Բջջային հեռախոսի տվյալներն օգտագործելու նախագիծը ձեր վզին գցվող թոկ է. ահազանգում են մասնագիտական շրջանակները

article-image

Երեկ՝ մարտի 30-ին, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը, համաձայն որի՝ կառավարությունն՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, առաջարկում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում, այսպես ասած, բջջային հեռախոսների միջոցով անձանց անձնական տվյալների և տեղակայման մասին տեղեկությունների հավաքագրում և մշակում՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով։

Նախագիծը երեկ վաղ առավոտից մի շարք քննադատությունների արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակների, իրավաբանների և տեղեկատվական անվտանգության մասնագետների կողմից։ Այնուամենայնիվ իշխող ուժի 57 պատգամավորներ կողմ քվեարկեցին նախագծերի փաթեթին և այն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է վիճահարույց օրինագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ քվեարկության և ընդունման համար։

Չնայած մասնագիտական հանրության քննադատություններին և պատգամավորների կողմից ոչ միանշանակ ընդունվելուն՝ Արդարադատության նախարարը նշում է, որ դա անհրաժեշտ է կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխարգելելու համար։ Մինչդեռ մասնագիտական հանրույթի մոտ անհասկանալի է, թե ինչպես կարող է անձի բջջային հեռախոսի տվյալները, ինչպես օրինակ՝ զանգի տևողությունը, զանգի հաճախականությունըև այլն, օգտակար լինել համաճարակի տարածումը կանխելու համար։ Ստորև ներկայացնում ենք մասնագետների մտահոգություններն ու դիտարկումները.


Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը թեմային ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում է նվիրել և մի շարք հարցադրումներ արել։
 

Խոսելով օրինագծի թերությունների մասին՝ նա նշում է. «Ամենամեծ թերությունն այն է, որ հիմնավորման մեջ չի գրվում, թե ինչպես է դա (անձանց տեղակայման կանխորոշումը ու սահմանափակումը – խմբ.) իրականացվելու»։ Սանդուխչյանը նշել է, որ օրինագծում բացատրված չէ, թե ինչպես է աշխատելու այդ համակարգը և դա ինչպես է թույլ տալու կանխել համաճարակը, բացառությամբ, որ հնարավորություն կլինի հետևել և պարզել՝ մարդիկ լքել են իրենց տները, թե ոչ։ Նա նաև նշել է, որ այն տեղեկությունները, որոնք հասանելի են դառնալու օրինագծի ընդունման արդյունքում, օրինակ, թե երբ է անձը զանգել և երբ է զանգն ավարտվել, անհասկանալի է, թե ինչպես են նպաստելու անձի տեղակայումը կանխորոշելուն։ Մասնագետի կարծիքով օրինագծի ամենասարսափելի մասն այն է, որ կառավարությունը կամ պարետը կարող է պահանջել անձանցից իրենց հեռախոսների մեջ ներբեռնել ծրագրեր, այդ ծրագրերը միշտ պահել միացված վիճակում, որպեսզի կառավարության համապատասխան մարմինները, կառույցները կարողանան վերահսկել անձանց տեղակայման վայրը։ Եվ եթե տանից դուրս գալուց մարդու հեռախոսի մարտկոցը նստի կամ հեռախոսը միամիտ ընկնի ջուրը, սա կդիտվի որպես արտակարգ դրության ռեժիմի խախտում. «Այս դրույթը սարսափեցնող է, որը ոչ միայն ձեր վզին թոկ է հագցնում, նաև ասում է՝ թոկին լավ նայի, որպեսզի հանկարծ չպոկվի»,-նշում է մասնագետը։

«Բացարձակ անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդու հեռախոսի համարը, զանգը, զանգի տևողությունը օգնել համաճարակը կանխելու հարցում»։ Իրավաբանը նշել է, որ փոխարենը այն կարող է «օգտակար լինել» այլ հարցերում, օրինակ լրագրողի, քաղաքական կամ հասարակական գործչի շփման շրջանակը բացահայտելու գործում։

«Դուք կարող եք պարզել սոցիալական կապերը անձնավորության, շրջանակը, պարզել ում հետ է շփվում, որքան հաճախ, որքան հաճախ են հանդիպում, թեկուզ և արտակարգ իրավիճակում։ Դա բավականին մտահոգող հանգամանք է»,- հավելել է նա։
 


 


Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.


«ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության։ Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։  Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»։
 


 


«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը մի շարք հարցադրումներ է արել.
 

«1. Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։ Ընդ որում, այդ մարմինների ցանկը պետք է սահմանված լինի օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նախատեսում է այս նախագիծը։
2. Նախագիծը սահմանում է, որ մշակված անձնական տվյալները պահվելու են 1 ամիս։ Սա շաաատ երկար ժամկետ է եւ չհիվնավորված։ Պետք է սահմանվի առավելագույնը 3օրյա ժամկետ տվյալները ոչնչացնելու համար։
3. Անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաեւ երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին։
4. Ո՞րտեղ են պահվելու անձնական տվյալները։
5. եւ ամենաառանցքայինը գուցե այն է, որ բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների եւ սահմանված նպատակի միջեւ
»։
 


 


Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, գրել էր.
 

«Նախնական հարցեր.
ա) է եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչու՞ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում։
բ) ամրագրված չէ տվյալների տրամադրման ստարտային կետ. օրինակ կարո՞ղ են պահանջել իմ գտնվելու վայրը փետրվարի 29-ին։
գ) մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում, քանի դեռ որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում է (օրինակ՝ վարակակիրներ), սահմանված չէ այն կիրառելու եղանակը (անհատական վարչական ակտ) և ամրագրված չէ բողոքարկման հնարավորություն (վարչական և դատական)։
դ) այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել, քրդատ օրենսգրքում ներառել տնային կալանքի խափանման միջոց (կիրառելի դեռևս միայն արտակարգ դրության ժամանակ) և վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնել քննարկել այդ խափանման միջոցի կիրառելիությունը արդեն կալանավորված, ինչպես նաև կալանքի միջնորդությամբ դատարան բերված անձանց նկատմամբ
»։
 

Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո էլ Ռուբեն Մելիքյանը գրել է.
 

«Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ.
1) Մեզ կարող են օրենքով ստիպել մեր հեռախոսներում ինչ-որ հավելված ներբեռնել՝ մեր վարքագիծը և առողջական վիճակը (?) վերահսկելու համար։ Ընդ որում, եթե չներբեռնենք՝ կտուգանեն 100-250 հազար դրամի չափով։ Չկա երաշխիք, որ այս պահանջը կներկայացվի միայն որոշակի թիրախային խմբի - որոշողը փաստացի կառավարությունն է ու պարետը։ Չկա որոշման հիմնավորման պահանջ։ Չկա որոշման բողոքարկման հնարավորություն։
2) Մեր բջջային կապի օպերատորներին օրենքով ստիպում են գործադիրին փոխանցել տեղեկություններ մեր հեռախոսազանգերի ու sms-ների հասցեատերերի, ժամանակի ու տևողության մասին։ Ասում են՝ որ պարզեն մեր շփման շրջանակը, եթե մի օր հաստատվի, որ վարակակիր ենք։ Մինչդեռ հայտարարված նպատակը նվաճելու համար այս գործիքի պիտանիությունը տրամաբանորեն չի կարող հաստատվել, քանզի. (ա) ամենևին ոչ բոլոր հեռախոսային զրուցակիցների հետ ենք ֆիզիկապես շփվում, (բ) ամենևին ոչ բոլոր շփվածների հետ ենք հեռախոսով զրուցում։ Եթե անգամ ելնենք նախագծի հեղինակների բարեխղճության՝ խիստ անհավանական կանխավարկածից, ապա տրամաբանական կլիներ նշված տվյալները հավաքել ոչ թե բոլորիս, այլ միայն վարակվածների վերաբերյալ։
3) Երկրորդ կետում նշված վիթխարի շտեմարանը Արտակարգ դրության ավարտից հետո նախատեսվում էր «ապանձնավորել» ու պահել անսահմանափակ ժամանակ՝ չգիտես թե ինչու։
Հիմա այս երեք՝ 100%-անոց անընդունելի դրույթներից կառավարությունը որոշել է հրաժարվել երրորդից՝ պահպանելով առաջինը և երկրորդը։
Այսպիսով, 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն։ Առաջընթա՞ց է։ Այո։ Գո՞հ ենք։ Ո՛չ!
»։
 


 


Իրավաբան Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
 

«… առաջարկվող սահմանափակումների համաչափության տեսանկյունից առաջանում է հետևյալ հարցը՝ ո՞րն է այս ընթացակարգերը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ նախատեսելու իրավաչափ նպատակը, եթե դրանցից միայն մեկն օրինակ, այն է՝ ցանցի օպերատորների միջոցով տվյալների փոխանցումը, ըստ էության, ներառում է ինչպես այն տվյալների շրջանակը, որոնք ձեռք են բերվում հեռախոսային հավելվածի միջոցով, այնպես էլ՝ ամբողջությամբ լուծում է Նախագծով առաջադրված խնդիրները»։
 


 

Այսպիսով՝ նկատում ենք, որ տարբեր ոլորտների՝ տեղեկատվության անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության, իրավաբան-մասնագետները, որոնք բարձրաձայնել են իրենց մտահոգությունները, սկզբունքորեն դեմ չեն նախագծերի փաթեթի ընդունմանը, սակայն մեծագույն խնդիրն այն է, որ մասնագետների համար անհասկանալի է, թե անձնական տվյալներին միջամտությունն ինչպես կարող է օգնել կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելմանը և օրինագծի թերի կարգավորումները տեղիք են տալիս ենթադրելու, որ այն կարող է օգտագործվել հասարակական-քաղաքական գործիչների և իշխանությունների համար «հետաքրքրություն ներկայացնող» այլ անձանց շփման շրջանակը, կապերը բացահայտելու և այդ տեղեկություններն ընդդեմ այդ անձանց օգտագործելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն