Շաբաթվա հրապարակումների ընտրանին. արտակարգ դրության ընթացքը, Արցախյան ընտրություններն ու Նիկոլ Փաշինյանի շարունակ հակասական հայտարարությունները

article-image

Անցնող շաբաթը հագեցած էր բազմաթիվ իրադարձություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ աշխարհում:

Արցախյան նախագահական և խորհրդարանական ընտրություններ

Արցախում մարտի 31-ին կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք ընտրողների մասնակցության առումով բավական մեծ ցուցանիշներ գրանցեցին:

Նախօրեին կայացել էր նախագահի թեկնածուների բաց հեռուսատեսային բանավեճը, որին չէր մասնակցել նաև հիմնական հավակնորդներից Մասիս Մայիլյանը:

Նկատենք, որ բանավեճի ընթացքում երեք թեկնածուներ առավել աչքի էին ընկնում թե՛ իրենց ուղղված հարցերի քանակով և բովանդակությամբ, և թե՛ հնչեցրած ելույթների իմաստով: Նրանք են՝ Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը և Աշոտ Ղուլյանը։ Վերոնշյալ թեկնածուները, չնայած այն հանգամանքին, որ միմյանց բավականին սուր հարցեր էին տալիս, այնուամենայնիվ իրենց դրսևորում էին կոռեկտության և սահմանված ձևաչափի տրամաբանության սահմաններում։ Մենք դիտարկել էինք յուրաքանչյուր թեկնածուին բանավեճի ընթացքում և ներկայացրել բանավեճի ամփոփումը:

Իսկ արդեն ընտրությունների օրը մենք մի քանի ամփոփումներ ունեցանք ընտրությունների ընթացքի, ընտրախախտումների և ստացվող տվյալների վերաբերյալ (1,2,3)

Ընտրություններին անդրադարձան նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, մի շարք պետությունների արտգործնախարարություններ: Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության արձագանքը (թեև որոշ դեպքերում նորություն չէ) խստանալու միտում ունի: Թե ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ հայկական իշխանությունները հաջողություն գրանցելու համար, կարող ենք համոզվել նրանց վարած ներքին և արտաքին ասպարեզներում գրանցած «հաջողություններից»:

Ներկայացրեցինք նաև ընտրությունների արդյունքում ստացված տվյալների ամփոփ ինֆոգրաֆիկան

Իսկ հակառակորդը շարունակում էր սադրել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սահմանին: Մարտի 30-ին ՊՆ խոսնակը հայտնել էր ադրբեջանական տապալված դիվերսիոն փորձի մասին: Հակառակորդը կրակել էր նաև հայկական սահմանամերձ գյուղերի վրա, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, ով կրակահերթի պահին գտնվել է պատշգամբում։

Բարեբախտաբար սահմանին իրավիճակը կայունացել է, սակայն ադրբեջանական կողմը նույնիսկ համաշխարհային պանդեմիայի պայմաններում շարունակում է ստոր և սադրիչ գործողությունները։

Հատկանշական է, որ Ալիևին «կիրթ» և ԼՂ հիմնախնդրի լուծումը նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի համարող մեր իշխանությունները կարծես թե այս միջադեպով այդքան էլ մտահոգված չեն։

Բջջային հեռախոսներով անձնական տվյալներ ստանալու վիճահարույց օրինագիծը

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կառավարությունն առաջարկում էր համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում, այսպես ասած, բջջային հեռախոսների միջոցով անձանց անձնական տվյալների և տեղակայման մասին տեղեկությունների հավաքագրում և մշակում՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով։ Մասնագետներն ահազանգում էին, սակայն ի վերջո նախագիծն ընդունվեց՝ պարլամենտարիզմի բոլոր խախտումներով։

Թե ինչպես տեղի ունեցավ, ինչպես չընդունվեց, ովքեր օգնության հասան  վիճահարույց օրենքի ընդունմանը, ովքեր քվեարկեցին, կարող եք կարդալ AntiFake.am-ի հրապարակումները թեմայի առնչությամբ։

Կորոնավիրուսային զարգացումներ

Նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակը շարունակվում է, այդ իսկ պատճառով առավել մեծ լրջությամբ է հանրությունը վերաբերվում այս թեմային։

Նախ համացանցում հայտնված լուսանկարները մեծ աժիոտաժ և անհանգստություն ստեղծեցին։ Լուսանկարներից երևում է, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ամբողջ նախասրահը պատվել մահճակալներով։

Այս թեմայով պարզաբանումներ տվեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»,- հայտնել է նա։

Կառավարության անդամների կողմից հետևողականորեն անտեսվում են AntiFake.am-ի հարցերը, որոնք մեծ կարևորություն ունեն։ Կառավարությունում անցկացվող մամուլի ասուլիսների ընթացքում մամուլի խոսնակները պարզապես չեն ընթերցում մեր հարցերը, ինչը նշանակում է, որ այս հարցում ևս, նամանավանդ այս ժամանակաշրջանում, իշխանությունները խտրական վերաբերմունք են ցուցաբերում։

Պարետատունը նաև խուճապ էր տարածում: Նախ հրապարակվեց որոշում, որով Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան համայնքի, նոր սահմանափակումներ են նախատեսվում,  սահմանափակվելու է բնակչության ելումուտը: Սակայն քիչ հետո հայտարարվեց, որ այդ որոշումը «տեխնիկական սպրդման» արդյունք է, հրապարակվեց նոր որոշումը՝ նախորդ որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին: Արդյունքում կառավարությունը՝ ի դեմս պարետատան, խուճապ է ստեղծում սահմանափակումներին անպատրաստ Չարենցավանի և հարակից համայնքների բնակիչների շրջանում:

Կառավարությունը նաև այս ընթացքում Չինաստանից գնել է թոքերի օդափոխման համար նախատեսված սարքավորումներ և COVID-19 ախտորոշման թեստեր։ Համաշխարհային գնումների մեծ ծավալներին զուգահեռ՝ ավելանում է նաև անորակ բժշկական սարքավորումները, դիմակներհ, հանդերձանքները, ինչպես նաև կորոնավիրուսային ախտորոշման թեստերը։ Այս և այն մասին, թե ինչպիսին է միջազգային մասնագիտական գնահատականը կորոնավիրուսային, այսպես կոչված, «ռապիդ» թեստերի մասին, անդրադարձել ենք հետաքրքիր հրապարակմամբ։

Ժամանակն է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փոխի իր կարծիքը կորոնավիրուսային խոցելի խմբերի վերաբերյալ։ Պարզվում է, որ այն առավել վտանգավոր է դառնում նաև երեխաների, հատկապես՝ նորածինների համար։

Նորածինների շրջանում ավելի մեծ ռիսկի պատճառն այն է, որ նրանց մոտ իմունային համակարգը դեռ զարգացման փուլում է: Ծնվելիս նորածինը դեռ պահպանում է մորից փոխանցված հակամարմինները՝ պահպանելով որոշակի դիմացկունություն վիրուսների նկատմամբ: Այդ պաշտպանությունը առաջին ամիսների ընթացքում վերանում է, մինչ երեխայի մոտ զարգանում է սեփական իմունային պաշտպանությունը:

Կորոնավիրուսային ցուցանիշների վերաբերյալ մանիպուլյացիոն ինֆոգրաֆիկաներ հրապարակեցին «Հայկական Ժամանակն» ու «Ազատություն» ռադիոկայանը։ Ներկայացվող տվյալները ներկայացվում էին այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե կորոնավիրուսի դեպքերը նվազում են։ Սակայն իրականում կորոնավիրուսային ախտորոշմամբ դեպքերի քանակը Հայաստանում օրեցօր ավելանում է։

Ֆեյսբուքում հայ օգտատերերը ակտիվորեն տարածում էին, թե իտալացի միլիարդատերը ընտանիքին կորցնելուց հետո իր ամբողջ գումարը շպրտել է փողոց։ Հետաքրքիր fact-check-ի արդյունքում պարզեցինք, որ տարածվող լուսանկարները Վենեսուելայում են արվել, իսկ գումարի՝ փողոցում հայտնվելու պատճառը ահագնացող ինֆլյացիան է։

Նիկոլ Փաշինյանի «արկածները»՝ այս շաբաթ
 

Շաբաթվա սկզբում պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը խմբագրվել է: Մարտի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող գործարարների մասնակցությամբ: Տեսանյութը տեղադրվել է կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում, ապա ջնջվել, նորից դրվել, նորից ջնջվել, ապա դրվել՝ խմբագրված տարբերակով: Հանդիպման մամուլի հաղորդագրությունը ևս խմբագրվել է:

Մոնտաժված տեսանյութից հանված հատվածում Նիկոլ Փաշինյանը խոսում է գործընկեր պետության՝ Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և բացահայտում ներքին խնդիրներ, որոնք, գուցե, այդ իշխանությունները չեն ցանկանում բարձրաձայնել։ Կամ էլ Նիկոլ Փաշինյանին ՌԴ իշխանություններից հաղորդել են, որ առանց Հայաստանից ներկրումների՝ Ռուսաստանում որևէ ապրանքի սակավություն չի առաջանա, և «անհանգստանալու» կարիք չկա:


Վերջին շրջանում գազի գնի հետ կապված խոսակցությունները, ենթադրությունները ավելանում են՝ «Գազպրոմ» ընկերության գնային նոր առաջարկի կապակցությամբ: Մենք որոշեցինք ներկայացնել այս թեմայով Նիկոլ Փաշինյանի նախկին մանիպուլյացիաներն ու ներկայիս խնդիրները:

Եթե հավատանք որոշ փորձագետների տեսակետին, ապա գազի վաճառքը Ռուսաստանի համար առավելապես կրում է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ։ Ստացվու՞մ է, որ հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն չեն», և առկա են մի շարք խնդիրներ։ Իսկ միգուցե այդ խնդիրների պատճառը հենց գործող իշխանության հակառուսական երանգնե՞րն են, կամ էլ ռուսական գազի գնի շուրջ Փաշինյանի զրույցը Լուկաշենկոյի, այլ ոչ թե Պուտինի հետ։


Նիկոլ Փաշինյանը արդեն հասցրել է մեկ օրում 5 անգամ հակասել ինքն իրեն: Վարչապետը արել է կորոնավիրուսային համաճարակին առնչվող այնպիսի հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են իր նախորդ հայտարարություններին։ «Իրավիճակը վերահսկելի՞ է, թե՞ ոչ», «կորոնավիրուսը երիտասարդների համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ», «խուճապ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ», «կորոնավիրուսը սովորական գրի՞պ է, թե՞ ոչ», «Հայաստանում օրավարձով աշխատողներ կա՞ն, թե՞ ոչ». կարող եք կարդալ հարցերի վարչապետի՝ իրար հակասող տարբերակները:


Մեր շարունակական աշխատանքների շրջանակներում դուրս ենք հանել նաև 218 կեղծ օգտահաշիվներ, որոնք Ֆեյսբուքում աջակցում են Աննա Հակոբյանին:

Իսկ ներկրողներն ահազանգում են Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ-ի առաջացրած խնդիրների մասին: Ներկրողի ներկայացմամբ՝ ՊԵԿ-ը պահանջում է վճարել մոտ 4 միլիոն դրամ հարկային պարտավորությունները, որից հետո միայն թույլ կտրվի մեքենաների շարժը: Ներկրողները վիճարկում են սա. «Թողեք ապրանքը հասնի տիրոջը, մենք էլ եկամուտ ստանանք, այնուհետև վճարենք մեր հարկային պարտավորությունները»: ՊԵԿ-ը, սակայն, չի համաձայնում: Ներկրողն էլ չի համաձայնում, երաշխիք չունի, որ մուծելու դեպքում կստանա մեքենաները:

Ապրիլի 2-ին լրանում էր Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը: AntiFake.amանդրադարձել էր այդ օրերին աչքի ընկած մի շարք զինծառայողների, ինչպես նաև զրուցել Քառօրյային մասնակցած զինվորի հետ:

«Հիմա, երբ արդեն հայացք եմ գցում Ապրիլյան օրերին, ինչպես նաև դրան հաջորդած ոչ պակաս դժվար ու պատասխանատու ամիսներին, լիովին գիտակցում եմ այն բոլոր «ինչու»-ները, որի համար այդպես հպարտորեն, առանց տրտնջալու, ազգովի անցանք դրա միջով։ Ապրիլյանը տարածքի, հողի, պետության կռիվ չէր և ոչ էլ՝ գոյության. Ապրիլյանը արժեքների, արժանապատվության, սկզբունքայնության, հայի իրական տեսակի պահպանման կռիվ էր։ Ապրիլյանը այն է, ինչին պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր մարդ, ով կրում է հայի արժեհամակարգը, այլապես հայը, հայրենասիրությունը և հերոսը ուղղակի դատարկ պաթոսի կվերածվեն», - համոզված էր մեր զրուցակիցը:

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն