարելի է փոխարինել «Մամուլը Հայաստանում երբեք այսքան իշխանամերձ չի եղել» արտահայտությամբ, որի անվանական ցանկը կգլխավորեն վերը թվարկված լրագրողները։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն