Դալի և Պիկասո` գրեթե իսկական. Շադրինի կրկնօրինակները Հայաստանում ներկայացվում են որպես բնօրինակներ

article-image

Տարվա սկզբից լրատվականները գրում էին. «Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվելու է աշխարհահռչակ նկարիչներ Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի շուրջ 300 աշխատանք՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ու գրաֆիկական աշխատանքներ:

…Իսպանացի նկարիչների աշխատանքները ռուսաստանցի բիզնեսմեն, «Ազգերի արվեստ» («Искусство Наций») հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են, որը աշխարհում չորրորդն է»:

Համացանցում նաև ոգևորությամբ տարածվում էր Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք ցուցահանդեսի գովազդային հոլովակը և պաստառներից մեկը:


 

Ցուցահանդեսի ֆեյսբուքյան հրապարակման մեջ ներկայացված են միջոցառման մանրամասները.

«Հայաստանի ազգային պատկերասրահը  Երևանում  «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և  «Искусство Наций»  (Ազգերի արվեստ) հիմնադրամի հետ համատեղ  ներկայացնում են «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Կցուցադրվի Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի  260  ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ  Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:
Նախագիծը ներկայացվել է  բազմաթիվ  երկրներում:
Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը:
Նախագծի ղեկավար՝ Արման Ծատուրյան
Համակարգող՝ Մարիամ Դավթյան»

Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները և հենց ցուցահանդեսը մեծ աժիոտաժ առաջացրին: Հանրության մեծ հետաքրքությունը պայմանավորված էր իսպանացի հայտնի նկարիչների մեծությամբ և Հայաստանում առաջին անգամ նրանց ստեղծագործությունների ցուցադրմամբ:

Սակայն, Հայաստանի ազգային պատկերասրահի հայտարարության մեջ պակասում էր մի նախադասություն. «Ցուցադրվելու են Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների կրկնօրինակները»:

Ինչու՞:

Գանք ամենասկզբից:

Հայաստանում ներկայացվող ցուցանմուշների տերը Ալեքսանդր Շադրինն է: Ձեռներեց, կոլեկցիոներ, մեկենաս Ալեքսանդր Շադրինը հիմնադրել է «Искусство Наций» («Ազգերի արվեստ») ֆոնդը:

Ֆոնդի պաշտոնական կայքէջում կարդում ենք. «Ռուս գործարար, կոլեկցիոներ և մեկենաս Ալեքսանդր Շադրինը հիմնել է «Ազգերի արվեստ» ֆոնդը տարբեր ազգությունների մշակութային փոխանակության զարգացման նպատակով: Ֆոնդը ունի հարուստ հավաքածու, որոնք ներառում են արվեստի գործերի և մինչկոլումբոսյան Ամերիկայի հնդկացիների, ճապոնացիների, մոնղոլների, չինացիների, իսպանացիների, ռուսների ստեղծագործությունների հարուստ հավաքածու:  Ֆոնդի հիմնական գործունեությունը ցուցահանդեսների կազմակերպումն է: Մենք ցուցադրում ենք սեփական հավաքածուն, ինչպես նաև, շնորհիվ ամբողջ աշխարհում մեր լայն կապերի՝ ֆոնդի գործընկերներին օգնում ենք ցուցահանդեսներ կազմակերպել»:

«Վերջին քսան տարվա ընթացքում ես մշակույթում և տարբեր մշակութային նախագծերում շատ եմ ներդրում կատարել, Ռուսաստանում և նրա սահմաններում ցուցահանդեսներ եմ կազմակերպել և անցկացրել: Այս գործունեությունը թույլ է տվել ինձ ամենաբարձր մակարդակով դրսևորել: Նկարիչների հետ շփումը, արխիվային փաստաթղթերի և մասնագիտական գրականության հետ աշխատանքը, մեծ վարպետների գլուխգործոցներին դիպչելը և Ռուսաստանում ցուցահանդեսների կազմակերպման բազմամյա փորձը, այս ամենը ինձ այս ոլորտում մասնագետ են դարձրել…», - ասում է Ֆոնդի նախագահ Շադրինը:

Ֆոնդի հավաքածուները, համաձայն պաշտոնական կայքէջի, ներառում են Սալվադոր Դալիի, Պաբլո Պիկասոյի, ճապոնական և մինչկոլումբոսյան  Ամերիկայի ժամանակաշրջանի գործեր:

Ցուցադրություններ են կազմակերպվել Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Չինաստանում, Լատվիայում, Լիտվայում, Բելառուսում, Անգլիայում:

Մինչ այս ֆոնդի հիմնումը՝ գործարար Ալեքսանդր Շադրինը ինքն էր կազմակերպում իր հավաքածուի ցուցադրությունները և խոստովանում. «Ցուցանմուշները բնօրինակներ չեն»: Այդ մասին Շադրինը հայտարարում էր դեռևս 2008 թվականին, երբ Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում պատրաստվում էր հերթական ցուցադրությանը: Նմուշներից շատերը Շադրինը ձեռք է բերել Փարիզում գործող «Դալի» («Dali Paris») պատկերասրահից, որը զբաղվում է հայտնի նկարչի սերտիֆիկացված կրկնօրինակների ստեղծմամբ: «Տասնամյակներ շարունակ Փարիզի «Դալի» պատկերասրահը գրաֆիկական աշխատանքների և քանդակների լայն ընտրություն է առաջարկում՝ թույլ տալով ձեզ ստեղծել կամ հարստացնել ձեր հավաքածուն». նշված է պատկերասրահի գովազդային հոլովակում:

«Աշխարհում ոչ մի ուրիշ կոլեկցիոներ, ոչ մի թանգարան չի կուտակել Դալիի և Պիկասոյի այս քանակությամբ ստեղծագործություններ, որքան ես», - հայտարարել էր Շադրինը 2015թ.՝ հերթական անգամ կազմակերպելով կրկնօրինակների հավաքածուի ցուցահանդեսը Մինսկում:

Սակայն այս պատմության մեջ Շադրինը ևս զարմանալի կեցվածք է որդեգրել: Դեռևս 2010թ., երբ Շադրինը մեկենաս էր փնտրում Կազանում Դալիի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը կազմակերպելու համար, մամուլի ասուլիսին, հայտարարել է, որ «աշխատանքները ձեռք է բերել 2006թ. «Դալիի աշխարհը»  (“Dali Universe”) եվրոպական ֆոնդից»: (Նույնը կրկնել է նաև Երևանում): Այդ ժամանակ Շադրինը ասել է, որ յուրաքանչյուր ստեղծագործություն ունի հավաստագիր, բայց դրանք ցուցադրելու առաջարկները մերժվել են կոլեկցիոների կողմից: Նրա խոսքերով՝ փաստաթղթերը պահպանվում են շվեյցարական բանկում, և յուրաքանչյուրը կարող է համեմատվել Դալիի իրական ստեղծագործությունների հետ:

Այցելեցինք հիշյալ՝ «Dali Universe» ֆոնդի պաշտոնական կայք: Այստեղ ֆոնդը առաջարկում է ցանկության դեպքում ձեռք բերել, օրինակ, Դալիի «Ալիսը հրաշքների աշխարհում» քանդակը, որը, ինչպես ներկայացվում է հավաստագրի օրինակում, «ստեղծվել է… Սալվադոր Դալիի բնօրինակ գուաշե ստեղծագործությունից, որը առաջին անգամ քանդակվել է 1984 թվականին: Քանդակը ստեղծվել է Դալիի մահից հետո»:

Կրկնօրինակված քանդակի ամբողջական բնութագիրը պարունակող հավաստագիրը, որը իրավաբանական ուժ ունի, ինչպես համոզվում ենք, հասանելի է՝ ի հեճուկս Շադրինի հավաստիացումների:

Հիշյալ ֆոնդից կարող եք ձեռք բերել նաև քանդակի նույնականացման հավաստագիրը:

Բոլոր կրկնօրինակված քանդակների վրա առկա է ստեղծագործության մասին հավաստող նշում:

Փորձեցինք պարզել նաև Դալիի կրկնօրինակված աշխատանքների մոտավոր արժեքը:

Վերոհիշյալ՝ Փարիզի «Դալի» ֆոնդում ստեղծված աշխատանքների գինը տատանվում է 8.000-40.000 եվրոյի սահմաններում:

Օրինակ, Շադրինի կողմից շատ սիրված «Միաեղջյուր» ստեղծագործության արժեքը տատանվում է 30.000 եվրոյի սահմաններում:
 

Շադրինի հավաքածուի «Միաեղջյուր» ստեղծագործությունը ցուցադրվում է նաև Հայաստանում: Հիշեցնենք, որ 2008 թվականին Շադրինը հավաստիացնում էր, որ այս գործերը կրկնօրինակներ են, որոնք մեծաքանակ են: 

«Միաեղջյուր» ստեղծագործությունը՝ ցուցադրված Հայաստանի ազգային պատկերասրահում

Շադրինը, սակայն, Հայաստանում ևս մեկ անգամ հրապարակայնորեն ստել է՝ ասելով. «Այո, այո և մեկ անգամ ևս այո, բնօրինակ են»: Սա հավաստում է նաև Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: 

Հատկանշական է խոսել նաև այն գումարների մասին, որը աշխատում է Շադրինը ցուցադրություններից: Շադրինն ասում է, որ «Դալին այն եզակիներից, որ թույլ է տալիս գումար աշխատել»: 

Հավաքածուի արժեքը ևս անհայտ է, քանի որ դրանք Դալիի ստեղծագործությունները չեն, որոնք տասնյակ միլիոններ արժեն, այլ լիտոգրաֆիաներ և քանդակներ, կրկնօրինակներ, որոնք մեծ քանակությամբ գոյություն ունեն աշխարհում:

Օրինակ, 2010թ. հաշվվել էր, որ Կազանում երկշաբաթյա ցուցադրությունը Շադրինին 4 միլիոն ռուբլու չափով եկամուտ էր ապահովել: Հաշվի առնելով, որ հայաստանյան ցուցադրությունն ամենաէժաններից չէ՝ Շադրինի եկամուտը սակավ չի լինի.

«Տոմսի արժեքը`
Մեծահասակներ` 3000 դրամ
Ուսանողներ, թոշակառուներ`  1000 դրամ
Դպրոցականներ` 500 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների  և  հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքն  անվճար է:»

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային պատկերասրահին, ապա պետք է նշել, որ «Մոսկվայի տունը» և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարտավոր էին տեղեկացնել հայ արվեստասեր հասարակությանը, որ նրանք ականատես են լինելու ոչ թե մեծն նկարիչների բնօրինակ մեծարժեք ստեղծագործություններին, այլ մասնավոր անձի կողմից ձեռք բերված հասարակ կրկնօրինակներին: Սա ոչ միայն անբարեխիղճ աշխատաոճ է, այն նաև արատավորում է Հայաստանի ազգային պատկերասրահի բարի համբավը։

Հանրությանը ճշմարտությունը և եղելությունը ներկայացնելու փոխարեն պատկան մարմինները, ի դեմս նաև ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի, մեծ ոգևորությամբ կեղծիք են տարածել: 

Մենք կապ հաստատեցինք Ազգային պատկերասրահի մամուլի քարտուղար Անուշ Նիկողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հորդորեց որպես հիմք ընդունել պատկերասրահի տնօրենի և կոլեկցիոների հայտարարությունները՝ հետևելով լրատվամիջոցների ռեպորտաժներին կամ գրավոր նամակ ուղարկել: 

Զրուցեցինք հայաստանյան ցուցադրությանն այցելած մի քանի երիտասարդների հետ, ովքեր Պիկասոյի ու Դալիի ստեղծագործությունները սեփական աչքերով տեսնելուց ոգևորված նկարներ էին տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջերում և հպարտացել, որ հնարավորություն են ունեցել տեսնել հանճարների բնօրինակ աշխատանքները։ Նրանցից որևէ մեկը չէր կռահել, որ այն, ինչ տեսել են, կրկնօրինակ է եղել, ուստի՝ իրողությունն իմանալուց հետո հիասթափությունը մեծ էր։

Ինչպես և կարող էինք նկատել, առ այսօր որևէ աշխարհահռչակ թանգարանում կամ պատկերասրահում նշյալ ցուցանմուշները չեն ցուցադրվել:

Երևանյան ցուցադրությունից հատված. 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հոդվածի անգլերեն տարբերակը

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն