Նիկոլ Փաշինյանի և «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի «գրոհը» Politik.am և AntiFake.am լրատվամիջոցների խմբագիրների դեմ

article-image

Ինչպես հայտնի է, այսօր՝ հունվարի 12-ին, վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակում «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ, առանց մակագրության հոդված է հրապարակվել, որում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «մեղադրվում էր» վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի, դեմ քարոզչական արշավ համակարգելու, հակաքարոզչություն ֆինանսավորելու, ֆեյքերի միջոցով Փաշինյանի հոգեկան շեղումների և հոգեկան հիվանդության  լուրերի տարածման մեջ։

Այս ամենում, ըստ ՀԺ «անհայտ հեղինակի», Վանեցյանին աջակցել է Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն «տրվել է» քաղաքագետ.օռգ  անվանումը։

Եթե փորձենք «գաղտնազերծել» քաղաքագետ.օռգ անվանումը, ապա կստանանք Politik.am կայքի անվանումը, որի մասին նաև հուշում է ՀԺ հոդվածի այն մասը, որտեղ խոսվում է Վանեցյանի նախկին խոսնակ և ըստ ՀԺ-ի ներկայիս PR մենեջեր Վահագն Բոյաջյանի մասին․ «Նա համակարգում էր վարչապետի ընտանիքի անդամների, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ լրատվական արշավը, երբեմն իրենց լրատվամիջոցներին փոխանցելով այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հասանելի են միայն ԱԱԾ աշխատող լինելու բերումով. օրինակ` ավտոմեքենայի պետհամարանիշեր»։ Այս ամենի «տողատակերում գրված է»՝ Փաշինյանի դստերը սպասարկող 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի  ամենագնացի հրապարակման սկզբնաղբյուրը հանդիսանում է Politik.am կայքը։

Նշված կայքի խմբագիրը՝ Բորիս Մուրազին, ՀԺ-ում տվյալ հոդվածի հրապարակումից որոշ ժամանակ անց գրել է«Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում եմ լուրջ բան չկա։ Հետո հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցը «ընկերական» ինձ գրում է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Մինասյանի, Սաղաթելյանի ու ինչ որ խմբագրի մասին՝ ես եմ։ ․․․ Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Վստահ եմ նաև, որ հոդվածում նշված պնդումների մասով որևէ ապացույց չեն գտել, բայց կարդացել են մի շարք անձնական նամակներ։ Սա իշխանությունների կողմից համարում եմ հստակ ճնշում ինձ վրա, որը կապված է լրագրողական գործունեությանս հետ։»

Մուրազիի հրապարակմանը հաջորդել է AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի հրապարակումն այն մասին, որ  հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30-ին հարձակում է տեղի ունեցել իր ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իր էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ քնած ժամանակ, որպեսզի կանխելու հնարավորություն չունենա։ «Այսօր տեղեկացա, որ գիշերով նման հարձակում է տեղի ունեցել նաև politik.am կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջի վրա։ ․․․ Եթե սկզբում կասկածում էի, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ, ապա հիմա կասկած անգամ չունեմ։ Այս միջոցով անմիտ փորձ է արվել տեղեկություններ ստանալ AntiFake.am-ի հրապարակումների աղբյուրների վերաբերյալ, ինչը, ինչ խոսք, չի հաջողվել։Դա է վկայում նաև ֆեյսբուքյան էջերը կոտրելուց և ապօրինի մուտք գործելուց հետո առավոտ լույսով «ՀԺ»-ում հրապարակված politik.am-ի դեմ գրված քարոզչական բնույթի հոդվածը» - գրել է Մաթևոսյանը։

Թե՛ Մուրազին, թե՛ Մաթևոսյանը նշել են, որ այս ամենը իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն է լրատվականների գործունեությանը։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Փաշինյանի «հազարավոր» պնդումներն այն մասին, թե մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ, չի համապատասխանում իրականությանը։ Իսկ նախկին ընդդիմադիր լրագրող և ներկայիս վարչապետ Փաշինյանին պատկանող լրատվականը «զբաղված է» պրոպագանդիստական բնույթ ունեցող անանուն բազմաթիվ հոդվածների հրապարակմամբ, որոնք, ի դեպ, հեղինակի բացակայության պարագայում վերագրվում են կայքի գլխավոր խմբագրին՝ այս դեպքում Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ով մինչ այս պահը armtimes.com կայքում ներկայացված է որպես գլխավոր խմբագիր։

Ավելի ուշ թեմային անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով գրել է«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:»

Նկատենք, որ ՀԺ-ի հոդվածի հրապարակումից հետո «ֆեյքային հարձակումներ» են գրանցվել նաև Մուրազիի և Մաթևոսյանի հրապարակումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ լուսաբանումներին, որոնք արագորեն «ողողվել են» անձնական բնույթի վիրավորանքներով, սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով, ինչն ուղղված է վերջիններիս մասնագիտական գործունեության դեմ։ Այս ամենի հետևում երևում է «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի «ականջները»՝ հարյուրավոր ֆեյքերով և երբեմն՝ իրական օգտատերերով, որոնք անուն առ անուն կհրապարակվեն առաջիկայում։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն