Մարտնչող դավաճանը. Նազելի Բաղդասարյան

article-image

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտնի պատգամավորներից մեկը` Նազելի Բաղդասարյանը, մեկ այլ` «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» լրատվականի հետ զրույցում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրներից, ինչպես նաև անդրադարձել նախօրեին տարածվող մի քանի լուրերի մասին, որոնք կապված էին Սյունիքում ադրբեջանական զինվորների ազատ ելումուտի և Տավուշում հնարավոր նոր «սահմանային ճշգրտումների» հետ:

Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է. «ես կարծում եմ, որ սա հայտնի գործիքակազմ է, և մեդիայի այս գործիքը սովորաբար օգտագործում են պատերազմական վիճակում, օրինակ` թշնամի երկրի հանդեպ: Ինչու են մեր երկրում որոշակի «մեդիագուրուները» այս տարբերակն օգտագործում սեփական ժողովրդի դեմ, սա ինձ համար իրապես հարց է»:

Պատգամավոր Բաղդասարյանը «դատապարտելով» նման լուրերի տարածումը, ցավ է ապրում, քանի որ «նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը ամեն ինչից զատ պետք է ունենա պետական մտածողություն, և հասկանա, որ դա ուղղակիորեն վնաս է հասցնում մեր երկրին»:

Տիկին Բաղդասարյանին կարելի է խորհուրդ տալ ոսկեղենիկ հայերենով զավեշտի մակարդակի տողեր հնչեցնելուց առաջ նախ նայել սեփական թիմին և հասկանալ` ովքեր ունեն պետական մտածողություն, և ովքեր են վնաս հասցնում սեփական ժողովրդին հենց իր թիմի ներսում:

Ավելին, պատգամավորը պետք է մի փոքր ազնվություն դրսևորի և պատասխանի մի շարք պարզ հարցերի, որոնցից են օրինակ` ովքե՞ր են ստել սեփական ժողովրդին ամբողջ պատերազմի ընթացքում, ովքե՞ր են շարունակել ստել սեփական ժողովրդին պատերազմից հետո մինչ օրս, ովքե՞ր էին խաղում թշնամու տեղեկատվական օգնականի դերը Ապրիլյան պատերազմի ընթացքում և այլն:

Այնուհետև պատգամավորը ևս մեկ անգամ ստեց:

Խոսելով դեկտեմբերի վերջին կնքված գաղտնի փաստաթղթի մասին, որը հրապարակվել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից` Բաղդասարյանը նշում է. «Աշխատակարգային առումով որոշակի քննարկումներ եղել են, և կա այդ փաստաթուղթը, բայց իրավական առումով, երբ նշվում է, որ ևս մեկ համաձայնագիր է եղել, ևս մեկ հայտարարություն է եղել, դա այդպես չէ»: Նա նշում է, որ հրապարակված փաստաթուղթը աշխատակարգային փաստաթուղթ է, և դրա հրապարակումը սխալ է համարում, «առավել ևս որ այն իրականությանը չի համապատասխանում»:

Պետք է նշել, որ կառավարությունը, ի դեմս` Տիգրան Ավինյանի, այդպես էլ չէր հերքել փաստաթղթի առկայությունը, որով սահմանվում էին ՀՀ սահմանային որոշ խնդիրներ, զորքերի տեղաշարժ և այլն: Նման դեպքում, հարց է առաջանում, թե` հաստատելով հանդերձ նման փաստաթղթի գոյությունը և «ստորագրման» փաստը` ի՞նչ է խոսում պատգամավորը: Ի՞նչը իրականության չի համապատասխանում այն դեպքում, երբ հենց երեկ էր տարածվել տեսանյութը, ըստ որի` ադրբեջանական զինվորները անարգել շրջում են Կապանով ու տեսագրում շրջակայքը, իսկ արդեն իսկ սահմանազատված հատվածներում իրականացնում են ինժեներական աշխատանքներ և խրամատներ փորում:

Նազելի Բաղդասարյանի համար նոյեմբերի 9-ի հայտարարությունը «հայտարարությունից բխող կետերը երաշխավորում են մեր անվտանգության հարցերը և տարածաշրջանում խաղաղությունը այս պահին»:

«Իրո՞ք». դասականի խոսքերը տեղին են, սակայն ըստ էության`

Հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարողանում լիարժեքորեն օգտագործել Գորիս-Կապան ճանապարհահատվածը, հանձնվել են գյուղերի արոտավայրերը, դաշտերը, Շուռնուխ գյուղի կեսը, Ագարակ գյուղը գրեթե անկլավային վիճակում է, ամենուրեք «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ պաստառներ են: Այսպես է նոյեմբերի 9-ի հայտարարությունը «երաշխավորում» մեր անվտանգային հարցերը: Իսկ խաղաղության մասին խոսելն ավելորդ է դառնում թուրք-ադրբեջանական զորավարժությունների, Ադրբեջանից եկող նոր սպառնալիքների և Զանգեզուրի «գրավման» ֆոնին:

Սակայն Նազելի Բաղդասարյանի փայլուն մտքերը վերաբերում էին ռազմագերիներին:

«Որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև, թույլ տվեք ասել, որոշակիորեն ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին: Իսկ այսօր, ցավոք սրտի, մենք ունենք տասնյակներով մեր հայրենակիցներ, որոնք գտնվում են գերության մեջ»,- ասում է Նազելի Բաղդասարյանը, և անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը` հորդորում. «եթե դուք շփում ունենաք այն մարդկանց հետո, որոնց հարազատները գերեվարված են, ապա ձեզ նման շռայլություն թույլ չեք տա»:

Փոխարենը Բաղդասարյանը ինքն իրեն նման շռայլություն է թույլ տալիս` օգտագործելով ներքաղաքական գործընթացների ազդեցության կեղծ պատրվակը ներկայիս իշխանությունների ապիկարությունը ցույց տալու համար:

Եվ հետաքրքիր է, թե ներքաղաքական ի՞նչ գործընթացներ տեղի ունեցան անցած շաբաթ:

Հենց Նազելի Բաղդասարյանի քաղաքական առաջնորդն էր, որ պետական ամբողջ համակարգը լծել էր վարչական ռեսուրսով հանրահավաք անելու գործին, ապակայունացրել էր ներքաղաքական իրավիճակը, շրիշակի մակարդակի է իջեցրել դաշնակցի և ըստ էության` Ադրբեջանի հետ գլխավոր բանակցողի` Ռուսաստանի հետ հարաբերությունները և մի շարք այլ փաստեր: Եվ սա այն դեպքում, երբ այսօր էլ Ադրբեջանի լկտի և ռազմատենչ հայտարարություններին շարունակում են պատասխանել ընդդիմադիր քաղաքական գործիչները:

Այս ամենով հանդերձ` Բաղդասարյանը դեռ շարունակում է այս կեղծ թեզի շրջանառումը, որով հերթական անգամ վիրավորում և անհանգստացնում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և գերեվարված զինծառայողների հարազատներին:

Եվ սա այն դեպքում, երբ հենց Նազելի Բաղդասարյանն էր, իր համար ցավոտ և «կարևորագույն» հարցը թողած, Ազգային ժողովի ամբիոնից հոխորտանքով խոսում էր Հայաստանում դատական համակարգի «կույր աղիք» լինելու և այն վերափոխելու մասին:

Նազելի Բաղդասարյանը նաև այն պատգամավորներից է, որը բյուջեի հաշվին հետպատերազմյան Հայաստանում «գործուղվում է» Սյունիք և Արցախ, սակայն` թե ինչ հարցեր է լուծել կամ լուծում պատգամավորը այնտեղ, դժվար է հասկանալ:

Նման կեղծ օրակարգերով, ստերով ու կեղքծիքներով և հասարակական ճեղքումներ առաջացնելով էլ Նազելի Բաղդասարյանը շարունակում է իր հակապետական գործունեությունը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն