COVID-19: Արտակարգ դրություն. օր 21

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 21 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում ապրիլի 5-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 822-ի: Բուժվածների թիվը 57 է, մահվան ելքերը՝  7: Այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է , որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել:

«Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում:

Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը:

Գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այնքան շատ թվով մարդկանց է 1 անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում: Հենց այս հիմքով են ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումը և միջանձնային շփումների սահմանափակումը համարվում վարակի տարածման դեմ պայքարի կարևոր միջոցներ:

Ուրախ եմ տեղեկացնել, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:

Այսպիսով, սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ եմ անում գալիք շաբաթ լինել առավել կարգապահ և, այդպիսով, ձեր դերը ունենալ վարակի տարածումը կանխարգելելու կարևոր գործում»:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է «Covid-19 Armenia»հավելվածը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել:

Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia:

Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ:

Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

Հավելվածում կարող եք լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:

Covid-19 Armenia-ն աշխատում է Android ու iOS համակարգով հեռախոսներում և հասանելի է

թե՛ Google Play (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19)

թե՛ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061) հարթակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն