16 տարի առաջ այս օրը Բուդապեշտում դաժանաբար սպանվեց լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը

article-image

2004 թվականի փետրվարի 19-ի 26-ամյա Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը:

Այդ օրերին զինծառայողները՝ նաև Հայաստանից և Ադրբեջանից, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլալեզու դասընթացներին:  

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. «Ես և Գուրգենը սենյակակիցներ էինք: Ես դիտում էի Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային խաղը, իսկ Գուրգենը պատրաստում էր իր տնային աշխատանքը: Նա նոր էր վերադարձել մարզասրահից»: Սենյակակիցը գնացել է քնելու, իսկ Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայրենակից մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ-որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին, կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:

«Այդ ժամանակ ես հասկացա՝ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորսբոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Գուրգենին մի քանի անգամ էլ խփելուց հետո նա հեռացավ: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ», - պատմել է հունգարացին:

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։

Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը՝ նա սկսել է գոռալ՝ արտասանելով Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացի դուռը, բայց իր սենյակում ապրող լիտվացի սպան, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։ Նա մտածել էր, որ ինչ-որ սպառնալից բան կար Սաֆարովի ձայնում, և նա, հնարավոր է, որ զինված լինի: Նա զանգել էր իր համերկրացուն՝ պարզելու արդյո՞ք Սաֆարովը զինված է:

Այդ ընթացքում Սաֆարովը փնտրել է Մակուչյանին, վազել է իր ադրբեջանցի ընկերոջ սենյակ, ինչ-որ բան ասել նրան ադրբեջաներենով: Վերադառնալով՝ նա մի քանի անգամ կացնահարել է Մակուչյանի սենյակի դուռը:

Երբ ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին, վերջինս խոստովանել է, որ սպանություն է կատարել: Նա խոստացել էր սպանել ևս մեկ հայի, երբ ազատ արձակվի: Նրա վրեժը կոնկրետ մեկ անձի դեմ չէր, այն ամբողջ հայ ազգի դեմ էր:

Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից մեղսունակ ճանաչվեց և դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի:

Սակայն 2012թ. հունգարական իշխանությունները արտահանձնեցին Սաֆարովին Ադրբեջան: Նույն օրը Սաֆարովը Իլհամ Ալիևի կողմից ներում ստացավ, մի շարք պարգևների և զինվորական բարձր  կոչման արժանացավ: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Նյութերը վերցված են http://budapest.sumgait.info/ կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն