Եվրոպական որոշ երկրներում և Հայաստանում նախատեսված է տուգանք` առանց համապատասխան թերթիկի փողոց դուրս գալու համար

article-image

Կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով ամբողջ աշխարհում մի շարք պետություններ ձեռնարկեցին իրավական միջոցներ համաճարակի կանխարգելման համար: Դրանցից կարելի է առանձնացնել տուգանք նշանակելը` առանց կոնկրետ նպատակի փողոց դուրս գալու համար

Օրինակ՝ տուգանք է նախատեսվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը և այլն:

Ֆրանսիա

Ֆրանսիայում թույլատրվում է դուրս գալ տնից միայն համապատասխան ձևաթուղթ ունենալու դեպքում: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է հատուկ ձևաթղթի օրինակ, որը պետք է ներբեռնեք, տպեք, լրացրեք և վերցնեք ձեզ հետ փողոց դուրս գալիս, իսկ տպիչի բացակայության դեպքում կարող եք ձեռքով գրել:

Միայն մի քանի պատճառ է նախատեսված, որոնց առկայության դեպքում թույլատրվում է լքել բնակարանը կամ տունը. աշխատանքի գնալ, եթե չեք կարող տնից աշխատել, առաջին անհրաժեշտության ապրանքների գնում, այց բժշկի մոտ, ընտանեկան հրատապ խնդիրներ (օրինակ՝ խոցելի խմբին պատկանող մարդկանց օգնելը և երեխաներին խնամելը), կարճատև տեղաշարժեր տնից ոչ հեռու` կապված անձնական և ֆիզիկական ակտիվության հետ:

«Այսօրվանից (խմբ`մարտի 19-ից) տուգանքը կազմում է 135 եվրո: Այն կարող է հասնել մինչև 375 եվրոյի: Դա պետք է մոտիվացնի մարդկանց», - տեղեկացնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:

Արդեն մարտի 19-ին 4.095 մարդ է տուգանվել սահմանված կանոնները խախտելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ֆրանսիայի խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որը թույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել, ինչպես նաև խստացնել պատիժը սահմանված կարանտինը չպահպանելու համար:

Այս օրինագծով առաջարկվում է ավելացնել տուգանքը՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար: Եթե ​​այժմ տուգանք է նշանակվում 135 եվրոյի չափով առանց հիմնավոր պատճառի և ձևաթղթի դուրս գալու դեպքում, ապա առաջին օրվանից 15 օրվա ընթացքում նախատեսվում է 1,5 հազար եվրոյի չափով տուգանք ՝ իշխանությունների պահանջների կրկնակի խախտման համար:

Ըստ վերջին տվյալների՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20.128-ի, մահվան դեպքերը՝ 862-ի, բուժվածների թիվը՝ 2.207-ի:

Իտալիա

Իտալիայի խոշոր քաղաքներում բնակիչները պարտավոր են հատուկ փաստաթղթով դուրս գալ տնից՝ նշելով պատճառները (պետք է գրել անձի տվյալները և տնից դուրս գալուց նպատակը): Խախտման համար ոստիկանությունը կարող է տուգանել՝ սկսած 200 եվրոյից: Օրինակ՝ Նեապոլի (քաղաք Իտալիայում) ղեկավարը տեղացիներին արգելել է անգամ վազել զբոսայգում:

Իտալիայի գրեթե «կաթվածահար կյանքը» և կորոնավիրուսով վարակվելու հսկայական ռիսկերը հաշվի առնելով՝ Իտալիայի որոշ ընկերություններ (օրինակ ՝ «Արմանին») իրենց աշխատակիցների համար ներդրել են այնպիսի պլատֆորմ, ինչպիսին է "Smart Working", այսինքն հեռակա աշխատանք:

Ինչպես տեղեկացնում է Իտալիայի քաղաքներից մեկի բնակիչը, իտալական մթնոլորտը պահպանելու և երեկոյան չձանձրանալու համար «քաղաքացիների բարոյական հոգին իտալական իշխանությունները բարձրացնում են երեկոյան ժամը 21:00-ին: Այդ ժամանակ սկսվում է միասնության ակցիան: Անհրաժեշտ է անջատել լույսը բնակարանում, դուրս գալ պատշգամբ և միացնել լապտերը սմարթֆոնի վրա: Քաղաքի գլխավոր հրապարակում միացնում են Իտալիայի օրհներգը, և պատշգամբից դուրս եկած մարդկանց մեծամասնությունը սկսում է բարձրաձայն երգել: Ակցիայի ավարտից հետո մարդիկ մնում են պատշգամբներում և շփվում միմյանց հետ»:

Ըստ վերջին տվյալների՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36.927-ի, մահվան դեպքերը՝ 6.077-ի, բուժվածների թիվը՝ 7.432-ի:

Իսպանիա

Մարտի 22-ին վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց, որ Իսպանիան եվրոպական բոլոր երկրներից ամենախիստ կարանտինային միջոցառումներն է ձեռնարկում: Այժմ իսպանացիներին ոչ միայն խորհուրդ չի տրվում, այլև խստիվ արգելվում է անհարկի դուրս գալ: «Անհրաժեշտության դեպքում» ասելով` իշխանությունները նկատի են ունենում այցելել դեղատներ և մթերային խանութներ, ինչպես նաև աշխատանքի գնալ նրանց, ովքեր չեն անցել հեռակա աշխատանքի ռեժիմին: Այլ դեպքերում մարդիկ պետք է ունենան հատուկ թույլտվություն: Եթե ​​թույլտվություն չկա, ապա նախատեսված է տուգանք 500-ից 2 հազար եվրոյի չափով: Իրավասու մարմինների կողմից տրված ցուցումները կամ պահանջները չկատարելու դեպքում նախատեսվում է նաև տուգանք՝ 1,5 հազարից մինչև 600 հազար եվրո: Չնայած այս միջոցառումներին՝ Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տուգանվել է երկրի ավելի քան 31 հազար բնակիչ,- հայտնում է metronews.ru լրատվական կայքը:

Օրինակ՝ Կատալոնիայում մարտի 23-ից նախատեսվում է տեղաշարժման ուղեկցվող փաստաթուղթ:  Այն պետք է լրացվի ամեն անգամ փողոց դուրս գալուց առաջ` նշելով տեղաշարժման նպատակը և երթուղին: Այս ձևաթուղթը դեռ պարտադիր չէ, այսինքն՝ դրա առկայությունը խորհրդատվական բնույթ ունի: Փաստաթուղթը պետք է ներկայացվի ոստիկանությանը, եթե քաղաքացուն կանգնեցնեն շարժման նպատակը ստուգելու համար: Մինչ ոստիկանության աշխատակիցների մի մասը զբաղված է տեղաշարժման վերահսկողությամբ, մյուս մասը զվարճանում է փողոցներում և իսպանական երգեր երգում:

Ըստ վերջին տվյալների՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35.136-ի, մահվան դեպքերը՝ 2.311-ի, բուժվածների թիվը՝ 3.355-ի:

Հունաստան

Հունաստանը, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, նախատեսում է 3 տարբերակ՝ տեղեկացնելու իշխանություններին տանից դուրս գալու պատճառների մասին. նախ՝ անձը կարող է պարզապես ուղարկել SMS հաղորդագրություն հատուկ համարին՝ նշելով դուրս գալու պատճառը, երկրորդ` նա կարող է ներբեռնել հատուկ ձևաթուղթ կառավարության կայքէջից և լրացրել այն դուրս գալուց առաջ, երրորդ` բացատրել պատճառը անձամբ ստորագրված հայտարարագրում, որը կարող է գրվել սովորական թերթիկի վրա: Սահմանափակումները խախտելու համար ոստիկանությունը կարող է տուգանել 150 եվրոյի չափով:

 ⇒ Ըստ վերջին տվյալների՝ Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 695-ի, մահվան դեպքերը՝ 17-ի, բուժվածների թիվը՝ 29-ի:

Կարող ենք փաստել, որ եվրոպական մի շարք երկրներ պահպանում են խիստ միջոցները՝ կանխելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը՝ դրանով իսկ սահմանափակելով  մարդու և քաղաքացիական մի շարք հիմնարար իրավունքներ և ազատություններ:


Հիշեցնենք, որ մարտի 24-ին պարետի որոշմամբ սահմանափակվեց անձանց տեղաշարժը ՀՀ ողջ տարածքում: Հայաստանում ևս նախատեսվում է արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթերի պարտադիր լրացնելու պահանջը: Տպիչի բացակայության դեպքում թույլատրվում է ձեռքով լրացնել թերթիկը:

Այսօր արդարադատության նախարարութան հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ԱԺ-ն ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման կանոնները չպահպանելու համար սահմանել է պատասխանատվություն՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Սոնա Ամիրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն