Ջորջ Սորոսը՝ «Տարվա բարերար». ինչ կապ ունի Սորոսը մրցանակը շնորհած կազմակերպության հետ. ՓԱՍՏԵՐ

article-image

Analitik.am լրատվական կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Ջորջ Սորոսն «ինքն իրեն» տարվա բարերար մրցանակ է տալիս»` փաստելով, որ «Դեյվիդ Կալահանն իր ամբողջ կյանքում աշխատել է կառույցներում, որոնք ֆինանսավորվել են Ջորջ Սորոսի և «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից»:

AntiFake.am-ը որոշեց ստուգել, թե ինչ կապ ունի «Տարվա մրցանակ» շնորհող «Inside Philantrophy» կազմակերպությունը և նրա հիմնադիր Դեյվիդ Քելըհենը Ջորջ Սորոսի հետ:

«Inside Philantrophy» կազմակերպությունը, որը, ստեղծվելով 2014 թվականին, զբաղվում է մեծ բարեգործական հիմնադրամների և մեծահարուստ դոնորների մասին տեղեկատվության հրապարակմամբ: Կազմակերպությունը իր պաշտոնական կայքում ունի նաև առանձին բաժին, որտեղ ցանկացողները կարող են փնտրել և գտնել տարբեր չափերի և տարբեր ուղղվածության դրամաշնորհներ:

Կազմակերպության հիմնադիրը և գլխավոր խմբագիրը Դեյվիդ Քելըհենն (David Callahan) է: Ինչպես տեղեկանում ենք վերջինիս կենսագրությունից, Քելըհենի հետաքրքրության ոլորտներն են բարեգործական գործունեության միտումները, ինչպես նաև ամերիկյան մշակույթը, հանրային քաղաքականությունը և բիզնեսը: Դեյվիդ Քելըհենի հեղինակած վերջին գիրքն է` “The Givers: Wealth, Power, and Philantrophy in a New Gilded Age”-ը:

Նախքան ներկայիս կառույցը հիմնելը` Քելըհենը համատեղությամբ հիմնադրել է «Demos»-ը` ազգային ուղեղային կենտրոն (national think tank), որտեղ նա զբաղեցրել է բազմաթիվ ղեկավար պաշտոններ և հետազոտություններ է վարել բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են տնտեսական և քաղաքական անհավասարության հետ, ինչպես նաև աշխատանքներ է գրել բարոյական արժեքների, մասնագիտական էթիկայի և բիզնեսի մասին: Նախկինում Դեյվիդ Քելըհենը եղել է “Century Foundation”-ի ռեզիդենտ գիտնական և “American Prospect” հանդեսի խմբագիր:

Սկսած հիմնադրման օրվանից` «Inside Philantrophy» կազմակերպությունը ամեն տարի «Տարվա բարերար» մրցանակ է շնորհում հայտնի բարեգործներին: Այս մրցանակին տարբեր տարիներին արժանացել են Պոլ Ալլենը, Մարկ Ցուկերբերգը և Պրիսչիլա Չանը, Մայքլ Բլումբերգը, Քոննի և Սթիվ Բալմերները, Մարկ և Լինն Բենիոֆֆները:

Այս «Տարվա բարերարը» Ջորջ Սորոսն է:

Կազմակերպությունը նշում է, որ «Սա ամենակրեատիվ ընտրությունը չէ: Բայց ոչ ոք ավելի ջանք չի գործադրում հետ մղելու գլուխ բարձրացնող ավտորիտարիզմը, քան Սորոսը: Նա այսօր ներգրավված է իր «ամենամեծ ճակատամարտում» երկրի ներսում և արտասահմանում` խոստանալով նվիրաբերել մոտ 800 միլիոն դոլար` ի աջակցություն նոր օժանդակության` Կենտրոնական Եվրոպայում ակադեմիական ազատության»: 

Ի դեպ, ի թիվս այլ հիմնադրամների` այս կառույցի կայքում բազմաթիվ են «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության և Ջորջ Սորոսի մասին աշխատությունները:

Նման ուշադրությունը պատահական չէ:

Պարզվում է` «Inside Philantrophy» կազմակերպության հիմնադիր Դեյվիդ Քելըհենը տարբեր տարիներին իսկապես աշխատել է այնպիսի կազմակերպություններում, որոնք պարբերաբար ֆինանսավորվել և շարունակում են ֆինանսավորվել Ջորջ Սորոսին պատկանող հիմնադրամի կողմից և ֆինանսապես բավական կայուն կառույցներ են:

Օրինակ, Քելըհենի կողմից հիմնադրված «Demos» (իրավաբանական անվանումը` “Demos: A Network for Ideas and Action, Ltd.”) կենտրոնը միայն վերջին տարիներին ԲՀՀ-ից ստացել է 3.325.000 դոլար:

2015 թվականին «Inside Philantrophy»-ում հրապարակված իր հոդվածում, որը վերնագրված է` «Philanthropy vs. Tyranny: Inside the Open Society Foundations' Biggest Battle Yet» («Բարեգործությունը ընդդեմ բռնակալության. Հայացք դեպի «Բաց հասարակության հիմնադրամների» ամենամեծ ճակատամարտ»), Դեյվիդ Քելըհենը նշում է. «Մենք չգիտենք, թե ինչ է ապագան նախապատրաստում քաղաքացիական հասարակության համար 21-րդ դարում, բայց մենք հաստատ գիտենք` ով է պատրաստվում մտնել այդ պայքարի մեջ երկար ժամանակահատվածով» (“We don’t know what the future holds for civil society in the 21st century. But we do know who’s going to be in that fight for the long haul.”)` համոզված լինելով, որ հենց «Բաց հասարակության հիմնադրամներն» է այն ուժը, որը կարող է հետ մղել բռնապետությունների վերելքը:

Ամերիկյան հետաքննական կենտրոններից «Capital Research Center»-ում իր հոդվածում Մարտին Մորս Վուստերը (Martin Morse Wooster) 2006 թվականին գրված իր հոդվածում «The Century Foundation» հիմնադրի մասին, որտեղ նույնպես Դեյվիդ Քելըհանը աշխատել է, փաստում է.

««The Century Foundation»-ի մոտ դաշնակիցներից է Ամերիկյան առաջընթացի կենտրոնը (“Center for American Progress” (CAP)), որը ստեղծվել է Ջորջ Սորոսի և ղեկավարվում է Քլինթոնի աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Փոդեստայի կողմից: 2003 թվականին New York Times-ը հաղորդել է, որ «The Century Foundation»-ի նախագահ Ռիչարդ Լեոնեն կենտրոնի (CAP) հիմնադրամներից մեկն է: «The Century Foundation»–ը և CAP-ը համատեղ հովանավորում են Անվտանգության և Խաղաղության նախաձեռնությունը, որը հատուկ շեշտադրում է կատարում առաջադեմ արտաքին քաղաքականության մեջ ի հայտ եկող նոր ձայների ճանաչման և խթանման վրա: Նախաձեռնությունը տրամադրում է ևս մեկ վկայություն ի թիվս այլոց, որոնք ապացուցում են Ջորջ Սորոսի և «The century Foundation»-ի կապի մասին. Նախաձեռնության տնօրենը Մորթոն Հ. Հալփերինն է, որը ոչ միայն CAP-ի առաջին փոխնախագահն է, այլ Բաց հասարակության քաղաքականության կենտրոնի (“Open Society Policy Center”) ղեկավարն է»:

«Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կայքէջի Դրամաշնորհներ բաժնից կարող ենք գտնել նաև միայն 2016 թվականին վերը նշված հիմնադրամին տրամադրված դրամաշնորհը` 25.000 դոլար:

Վուստերը խոսում է նաև Դեյվիդ Քելըհենի մյուս «աշխատավայրի»` “The American Prospect” հանդեսի մասին: Հանդեսը ակտիվորեն ֆինանսավորվել է «The Century Foundation»-ի կողմից` սուբսիդավորելով հատուկ բաժիններ, որոնք հնարավորություն են տալիս հիմնադրամի փորձագետներին ավելի ծավալուն հոդվածներ հրապարակել: Հանդեսը (որը համատեղությամբ հիմնադրվել է Քլինթոնի վարչակազմից Ռոբերտ Ռեյչի կողմից) և հիմնադրամը միասին ֆինանսավորում են նաև տարբեր համաժողովներ:

Ինչպես կարող ենք և հասկանալ վերոնշյալ կազմակերպությունների գործունեությունից և նրանց կողմից հրապարակված աշխատություններից, ԱՄՆ ներքաղաքական խնդիրներում նրանք առավելապես պաշտպանում են Դեմոկրատական կուսակցությանը` պայքարելով Հանրապետական կուսակցության դեմ: Գաղտնիք չէ նաև այն, որ հենց Ջորջ Սորոսը հանդիսանում է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր հակառակորդներից մեկը, ուստի այս կազմակերպությունների նման դիրքորոշման հետևում կարող է կանգնած լինել նաև այս փաստը:

Այնուհանդերձ, «Inside Philantrophy» կայքի վերաբերյալ հնարավոր չէր գտնել որևէ տեղեկատվություն, որը կփաստեր հենց այս կառույցին ԲՀՀ-ի կամ դրան կից կառույցների կողմից ֆինանսավորումը:

Ինչ վերաբերում է «Inside Philantrophy» կայքի հիմնադիր Դեյվիդ Քելըհենի հեղինակած գրքին: «The Givers» գիրքը պատմում է բարեգործների «գաղտնի» աշխարհի մասին, որոնք ամեն ջանք գործադրում են ամերիկյան կյանքը և քաղաքականությունը ձևավորելու համար` և’ լավ, և’ վատ: Ի թիվս այլոց, ինչպիսիք ենք Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, Շառլ Կոշը և այլք, պատմվում է նաև Ջորջ Սորոսի մասին: Քելըհենը համեմատում է նրանց` որոշներին դասելով պահպանողականների, որոշներին էլ` ազատական, իսկ մյուսներին էլ լիբերտարիանական գաղափարախոսությանը: Մասնագետը նշում է, որ այնպիսի բարեգործներ, ինչպիսիք են Սորոսը և Կոշ եղբայրները, որոնք ջանքեր են գործադրում ազդեցություն ունենալ հանրային քաղաքականության վրա` ուղղակիորեն քաղաքական ներդրում ունենալով և մեծ գումարներ ծախսելով հետազոտական կենտրոնների (think tank) վրա:  Այդ կազմակերպություններից են ԱՄՆ-ում գործող` «Heritage Fundation», CAP, «The Cato Institute», «The American Enterprise Institute» և այլն:

Այսպիսով կարող ենք ենթադրել, որ այս տարի «Inside Philantrophy» կայքի հիմնադրի կողմից Ջորջ Սորոսին տրամադրված մրցանակի հետևում տարիներ ձգվող համագործակցության արդյունք է:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն