Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության ոդիսականը. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը անցել է համալիր բուժզննում

article-image

Օրեր առաջ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակում» «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ, առանց մակագրության հոդված էր հրապարակել, որում «անհայտ» հոդվածագիրը, իր աղբյուրներին հղում կատարելով, տեղեկացնում էր, որ Փաշինյանների ընտանիքի դեմ որոշ շրջանակներ հակաքարոզչություն են իրականացնում: Հոդվածում որպես հակաքարոզչության օրինակ էր ներկայացվում ֆեյքերի միջոցով ասեկոսեների տարածումը, թե վարչապետ Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ՝ հոգեկան հիվանդություն:

«Պլանը եղել է հետևյալը. Այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց»,- գրված է հոդվածում:

Հոդվածի հրապարակումից ընդամենը երեք օր անց «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը «Վարչապետը կատարյալ առողջ է և չունի առողջական որևէ խնդիր. նա անցել է բուժզննում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ «ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է և չունի առողջական որևէ խնդիր»:

Նկատենք, որ վարչապետը բուժզննում անցել է հունվարի 12-ին, որը «տարօրինակ զուգադիպությամբ» համընկնում է «Հայկական Ժամանակում» հրապարակված հոդվածի ամսաթվի հետ: Այս առնչությամբ մի շարք հարցեր են առաջանում: Մասնավորապես՝

  1. Ինչու՞ է Փաշինյանը բուժզննում անցել հենց հունվարի 12-ին` ճիշտ այն օրը, երբ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը, իր աղբյուրներին հղում անելով, հրապարակայնացնում է Փաշինյանի հոգեկան առողջության մասին տարածվող ասեկոսեները, այլ ոչ թե մեկ այլ օր:
  2. Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ էր «ՀԺ»-ում հրապարակվելիք հոդվածի բովանդակության մասին և բուժզննում անցնելով` ապահովագրել է իրեն: Եթե իսկապես անցել է համալիր բուժզննում, արդյո՞ք զննման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ենթարկվել է նաև հոգեկան առողջության վերաբերյալ զննության, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջությունը բնորոշում է որպես անձի ֆիզիկական, ՀՈԳԵԿԱՆ և սոցիալական լիակատար բարեկեցություն։
  3. Ինչու՞ է այդ ամենի «արդարացումը» գրվում «Արմենպրեսի» կողմից: Սա առաջին դեպքը չէ, երբ այս հեղինակավոր լրատվամիջոցը իր պարտքն է համարում արդարացնել Փաշինյանների ընտանիքի այս կամ այն քայլը, կամ պարզաբանումներ ներկայացնել նրանց ընտանիքի շուրջ «ասեկոսեների» վերաբերյալ:
  4. Ինչպե՞ս է ստացվում, որ AntiFake.am-ի հարցումներին մշտապես ուշացումներով պատասխանող վարչապետի աշխատակազմը այդքան կարճ ժամանակահատվածում՝ հնարավոր 1-3 օրերի ընթացքում, արագորեն պատասխանում է «Արմենպրեսի» հարցմանը:
  5. Արդյո՞ք Փաշինյանները պետական լրատվական գործակալությունն օգտագործում են իրեն շահերի սպասարկման, տվյալ դեպքում` իրենց վերաբերյալ ասեկոսեների հերքման համար:

Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով AntiFake.am-ը հարցումներ է ուղարկել «Նաիրի» բժշկական կենտրոն և վարչապետի աշխատակազմ: Հետաքրքիր կլինի «Արմենպրեսի» և AntiFake.am-ի նույնաբովանդակ հարցման թե՛ պատասխանի բովանդակության, թե՛ հարցման պատասխանի կատարման և ուղարկման ժամկետները վարչապետի աշխատակազմի կողմից: 

Նկատենք նաև, որ վարչապետի հոգեկան առողջության վերաբերյալ քննարկումների առիթ տալիս է հենց ինքը՝ Փաշինյանը, երբ խոսում է Թումանյանի անունից, Հիսուսի բարդույթից, իրեն համեմատում է Հիսուսի հետ, իրեն համարում Հռոմի Պապը, հանդես է գալիս  ոչ նորմատիվային և վարչապետին ոչ վայել արտահայտություններով, ինչպես, օրինակ, «քյաբաբ առ քյաբաբ», «խորովածի բույր», «քուչա առ քուչա», «ոսկեջրած աթոռներ և կեղտոտ ունիտազներ», «անջատած բենզապիլաներ», «բոմժի կարգավիճակ», «ծաղկավոր բաբչկա», «դնջացնող թան»: Այս ամենը, բնականաբար, լսելի և ընդունելի չէ հայաստանյան քաղաքական մշակությում, այն էլ` երկրի առաջին դեմքի շուրթերից: Մի՞թե սրանք այն թեմաներն են, որոնց, անգամ կատակի մակարդակով, պետք է անդրադառնա վարչապետը՝ այն էլ այսպիսի բառապաշարով:

Բացի այդ, վարչապետը երբեմն ուղիղ եթեր է մտնում «հունից դուրս եկած վիճակում» և չափազանց զգացմունքային ելույթներ ունենում, որոնք որոշ դեպքերում վերածվում են «սպառնալիքների», ինչպես, օրինակ, հանգիստ տեղները նստելու կոչը, ասֆալտին փռելու սպառնալիքները և այլն, որոնք ոչ միայն կիրառվում են իմքայլականների կողմից, այլ նաև հասարակության համար օրինակ են հանդիսանում: Այս ամենն էլ Փաշինյանի կողմից ուղեկցվում է դեմքի արտահայտությունների ակնթարթային փոփոխություններով կամ բարկացած վիճակից դեպի ուրախ, նորմալ վիճակի կտրուկ անցումներով և հակառակը, ինչն էլ իրական մտագոհությունների առիթ է հանդիսանում: 

Ուստի ինչ-որ ֆեյքային մեկնաբանությունների վրա սեփական վարքագծի և սխալ քաղաքականության արդյունքում գրանցած անհաջողությունները «բարդելը» լուրջ չէ իշխանական ընտանիքի կողմից:

Մի՞թե իշխանության եկածները չեն գիտակցում, որ անկախ այն հանգամանքից, թե ով է կանգնած իշխանության գլխին՝ «ժողովրդի վարչապե՞տը», թե՞ «երկիրը թալանողները», միևնույն է, նրանք, հանդիսանալով երկրի առաջին դեմքերը, պետությունը միջազգային ասպարեզում ներկայացնողները և ի նպաստ պետության շահերի բանակցություններ վարողները, անկախ ստեղծված իրավիճակից և հանգամանքներից, պետք է պահպանեն զսպվածություն, հավասարակշռություն և գործեն ու խոսեն մտածված, սահմանափակված լինեն էթիկայի նորմերով, որոնց պահպանության պարագայում ցանկացած նմանատիպ «հակաքարոզչություն» կունենա զրո դեր պետության դեմքերի անվանարկման գործընթացում:

Եթե Փաշինյանի այդ աստիճան բարկության և անհավասարակշռված ելույթների պատճառը «սերմացու գողացող մկներն» են, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Փաշինյանի բարկությունը առավել լուրջ դեպքերում` դժվար է կանխատեսել: Սա է, որ իրապես մտահոգիչ է:

 

Հեղինակ` Մարի Ամիրջանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն