Միջազգային հանրության արձագանքը Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին

article-image

2020թ. մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Արդյունքում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար նախնական տվյալներով պայքարելու են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Արցախյան ընտրությունները հետաքրքիր էին ոչ միայն ներքին լսարանի համար, այլև դրանց հետևում էին միջազգային կառույցները և պետությունները:

Ընտրությունների հենց ընթացքում հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ներգրավված, միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հայտարարության մեջ համանախագահները մասնավորապես շեշտում են. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը 2019թ. մարտի 9-ին համանախագահների հայտարարությամբ վերստին հիշատակված տարրերի և  սկզբունքների համաձայն իր ապագան որոշելու գործում: Համանախագահները, այնուամենայնիվ, նշում են, որ Լեռնային Ղարաբաղը որևէ համանախագահ պետության կամ մեկ այլ երկրի կողմից ճանաչված չէ որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Հետևաբար, համանախագահները չեն ընդունում այս «ընտրությունների» արդյունքները որպես ազդեցություն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և ընդգծում են, որ արդյունքները որևէ ձևով չեն կանխորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների վերջնարդյունքը՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բերել տևական և  խաղաղ կարգավորման»:

Համանախագահների այս հայտարարությունը, ի տարբերություն նախորդների, այդքան մեծ արձագանքի չարժանացավ, թեկուզ նաև այն պատճառով, որ նախորդ նմանատիպ հայտարարություններից այն քիչ էր տարբերվում: Օրինակ, 2015թ. Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ համանախագահները հայտարարություն էին տարածել, որը առաջին հայացքից նույն բովանդակությունն ունի: Համապատասխան հատվածները ստորև՝

30 ապրիլի, 2015թ. - «The Co-Chairs also note that “parliamentary elections” are taking place May 3 in Nagorno-Karabakh.  In the context of a comprehensive settlement of the conflict, we recognize the role of the people of Nagorno-Karabakh in deciding their future.  However, none of our three countries, nor any other country, recognizes Nagorno-Karabakh as an independent and sovereign state. 

Accordingly, we do not accept the results of these “elections as affecting the legal status of Nagorno-Karabakh, and stress that they in no way prejudge the final status of Nagorno-Karabakh or the outcome of the ongoing negotiations to bring a lasting and peaceful settlement to the Nagorno-Karabakh conflict.»

31 մարտի, 2020թ. - «In the context of a comprehensive settlement of the Nagorno-Karabakh conflict, the Co-Chairs recognize the role of the population of Nagorno-Karabakh in deciding its future in accordance with the principles and elements reiterated in the Co-Chairs’ statement of 9 March 2019.  The Co-Chairs note, however, that Nagorno-Karabakh is not recognized as an independent and sovereign state by any of the Co-Chair countries or any other country.

Accordingly, the Co-Chairs do not accept the results of these “elections” as affecting the legal status of Nagorno-Karabakh and stress that the results in no way prejudge the final status of Nagorno-Karabakh or the outcome of the ongoing negotiations to bring a lasting and peaceful settlement to the Nagorno-Karabakh conflict»:

Ինչպես և տեսնում ենք, վերջին հայտարարության մեջ ներառվել է մի նախադասություն, ըստ որի՝ «2019թ. մարտի 9-ին համանախագահների հայտարարությամբ վերստին հիշատակված տարրերի և  սկզբունքների համաձայն»:

Ի՞նչ էր իրենից ենթադրում 2019թ. մարտի 9-ին Համանախագահների հայտարարությունը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը ընդառաջ՝ համանախագահները հայտարարել էին. «…Համանախագահները կրկնում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, ներառյալ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների հավասար իրավունքներ և ինքնորոշում: Այն նաև պետք է ընդգրկի հավելյալ սկզբունքներ, որոնք առաջարկվել են 2009-2012թթ. համանախագահ պետությունների նախագահների կողմից, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ներքին կարգավիճակ, որը կապահովի երաշխիքներ անվտանգության և ինքնակառավարման համար, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշում իրավականորեն պարտադիր կամարտահայտությամբ, ներքին տեղահանված անձանց կամ փախստականների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադարձի իրավունք և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ առաքելություն»:

Ահա, թե ինչ նկատի ունեն համանախագահները՝ հղում կատարելով իրենց նախկին հայտարարությանը: Ըստ էության՝ նրանք նկատի ունեն նույն Մադրիդյան սկզբունքները: Հիշեցնենք, որ նախկինում ներկայիս իշխանության մասը կազմող գործիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ քննադատության էին ենթարկել իշխանությունների Մադրիդյան սկզբունքների համար, այն դեպքում, երբ նրանց իսկ իշխանության օրոք այս սկզբունքները դարձյալ շրջանառության մեջ են մտել և բանակցվում են:

Հետաքրքիր է, որ համանախագահները խոսում են նաև ընտրությունների առաջին փուլի մասին, այն դեպքում, երբ Արցախում ընտրությունները դեռ չէին էլ ավարտվել, իսկ միայն հաջորդ օրը ստացվեցին առաջին նախնական արդյունքները՝ նախագահական ընտրություններում երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ:

Ընտրությունների օրը հրապարակվեց նաև ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ տեղ է գտել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ամենակարևոր հատվածը. «Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարության մեջ հակամարտության կարգավորմանն ուղղված սկզբունքների և տարրերի համատեքստում ևս մեկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչության դերն իր ապագան որոշելու գործում»:

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը կարծում է, որ «իր այս անդրադարձով և հղումով ԱԳՆ-ն ցույց է տալիս, որ իհարկե, այս փաստաթուղթը կա, և այս փաստաթուղթը բանակցվում է»:

Կարեն Բեքարյանը նաև վստահ է. «ակնհայտ է, որ Հայաստանի կողմից կանխարգելիչ քայլեր չեն արվել կանխելու բացասական արձագանքները»:

Վերը բերված հայտարարությունների համեմատության գործում ուշադրություն դարձնենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված ևս մեկ հայտարարության՝ 2017թ. արցախում սպասվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ: Մասնավորապես.

«Համանախագահները տեղյակ են, որ, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու 2017թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում: Չնայած համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները դիտարկում են այս գործընթացը որպես ջանք իրենց բնակչության հանրային կյանքը կարգավորելու համար, նրանք կրկին ընդգծում են, որ ոչ մի պետություն, ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Հետևաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես ազդեցություն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և ընդգծում են, որ արդյունքները որևէ ձևով չեն կանխորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների վերջնարդյունքը՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բերել տևական և  խաղաղ կարգավորման»:

Այս հայտարարությամբ միջնորդները  դե ֆակտո ճանաչում էին Արցախի ղեկավարներին և գնահատում նրանց ջանքերը Արցախում հանրային կյանքը կարգավորելու նպատակով:

Հայտարարությունների տարբերությունները ահռելի են: Խնդիր ունե՞ն արդյոք իշխանությունները, իհարկե ունեն: Ուշանու՞մ են, իհարկե ուշանում են:

Ընտրությունների նախորդ օրը հայտարարություն տարածեց Թուրքիայի արտգործնախարարությունը՝ մեջբերելով միջազգային իրավունքի, ԵԱՀԿ սկզբունքների և ՄԱԿ ԱԽ բանաձևերի «խախտումներին»:

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Եվրոպական միությունը:

«Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք  անցկացվում են։  Այս իրադարձությունը չի կարող կանխակալել  Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը», - ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և  դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։

Ինչպես և նկատում ենք, Եվրամիության հայտարարության մեջ «ներմուծված է» «բովանդակային բանակցություններ» (“substantive negotiations”) տերմինը: Նման արտահայտության օգտագործումը վկայում է այն մասին, որ ընթացիկ բանակցություններում առկա օրակարգային խնդիրները հստակ են:

Եվրամիության հետ համատեղ՝ հայտարարություններ են տարածել նաև Ֆինլանդիայի, Իտալիայի, Բուլղարիայի և այլ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները:

Ի թիվս այլ կազմակերությունների՝ առանձին պետություններ նույնպես հայտարարություններ են արել Արցախի ընտրությունների վերաբերյալ:

Հետաքրքիր աժիոտաժ էր ստեղծել նաև Թուրքիայում Կանադայի դեսպանության տարածած հաղորդագրությունը:

Ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:

«Այս կեղծ ընտրությունների արդյունքները որևէ իրավական հետևանքներ չունեն, քանի որ դրանք  հակասում են միջազգային իրավունքի կանոններին և սկզբունքներին», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունը հայտնում է, որ Չեխիան չի ճանաչում սահմանադրական և իրավական այն շրջանակը, որոնց համաձայն անցկացվել են այս ընտրությունները:

Արցախում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև մեր հարևան Վրաստանի արտգործնախարարությունը: Մեր վրացի գործընկերները շեշտում են. «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջնի Հնրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը  և չի ճանաչում2020թ. մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած, այսպես կոչված, խորհրդարանական և նախագահական ընտրությունները:

Վրաստանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միայն համաձայն միջազգայնորեն ճանաչված նորմերի և իրավական սկզբունքների»:

Նման դիրքորոշում Վրաստանը ստանձնել է դեռևս 2008 թվականից՝ կապված Վրաստանի և Ռուսաստանի միջև խնդիրների, տարածքային վեճերի հետ:

Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության արձագանքը (թեև որոշ դեպքերում նորություն չէ) խստանալու միտում ունի: Թե ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ հայկական իշխանությունները հաջողություն գրանցելու համար, կարող ենք համոզվել նրանց վարած ներքին և արտաքին ասպարեզներում գրանցած «հաջողություններից»:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն