Իշխանությունների «սխալմունքը». քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում «Ադրբեջան» գրելը ավանդույթ է դառնում

article-image

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ահանզանգերը, որ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը:

Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր մի անձնագիր, որտեղ ծննդավայր էր նշված Ադրբեջանը:

Ի տարբերություն ռուսական անձնագրերի, որտեղ նշվում է` «Азербайджанская ССР»` հայկական անձնագրերում նշվում է` Ադրբեջան:

Շատ դեպքերում Ադրբեջանական խորհրդային հանրապետությունում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում ծնված անձի անձնագրում արձանագրվում էր` Հայաստանի Հանրապետություն:

Սա խնդրահարույց ձևակերպում է, քանի որ հետխորհրդային տարիներին անձնագրային փոփոխություններ կատարած քաղաքացիների տվյալների դեպքում «Azerbaijan/ Ադրբեջան» գրելը ճիշտ չէ: «ԱԽՍՀ/ Azerbaijani SSR» գրելը առավել հստակ է:

Եթե այս խնդրի առնչությամբ «խառնաշփոթը» որոշ չափով պարզ է, ապա ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչի վարորդական իրավունքի վկայականում նշվել «Ադրբեջան»:

Վկայականը հրապարակած օգտատերը նշել էր, որ պատկան մարմինները նշել են, որ «GPS-ով ցույց է տվել Ադրբեջան, Ադրբեջան էլ նշվել է»:

Քանի որ թեմայի շուրջ մեծ աժիոտաժ և քննարկումներ սկսվեցին, գործին խառնվեց հայտնի ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը` Infocheck-ը: Վերջինիս փոխանցմամբ` Տավուշի մարզպետարանից տեղեկացրել են, թե «Քաղաքացու վարորդականում սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդյավայր նշվել է Հայաստան»: Ստացվում է` սխալմամբ Հայաստանի փոխարեն հերթական անգամ Ադրբեջան է գրվել: Եթե սխալմունք է տեղի ունեցել, կարելի էր Հայաստանի փոխարեն գրել ցանկացած պետության անվանում, բայց հենց Ադրբեջա՞ն:

Ներկայիս իրադարձությունների ֆոնին նման դեպքերը առավել ցավոտ են ընդունվում հասարակության կողմից և նորանոր հարցեր առաջացնում: Ինչպես է ստացվում, որ հենց Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչը պիտի ստանա վկայական, որի մեջ գրված է «Ադրբեջան», իսկ նման դեպքերը արդեն ավանդույթ են դառնում:

Միգուցե մեզ համար նոր զարգացումներ և անակնկալնե՞ր են սպասվում, այս անգամ` Տավուշում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն