Հայաստանում գրանցված ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունները. Տաթևիկ Ռևազյան

article-image

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի անոնսից տեղեկանում ենք, որ Ռևազյանը հերքել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիային լիցենզիայից զրկելու տեղեկություները. «Որևէ մեկն իրավասու չէ մեզ լիցենզիայից զրկել»,- ասել է Ռևազյանը։

«Ընդհանրապես ուզում եմ կոչ անել, որ որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց: Այսինքն՝ դա որևէ կապ չունի իրականության հետ և ես կարող եմ հերքել դա»,- հավելել է նա:

«Այստեղ խոսքը գնում է, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին։ Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները իրականացնել չվերթներ դեպի Եվրոպա և մենք հիմա ուզում ենք պարզաբանել եվրոպական կողմից, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել։ Որովհետև ինչպես դուք հիշում եք, մենք նշել ենք, որ հնարավոր է ստուգումներ իրականացնեն Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում մայիս ամսին»,-նշել է Ռևազյանը։

Նա հայտարարել է նաև, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիան շատ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ունի։

«Մեր քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից: Այս փոփոխությունների համար իրականում շատ երկար ժամանակ է պետք, քանի որ լրջագույն խնդիրները վաղուց կան, մեկ օրվա մեջ չեն լուծվի: Պետք է նոր մասնագետներ ներգրավել, նոր մոտեցումներ բերել քաղավիացիա: Մենք ընթացք ենք տվել դրան, լուրջ քայլեր արել ենք, օրինակ՝ Աֆրիկայի չվերթների մասով: Մեզ մեղադրում էին, թե ինչպես ենք հսկողություն անում Հայաստանում գրանցված օդանավերի մասով, որոնք թռնում են Կոնգո, Սոմալի: Մենք այսօր Աֆրիկա գնացող չվերթ չունենք»:

Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտի ապագային, Ռևազյանն ասաց, որ բարդ է ասել. «Ես շաբաթական երկու զանգի եմ մասնակցում, որին մասնակցում են Եվրոպայի ու Եվրոպային մոտ գտնվող պետությունները: Բոլորն ասում են, որ ավիացիայի ոլորտում այս տիպի բան չի եղել: Հստակ կարող եմ ասել, որ մինիմում մեկ տարի լուրջ խնդիրներ կլինեն: Եթե նույնիսկ պատկերացնենք լավագույն տարբերակը, որ չվերթները 1-2 ամիս հետո կլինեն, ժամանակ է պետք լինելու վերականգնման համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:

Հրապարակման մեջ, հղում անելով աղբյուրին, մասնավորապես նշվում էր. «… խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են եկել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Տեղեկություններ կան, որ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել»:

AntiFake.am-ը առաջիկայում կներկայացնի, թե ինչ պայմաններում է տեղի ունենում ավիաընկերություններին տրված թույլտվությունները վերցնելը և ով է թերացումների պատասխանատուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն