Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ, երեկ՝ ապրիլի 2-ին, «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով ՀՀ կառավարությանը, մանիպուլյատիվ ինֆոգրաֆիկայով ներկայացրել էր Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը և մոլորության մեջ գցել իր ընթերցողներին՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազման տեմպ ունեն։
Նույն ինֆոգրաֆիկ մանիպուլյացիային այսօր՝ ապրիլի 3-ին, դիմել է վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը և «armtimes.com» էլեկտրոնային կայքը, որոնք մանիպուլյատիվ ինֆոգրաֆիկան հրապարակել են իրենց ֆեյսբուքյան էջերում։
Իշխանական այս լրատվականի ինֆոգրաֆիկան կառուցված է «Ազատություն» ռադիոկայանի նույն թվերով և ժամկետներով, ինչը չի խոսում պատահական զուգադիպության մասին, այլ վկայում է կազմակերպված մանիպուլյացիայի մասին, որը, ենթադրաբար, ուղղորդվել է կառավարությունից։
Փաշինյանի ընտանեկան լրատվականի պատրաստած ինֆոգրաֆիկան ունի հետևյալ պատկերը՝ մարտի 1-ից մարտի 28-ն ընկած 4 շաբաթյա ժամանակատվածում գրանցված դեպքերը ներկայացված են 7 օրերի կտրվածքով, այնուհետև ներկայացված է մարտի վերջին 3 օրերը՝ մարտի 29-31-ն ընկած ժամանակահատվածում գրանցված դեպքերը, ապա առանձին տվյալներով ներկայացված են ապրիլի 1-ին և ապրիլի 2-ին գրանցված դեպքերը: Նկատենք նաև, որ ապրիլի 1-ի և 2-ի դեպքերը առանձին ներկայացնելը կրկին միտված է ցույց տալու, որ կորոնավիրուսի հաստատման դեպքերը աստիճանաբար նվազում են:
Նշենք, որ ներկայացրած ինֆոգրաֆիկաները մանիպուլյատիվ են նաև այն պատճառով, որ 7-օրյա տվյալներ պարունակող ինֆոգրաֆիկայից հետո ներկայացվել են ընդամենը 3 և 2 օրեր ամփոփող տվյալներ, որոնք ուղղակիորեն չեն կարող իրապես արտացոլել առկա պատկերը, համեմատելի չեն 7 օրում գրանցված արդյունքներ հետ։ Այս ամենը նաև խոսում է ոչ պրոֆեսիոնալ և անգրագետ մոտեցման մասին։
Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ի և «armtimes.com»-ի ֆեյսբուքյան էջերից այս ինֆոգրաֆիկայի նկարները հեռացվել են:
Ստացվում է, որ իշխանական լրատվամիջոցները երեկվանից լծվել են հասարակությանը մոլորեցնելու և կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը տարատեսակ ինֆոգրաֆիկաների ու վիզուալ խաբկանքների միջոցով քողարկելու կամ նվազման տեմպ ցույց տալու գործին:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան