Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում բազմաթիվ մահճակալներ են դրված:
Tert.am-ի հետ զրույցում համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշել էր, որ պարետատունը դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ տարածք տրամադրելու համար: Ավելի վաղ Կարեն Ղազարյանը հայտնել էր, որ համալիրում միայն գույքագրում է արվել, Գույքագրումն էլ երևի պայմանավորված է նրանով, որ պարետատունը դիտարկում է նաև իրավիճակով պայմանավորված տարբեր հաստատություններում քաղաքացիներին մեկուսացնելու հարցը:
Հանրության շրջանում մեծ աղմուկ հանած լուսանկարների առնչությամբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարություն էր տարածել. «Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։
Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»: