Ես համոզված եմ, որ բանակում կորուստների թիվը կարելի է նվազեցնել համակարգված աշխատանքով. Կարեն Վրթանեսյան

article-image

2020 թվականի առաջին ամիսների ընթացքում հայկական բանակում արդեն իսկ 13 ոչ մարտական ցավալի կորուստ ենք ունեցել:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը ամփոփել էր 2020 թվականի հունվար ամսվա տվյալները, համաձայն որի` զինված ուժերում ունեցել ենք վեց կորուստ, իսկ փետրվարի առաջին կեսին արդեն իսկ ունենք յոթ զոհ:

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սյունիքի մարզի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ձնահյուսի տակ է մնացել չորս պայմանագրային զինծառայող: Նրանցից երեքը` Կարապետ Նազարյանը, Տիգրան Արզումանյանը և Նվեր Շահբազյանը, մահացել են: Չորրորդ զինծառայողին` Համլետ Միրզոյանին հաջողվել էր դուրս բերել ձնահյուսից:

Փետրվարի 9-ին Պաշտպանության բանակի N զորամասի տարածքում անգիտակից վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Պետրոսյանը: Զինծառայողը զինվորական հոսպիտալում մահացել էր:

Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ երկու զինծառայողներ` Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը:

Բանակում կատարվող ցանկացած իրադարձության նկատմամբ հանրության զգայունությունը շատ բարձր է: Այդ իսկ պատճառով այսօր իշխանությունների կողմից բազմաթիվ անհարկի շահարկումները տեղին չեն: Ցավոք, այդ շահարկումներից զերծ չի մնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախորդ տարեվերջին հրապարակեց «վիճակագրություն»` ըստ որի` «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել»: Սակայն սա, ինչպես և Նիկոլ Փաշինյանի այլ վիճակագրական հայտարարություններ, սխալ էր:

Բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ զրուցել ենք «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

-Պարո’ն Վրթանեսյան, 2020 թվականի երկու ամիսների ընթացքում արդեն իսկ 12 ոչ մարտական կորուստ ունենք: Այս համատեքստում, Ձեր կարծիքով, ինչո՞վ են պայմանավորված սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը և ի՞նչ հավանական բացատրություն ունեն: Ո՞րն է դրանց հիմնական պատճառը:

- Միանգամից նշեմ, որ ոչ բոլոր դեպքերն են ինքնասպանություններ և սպանություններ։ Օրեր առաջ ձնհոսքից 3 զինվորական զոհվեց, այս տարի նաև հիվանդությունից մահանալու դեպք է եղել։ Մահվան ելքով միջադեպերից խոսելիս պետք է հասկանալ, որ դրանք շատ տարբեր պատճառներ կարող են ունենալ. ոչ կանոնադրական հարաբերություններից և սպայակազմի կոպիտ թերացումներից սկսած, վերջացրած զինվորի ընտանիքում եղած խնդիրներով։

Չի կարելի միայն հաղորդագրությունների կամ լրատվական նյութերի հիման վրա միանգամից մեղավոր ու անմեղ նշանակել, պատճառներ գուշակել և այլն։

Ես համոզված եմ, որ բանակում կորուստների թիվը կարելի է նվազեցնել համակարգված աշխատանքով, այդ թվում` դաստիարակչական, կրթական, նաև հետազոտական։ Ընդ որում այդ աշխատանքը պետք է տարվի նաև նախազորակոչային տարիքի պատանիների հետ, կուրսանտների հետ։

Պետք է հասկանալ, որ այսօրվա 16–20 տարեկաններն արդեն նոր սերունդ են և ինչ-որ մոտեցումներ, որոնք նախկինում գուցե և լավ են աշխատել, այսօր պետք է թարմացվեն կամ ընդհանրապես նոր մոտեցումներ մշակվեն։ Նաև այդ պատճառով եմ պնդում, որ հետազոտական լուրջ աշխատանքներ պիտի տարվեն։

Ասեմ, որ ժամանակին կար շատ կարևոր ծրագիր՝ «Դիտակետ», որի շրջանակներում զորացրված պարտադիր զինծառայողներից մեծ մասի հետ սոցիոլոգները հարցազրույցներ էին անցկացնում, ինչը հնարավորություն էր տալիս բացահայտել և հասկանալ շատ խնդիրներ։ Ցավոք, նոր իշխանություններն այդ ծրագիրը չեղարկեցին։

-Ըստ Ձեզ` այսօր ի՞նչն է նպաստում բանակում հանցավորության մակարդակի բարձրացմանը. արդյո՞ք այն ունի քաղաքական պատճառներ, թե՞ միանգամայն տեղավորվում է զինվորական ծառայության ընթացքում առաջացած բարոյահոգեբանական կամ միջանձնային խնդիրների շրջանակներում:

Չունեմ վստահելի վիճակագրական տվյալներ, որ հանցանքների թիվն աճել է բանակում։ Ինձ թվում է՝ հետհեղափոխական էյֆորիայի շրջան եղավ, երբ իրենց իրավապաշտպաններ հռչակած որոշ անձինք, որոնք նախկինում ամեն միջադեպ շեփորահարում էին, այդժ գերադասում էին լռել բանակի խնդիրների մասին։ Այս թեման նորից հայտնվեց լրատվամիջոցների և սոցցանցերի ուշադրության կենտրոնում, երբ վերջերս ի նշան բողոքի զոհված զինվորի բարեկամները որոշեցին նրա աճյունը Երևան բերել, ինչը մեծ հանրային արձագանք ստացավ։

Այնուամենայնիվ, խոսենք հնարավոր պատճառներից։ Իմ կարծիքով դրանք հետևյալն են.

Ա. 2018-ի ապրիլից հետո Հայաստանում ընդհանրապես կտրուկ աճել է հանցագործությունների, նամանավանդ ծանր հանցագործությունների թիվը։ Սա չի կարող չանդրադառնալ նաև բանակի վրա։

Բ. 2018-19թթ երկու միջադեպ եղավ, որոնք, իմ կարծիքով, բացասաբար անդրադարձան բանակում կարգապահության վրա. խաղաղապահների՝ զորամասը զանգվածաբար ինքնակամ լքելը և ապրիլյան ցույցերին մասնակցելը, և Մեղրիի գնդի միջադեպը, երբ մի շարք զինվորներ ինքնակամ լքել էին զորամասը։ Այս երկու միջադեպը հստակ գնահատական չստացան  ներկա իշխանությունների կողմից. առաջին դեպքում ոչ ոք չպատժվեց, երկրորդ դեպքում ավելի շատ խոսվեց զորամասի նոր հրամանատարին պատժելու մասին, բայց ոչ` միջադեպը հրահրող անձանց։

Գ. Ինչպես արդեն նշեցի, ունենք նաև նոր սերունդ, որը, պայմանականորեն ասած «հեռախոսում ու Ֆեյսբուքում է մեծացել», սոցիալիզացիայի լուրջ խնդիրներ ունի։ Այդ սերնդի հետ պետք է աշխատել մինչև զորակոչելը, սակայն չեմ նկատում, որ ԿԳՄՍ նախարարությանն այս հարցը մտահոգի, ու որևէ նյութական քայլեր անեն այդ աշխատանքը սկսելու համար։

-Եթե համեմատության մեջ դնենք այս տարին նախորդ տարիների վիճակագրությանը, ապա ի՞նչ համեմատական պատկեր է ստեղծվում:

-Ստացվում է հետևյալ պատկերը` («Ռազմինֆոյի» տվյալներով)

Տարի

Մարտական

Ոչ մարտ.

Ընդհանուր

2014

30

16

46

2015

41

35

76

2016

109

58

167

2017

26

50

76

2018

9

54

63

2019

4

45

49

2020թ․ 1 հունվարի – 12 փետրվարի ժամանակահատվածում գրանցվել է 12 կորուստ՝ բոլորը ոչ մարտական։ 2019թ․ նույն ժամանակահատվածում 7 կորուստ ենք ունեցել, նույնպես ոչ մարտական։

- ՀՀ զինվորական դատախազության գործունեության 2019թ. արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասել է. «Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա, եւ դա որոշակի թերացումների արդյունք չլինի»: Որքանո՞վ եք համաձայն Գլխավոր դատախազի այս դիրքորոշման հետ:

- Տեսականորեն ճիշտ է ասում, իսկ գործնականում իր ասածն իրականություն դարձնելու համար ամեն զինվորի գլխին մեկ սպա է պետք կանգնեցնել, ինչն իրատեսական չէ։

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում նաև ընդգծում է, որ «Կորուստների դեպքերը չշահարկելը չի նշանակում դրանք ծածկադմփոց անել, Ո՛Չ։ Ընդհակառակը՝ բոլոր դեպքերը պետք է շատ մանրակրկիտ քննել, զոհվածների հարազատների հետ էֆեկտիվ հաղորդակցվել (մի բան, որ երբեք չի եղել ՊՆ-ի ուժեղ կողմը) ու չթողել, որ կողքից զանազան «մեռել պարացնողները» ողբերգություն ապրած մարդկանց դարձնեն իրենց կեղտոտ խաղերի մասնակիցներ։

Ցավոք, զուսպ լինելը գրեթե անիմաստ է դառնում, երբ երկրի գերագույն գլխավոր ստատուսագիրն է կորուստների թեման դարձնում շահարկման առարկա և թեժացնում»:

Հրապարակումը արդեն պատրաստ էր, երբ ցավալիորեն ստացվեց հերթական լուրը. «Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վերքից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը»:

Մենք կիսում ենք կորստյան ծանր վիշտը և մեր զորակցությունն ենք հայտնում մահացած զինծառայողների ընտանիքներին:  

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն