Միֆերը և պատմության դասերը

article-image

                                                                                                      Պատմությունը

լավագույն ուսուցիչն է,

                                                                                      որն ունի ամենավատ

աշակերտները:

                                                                                           Ինդիրա Գանդի

Վերջին ջախջախիչ պատերազմից հետո թվում էր, թե մեր հանրությունը գոնե փիլիսոփայական առումով կարող էր կատարել ճշգրիտ եզրահանգումներ և փորձեր ուղղել իր մեջքը: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հայաստանյան հանրությունը քաղաքական և փիլիսոփայական առումով կրկին գերադասեց մնալ այն նույն շրջապտույտի մեջ, որում նա վերջին հարյուրամյակների ընթացքում է:

Ո՞րն է այդ շրջապտույտը: Դա քաղաքական մտքի, քաղաքական  ռացիոնալության մերժման և միֆերին տրվելու հակումն է: Մեր հանրության գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մենք հավաքական առումով խուսափում ենք իրականությանը առերեսվելուց: Ընդ որում, սա նոր բան չէ: Այս իրողությունը հայոց պատմության հատկապես վերջին հարյուրամյակների կամ հազարամյակի շրջանակներում ուղեկցել է մեզ: Միֆասիրությունն է, որ մենք գերադասել ենք ռեալ քաղաքականությունից, օբյեկտիվ իրողություններից և իրականությունից: Մենք մեզ համար հնարել ենք միֆեր, որպեսզի արդարացումներ ունենանք մեր շարունակական ձախողումներում:

Վերոգրյալը հատկապես վերաբերվում է մեզ պատուհասած աղետների պատասխանատվությանը: Մենք սովոր ենք եղել, մեր ողբերգությունների պատասխանատվությունը դնել օտար ուժերի վրա և նրանց մեղավոր հանել մեր բոլոր դժբախտությունների համար` ելնելով այն համոզմունքից, թե իբր նրանք պետք է գան մեզ փրկեն: Ի՞նչ է սա, եթե ոչ մի մեծ միֆ: Ո՞վ ասեց, որ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային ինչ-որ մի ուժ կամ կենտրոն պետք է իր շահերը ստորադասի և գա մեզ մեր գեղեցիկ աչքերի համար փրկի: Այդպիսի բան չկա: Դա մի մեծ միֆ է, որը վերջին 1000-1500 տարիների ընթացքում հետևողականորեն ոչնչացրել է մեր հավաքական դիմադրողականությունը և հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Այս համատեքստում իրականությունն այն է, որ մեր մեջքը ուղղողը միայն մենք ենք լինելու: Գեղեցիկ խոսքերից անդին, որոնք պարբերաբար հնչել և հնչում են Հայաստանի կամ հայ ժողովրդի հասցեին, մենք պետք է հասկանանք, որ որևէ մեկը գործնական առումով մեր շահերի համար իր շահերը չի զոհաբերելու:

Հայաստանյան հանրության մի հատվածը իրապես իր նախապատվությունը տվեց միֆականացմանը՝ ռեալ քաղաքականությանը հավատալու փոխարեն: Չէ՞ որ ավելի հեշտ է հավատալ տարատեսակ միֆերի, քան թե առերեսվել իրականությանը: Չէ՞ որ ավելի հեշտ է հավատալ, որ պատերազմը պարտվել ենք, որովհետև մեծահարուստներից մեկի ջոկատը Շուշի չի հասել, կամ զենքի պահեստը կողպված է եղել: Չէ՞ որ ավելի հեշտ է հավատալ, որ թշնամուն շարունակաբար ինչ-որ մի բան զիջելը կբերի իրական խաղաղության: Շարքը կարելի է երկար շարունակել:

Ինչու՞ է հանրությունը տեղի տալիս տարատեսակ միֆերի: Պատասխանը շատ պարզ է: Հանրությունը խուսափում է իրականությանը առերեսվելուց, որովհետև առերեսումը անհատին ստիպում է մտածել, վերլուծել և լուծումներ պրպտել:

Ի հակադրություն վերոգրյալի` միֆերը իրենց բնույթով դոգմատիկ են և կապ չունեն իրականության հետ, իսկ հոգեբանական այդ կոմֆորտ գոտին անհատին չի ստիպում մտածել, վերլուծել կամ լուծումներ գտնել:

Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, այդպիսի ժողովրդի դեպքում, որը հետևողականորեն տրվում է միֆերի և խուսափում իրականությունից, հերթական ազգային ողբերգությունը իրեն սպասեցնել չի տալիս:

 

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն