Խոնարհվող դահիճը. «168 ժամ»

article-image

«168 ժամ» թերթը գրել է.

«Քաղաքականությունը, առնվազն գաղափարաբանական, փիլիսոփայական հարթությունում՝ խիստ բարոյական զբաղմունք է, որովհետև դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։ Քաղաքականությունն անբարոյական են դարձնում այդպիսի քաղաքական գործիչները, ինչը, սակայն, որևէ պարագայում չի նսեմացնում այդ երևույթի բարոյական նշանակությունը։

Բարոյական քաղաքականությունը, հասկանալիորեն, բարոյական մարդկանց զբաղմունք է, ինչից գրեթե կատարելապես, չնչին բացառություններով զուրկ է հայաստանյան քաղաքական դաշտը։ Դրանով է մեծապես պայմանավորված քաղաքականության նկատմամբ հանրության վերաբերմունքը, այն որպես ապաբարոյական ինստիտուցիա ընկալելու տարածված իրողությունը։

Հայաստանում քաղաքականությունն այդպես է ընկալվում նաև այն պատճառով, որ առանձին անհատներ ու խմբեր քաղաքականություն, դրա միջոցով էլ՝ իշխանության են գալիս ոչ թե ինչ-որ բան տալու, այլ բացառապես ստանալու մղումով։ Հենց դա է բարոյական քաղաքականությունը տարբերում հայկական քաղաքականությունից, որտեղ բոլորը միայն վերցնողներ են։ Քաղաքական բարոյականությունը, մինչդեռ, ենթադրում է զոհողություն ու զոհաբերություն՝ բառի փոխաբերական, բայց որոշակի իրավիճակներում՝ նաև ուղիղ իմաստներով։

Ահա, ուրեմն, հայկական քաղաքականության մեջ գրեթե ամբողջությամբ բացակայում է զոհաբերության ինստիտուտը, առանց որի՝ քաղաքականությունը չի կարող լինել բարոյական ու մարդակենտրոն։ Խոսքն իրական և ոչ քարոզչական զոհաբերության մասին է, քանի որ ելույթներում ու կոչերում բոլորը հերթ են կանգնում «հայրենիքի համար զոհվելու համար»։ Բայց որքան բարձր են հնչում հայրենազոհության մասին պաթետիկ խոստումները, այնքան դրանց հեղինակները հեռու են իրական զոհաբերությունից ու զոհողությունից։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ քաղաքականության մեջ իրական զոհաբերողների տոտալ բացակայության պայմաններում, զոհն ու զոհաբերությունը դարձել է հայկական իրականության անբաժանելի մասը։ Բայց զոհվում ու զոհաբերվում են ոչ թե պոլիտիկանները, ինչը տեղին է բարոյական քաղաքականության պարագային, այլ քաղաքացիները, որոնց զոհաբերությունը քաղաքական գործիչների, իսկ վերջին պատերազմից հետո՝ առաջին հերթին՝ իշխանության համար դարձել է հաշվապահական ցուցանիշ։

Պլյուս-մինուսով, ինչպես հայտարարել է զոհաբերության մասին լալահառաչ տեքստեր ասողն ու անգամ սեփական թիմակիցների շրջանում զրահաբաճկոնով շրջողը, գերագույն գլխավոր զոհաբերողը։ Նրա իշխանությունը քաղաքական դաշտում ու հանրային կյանքում առաջին պլան մղեց զոհի ու զոհաբերության ինստիտուտը, այն դարձրեց եռանիշ թվերով հաշվելի ու չափելի։

Մատաղի ավանդույթ ունեցող հայ հասարակությունը լուռ համաձայնություն տվեց իշխանության կողմից սեփական զավակների զոհաբերության հավաքական ակտին՝ երևի նաև այն պատճառով, որ զոհաբերողը վարժ առոգանությամբ ու դեմքի տվայտալից արտահայտությամբ կարողանում է խոնարհվել բոլոր զոհերի ու նրանց հարազատների առաջ։

Տեղի ունեցածն իրականում դիվային գործարք է՝ «խոնարհում՝ երեխաների դիմաց» հրեշավոր սկզբունքով։ Եվ գործարքի շահառուն, իրերն իրենց անուններով կոչելու դեպքում, ոչ թե ուղղակի զոհաբերող է, այլ խմբակային դահիճ, որը՝ մարսած համարելով հավաքական զոհաբերության վերջին ակտը, հայտ է ներկայացնում մարդկանց նոր զոհողությունների առաջնորդելու համար։ Ժանրի բոլոր կանոններով՝ բոլոր զոհերի առաջ անհատապես խոնարհվելու էժան խոստումով։

Եվ քանի որ պատմության մեջ խոնարհվող դահիճների մասին վկայություններ չեն հիշատակվում, ժամանակակից Հայաստանը դրանում կդաջվի նաև իր այս աննախադեպ սատանայականությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «168 ժամ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝  «168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն