(VIDEO) Փաշինյանը դատարաններին չկարողացավ ընտելացնել, իրավապահ մարմինները քավության նոխազ կդառնա՞ն. հակասական հայտարարությունների հետքերով

article-image

2018 թվականի իշխանափոխությունից հետո դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի մշտական թիրախում է գտնվում։ Դատարաններին ենթարկեցնելու Փաշինյանի նկրտումները ակնհայտ դարձան 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ նոր իշխանության գործունեության 100-րդ օրը, երբ վարչապետը հայտարարեց, որ չկա այնպիսի դատավոր, ով իրեն չենթարկվի։ Դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը շարունակվեց հետագարում՝ «վնգստացող» ու «պատերի տակ տերեր փնտրող» դատավորների մասին հայտարարություններով։

Այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում Փաշինյանն անճանաչելի էր դատարանների նկատմամբ վերաբերմունքի առումով։ Նրա գործունեությանը վերջին երեք տարիների ընթացքում հետևածները կփաստեն, որ Փաշինյանն ատում է հայկական դատարաններին, քանի որ իր պատկերացումներով` դատական իշխանությունը «նախկին» է և չի առաջնորդվում «հեղափոխության նպատակներով»։

Այսօր ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, նշել է, որ դատարանները պետք է անկախ լինեն, և կարևոր չէ, թե դրանց կայացրած որոշումները «իշխանությունների դուրը կգան, թե ոչ»։ Առաջին հայացքից հիանալի ձևակերպում է, որը տեղավորվում է ժողովրդավարության տրամաբանության մեջ։ Սակայն Փաշինյանի՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու վարքագծի առնչությամբ ընթերցողին հիշեցնում ենք մի քանի դրվագներ, որոնք տեղի են ունեցել ոչ հեռավոր անցյալում։

2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատ էր արձակվել: Դատավորը փոխել էր խափանման միջոց կալանքը` փոխարինելով այն անձնական երաշխավորությամբ։ Անմիջապես հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը։ Ակնհայտ էր, որ Փաշինյանի կոչը պայմանավորված էր ուղիղ մեկ օր առաջվա դատական որոշման հետ, որը քաղաքական նկատառումներից ելնելով իրեն ձեռք չէր տալիս։ Մայիսի 20-ի առավոտից մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնց թվում էին նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, կաթվածահար արեցին դատարանների աշխատանքները։

Հաջորդ ուշագրավ դրվագը Սահմանադրական դատարանի դատավորներին, մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հետևողականորեն հետապնդելն էր՝ «իշխանության սրտի» Սահմանադրական դատարան ունենալու համար։ Դրա հանգրվանը 2020 թվականին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կազմակերպելն էր և «Այո»-յի քարոզարշավ մեկնարկելը, որի նպատակն էր կազմալուծել ՍԴ-ի նախկին կազմը։ Այս գործընթացին լծված էին իշխանական պատգամավորները, գործադիր իշխանության ներկայացուցիչները և իշխանական մեդիահարթակները։ Այս ընթացքում օրակարգային թեմաներից մեկը հայտնի Ստամբուլյան կոնվենցիան էր, որի վավերացման համար Փաշինյանին ՍԴ-ում հավատարիմ դատավորներ էին պետք։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով, սակայն իշխանությունը հետ չկանգնեց ՍԴ կազմը լուծարելու իր նպատակից։

Սահմանադրական դատարանի անդամների ու նախագահի լիազորությունների ժամկետը հակասահմանադրական գործընթացների արդյունքում դադարեց։ Ձևավորվեց «իշխանության սրտի» ՍԴ կազմ, սակայն բոլորովին վերջերս պարզվեց, որ Սահմանադրական դատարանի նոր կազմի համար էլ օրենքն ու Սահմանադրությունը վեր են իշխանության սրտի ցանկություններից։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով «Մարտի 1-ի» գործով որպես մեղադրյալ անցնում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ևս երեք նախկին պաշտոնյաներ։ Արդյունքում՝ վերջիններիս նկատմամբ նշված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց, և նրանք արդարացվեցին: 

Իշխանության համար հաջորդ «սառը ցնցուղը» «սյունյաց ողջույնների» համար բերման ենթարկվածներին ու քննիչների կողմից կալանավորվածներին դատարանների ազատ արձակումն էր: 

Ստացվում է, որ չնայած Փաշինյանի՝ դատարանները ենթարկեցնելու հետևողական ջանքերին` դատարանները մինչ օրս չեն ենթարկվում գործող իշխանությունների հրահանգներին, և մեկը մյուսի հետևից ոչ իրավաչափ են ճանաչում գործող իշխանություններին քննադատողներին ազատությունից զրկելու քննիչների որոշումներն ու իրավապահ մարմինների մյուս հակաիրավական գործողությունները։

Փաշինյանը դատարաններին չկարողացավ ընտելացնել, գուցե իրավապահ մարմիննե՞րը քավության նոխազ դառնան։

Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում Փաշինյանի ելույթից կարելի է նկատել, որ վերջինս կասկածի տակ է դնում իրավապահ մարմինների գործողությունների որակը և պրոֆեսիոնալիզմը։ Դատարաններին իշխանության ցանկալի որոշումները դակող գործիք դարձնել չկարողանալուց հետո արդեն կարելի է մեղադրել իրավապահ մարմիններին՝ վատ միջնորդություններ ներկայացնելու և ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։

Սակայն սա էլ ամենը չէ։ Վերջին շրջանում Փաշինյանն ակտիվորեն լծվել է նախընտրական քարոզարշավի: Պատերազմում պարտված ղեկավարը ամեն բան անում է, որ համոզի ընտրողներին։ Դատարանները վերափոխելու խոստումը Փաշինյանը իր քարոզարշավի խաղաթղթերից մեկն է դարձրել. բնակիչներին առաջարկում է. «հունիսի 20-ին գնալ ու «դատել» բոլոր նրանց, որոնց դատարանները պետք է դատեին, բայց չեն դատել»։ Ստացվում է՝ Փաշինյանը ԱԺ ամբիոնի մոտ գոհ է դատական իշխանության աշխատանքից և սխալ է համարում միջամտություն իրականացնելը, իսկ քարոզարշավների ժամանակ՝ դժգոհ է։

Վարչապետի պաշտոնակատարը այս դատական իշխանության հարցում նույնպես ցայտնոտի մեջ է. նախ ուզում է «վերափոխել» «վնգստացող» դատական համակարգը, ապա համարում, որ իրականում դատարաններն անկախ են, և գուցե իրավապահ մարմիններն են վատը, ապա իր մարզային այցերի ընթացքում աջակիցների հետ հանդիպումների ժամանակ նրանց ասում, որ ժամանակ չեն ունեցել դատական համակարգը առողջացնել, և այն, որ դատարաններից դժգոհ քաղաքացիները կարող են հունիսի 20-ին իրենց քվեով «դատել»։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն