(VIDEO) Դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին «Իկրայի» գործով տուժող ճանաչել. Մանրամասներ աղմկահարույց քրգործով դատական նիստից

article-image

Մարտի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Իկրայի» քրեական գործով դատական նիստը, որով որպես մեղադրյալ ներգրավված է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 15-ին սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։

Գործի նախապատմությունը սկսվում է Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ վերջինս հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար: Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:

Ֆեյսբուքյան այս գրառման առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ 1-ին մասով։ Նարեկ Սամսոնյանը սույն գործով հարցաքննվել է որպես վկա և ըստ ՀՔԾ-ի՝ «այս գործի շրջանակներում գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը,  ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում»:

Նարեկ Սամսոնյանը «սուտ մատնության» առնչությամբ բազմիցս հայտարարել է, որ այն ցուցմունքը, որը վերագրվում է իրեն, ինքը չի գրել, ինչի մասին արձանագրել է նաև փաստաթղթի վերջում՝ գրելով, որ «քննիչը կեղծել է իր ցուցմունքը, այն գրված չէ իր բառերով, ինչի համար էլ չի կարող ստորագրել»։

«Իկրայի» գործով մեղադրող դատախազն է Հայկ Պետրոսյանը։ Նարեկ Սամսոնյանի շահերը պաշտպանում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Եվ ահա այս գործով մարտի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում միջնորդությունների փուլում Ռուբեն Մելիքյանը միջնորդեց Նիկոլ Փաշինյանին տուժող ներգրավել. «Ծանոթանալով գործի նյութերին՝ զարմանք ապրեցի, որովհետև այս գործում ես չհայտնաբերեցի տուժողԵթե մեղադրանքի կողմի վարկածը հաստատվում է, ապա մենք գործ ունենք կոնկրետ անձի՝ տվյալ դեպքում՝ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանի ենթադրյալ իրավունքների և օրինական շահերի խախտման հետ և ես զարմանացա, որ մենք գործում չունենք տուժող ճանաչելու մասին որոշում իմ կողմից նշված անձինԵթե մենք չունենք «տուժող», ապա «մեղադրյալ» որպես այդպիսին գոյություն ունենալ չի կարող»,- ընդգծել է Մելիքյանը՝ միջնորդելով Նիկոլ Փաշինյանին տուժող ճանաչել։ Դատարանը, լսելով մեղադրող կողմի առարկությունները, մերժել է Նիկոլ Փաշինյանին տուժող ճանաչելու միջնորդությունը։

Հաջորդիվ սույն գործով պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդել է Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես վկա։ Այս միջնորդության քննությունը դատարանը հետաձգեց՝ խոստանալով հետագայում անդրադառնալ միջնորդությանը։

 


Դատարանը մերժեց «Իկրայի» գործով Նիկոլ Փաշինյանին տուժող ճանաչել

 

Մեղադրող դատախազի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակվելուց հետո պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է պարզաբանել մեղադրանքը։ Նախագահող դատարանի հարցին, թե արդյոք Նարեկ Սամսոնյանին հասկանալի է իրեն առաջադրված մեղադրանքի էությունը, Սամսոնյանը պատասխանել է. «Իհարկե, պարզ չէ, դա համարում եմ կապիտուլյանտի հրահանգով իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ուղղակի դրսևորում, որովհետև ես ցուցմունք չեմ տվել, ՀՔԾ-ում քննիչը կեղծել է իմ ցուցմունքը, և ես գրել եմ, որ դա «իմ կողմից չի գրվել, ես նման ցուցմունք չեմ տվել, քննիչը կեղծել է իմ ցուցմունքը», և դա համարվել է ցուցմունք»,- հայտարարել է Սամսոնյանը՝ հավելելով, որ գործն ամբողջությամբ քաղաքական մոտիվներով, քաղաքական ուղղակի սկզբով, ընթացքով և նաև ավարտով գործ է, որի վերաբերյալ իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է։ Սամսոնյանը գործը որակել է որպես «աբսուրդ» և «զավեշտի հասնող ծիծաղելի» ձևով քաղաքական նպատակադրումներով քրեական հետապնդման իրականացում։

Նախագահող դատավորի հարցին՝ արդյոք Նարեկ Սամսոնյանն իրեն մեղավոր ճանաչում է, Սամսոնյանը պատասխանել է՝ «բնականաբար՝ ոչ»։

 


«Սա կապիտուլյանտի հրահանգով քաղաքական գործընթաց է». Սամսոնյանի համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ իրեն և իր վստահորդին մեղադրանքը հասկանալի չէ և խնդրել է պարզաբանել այն։ Պաշտպանը մասնավորապես հետաքրքրվել է, թե արդյոք իր վստահորդին մեղադրանք առաջադրվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման համար, թե ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում ենթադրաբար տրված ցուցմունքի համար՝ հայտարարելով, որ այդ ցուցմունքի կապակցությամբ պաշտպանական կողմն ունի առարկություն, քանի որ նման «ցուցմունք գոյություն չունի»։ Դատարանը պարզաբանել է, որ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, որը դրսևորվել է հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս՝ հատուկ ընդգծելով, որ սուտ մատնությունը չի առնչվում ֆեյսբուքյան գրառմանը։

Ապացույցների հետազոտման կարգը որոշելու փուլում պաշտպանական կողմը միջնորդել է սկզբում հետազոտել հենց նշված «ցուցմունքը»։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հետազոտվել է նշված փաստաթուղթը։

Հետազոտված փաստաթղթի առնչությամբ Ռուբեն Մելիքյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ փաստաթղթի 4-րդ էջից սկսած Նարեկ Սամսոնյանի ստորագրությունները բացակայում են, և այդ էջերում տեղ գտած բովանդակությունը չի կարող վերագրվել Նարեկ Սամսոնյանին։ Իսկ փաստաթղթի վերջին էջում տեղ գտած բովանդակությունը գրվել է Նարեկ Սամսոնյանի և վերջինիս փաստաբան Սամվել Սիմոնյանի բացակայությամբ։

Հաջորդ հանգամանքը, ինչի վրա պաշտպանը ուշադրություն է հրավիրել, այն է, որ «ցուցմունքում» որևէ բովանդակային տեղեկատվություն չկա, քանի որ Սամսոնյանն օգտվել է իր վերաբերյալ ցուցմունք չտալու Սահմանադրական իրավունքից և հարցերին պատասխանելիս հղում է կատարել իր այդ իրավունքին։

Նարեկ Սամսոնյանն էլ նշված փաստաթղթի առնչությամբ հայտարարել է. «Ես այստեղ ոչ միայն որևէ բան չեմ հայտնել, այլ նաև հստակ ֆիքսել եմ, որ այս ցուցմունքը կեղծված է»։ Սամսոնյանը հավելել է նաև, որ տեսնելով, որ իր բառերը ցուցմունքում նենգափոխվել են, անպատվել է իր բառերը նենգափոխած քննիչին ՀՀ Սահմանադրությունը խախտելու, հրահանգ կատարելու ու իր բառերը նենգափոխելու համար, ինչից հետո ինքը գրել է, որ ցուցմունքը կեղծվել է և հայտարարելով, որ քննիչն իր կատարած ապօրինության համար պատասխանատվության է ենթարկվելու, դուրս է եկել սենյակից։

Սամսոնյանը հայտարարել է, որ իր խորին համոզմամբ` այս գործը «պայթող» գործ է, քանի որ չունի իրավական ճակատագիր, և համոզմունք հայտնել, որ գործընթացի հիմնական նպատակն է եղել իրենից երկրից չբացակայելու համար ստորագրություն վերցնելը։ Դիմելով դատարանին՝ Սամսոնյանը հայտարարել է. «Սա աբսուրդ է, ես վստահ եմ, որ Ձեր մեջ էլ ներքին համոզմունք ձևավորվեց, որ սա աբսուրդ է։ Ես կարծում եմ, որ որևէ իրավական երկրում նման քննիչին կհանեին քննիչի շորերի միջից ու կուղարկեին ուղիղ այլ աշխատանքով զբաղվելու կամ ուղղիչ աշխատանքային գաղութ, եթե այդպիսին կա Հայաստանում»։

Դատական նիստի ընթացքում հրապարակվել է նաև Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը, ինչի առնչությամբ դատավարության կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը որոշել է հետաձգել դատական նիստը։

Հաջորդ դատական նիստին որպես վկաներ հարցաքննվելու են ՊԵԿ-ի նախկին պետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության նախկին ղեկավարը և այլոք։

Նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 13:00-ին։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն