Փաշինյանը ավետում է բարի լուր՝ հակադրվելով Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման գուժին. հակասություններ կառավարության անդամների հայտարարություններում

article-image

Ինչպես տեղեկացրել էինք  մեր նախորդ հրապարակմամբ, վարչապետ Փաշինյանը ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում 5 անգամ հակասել էր իր նախորդ հայտարարություններին։

Հակասություններից մեկը կայանում էր նրանում, որ հասարակությանը մշտապես խուճապի չմատնվելու կոչ արած և կորոնավիրուսի հնարավոր տարածումը իր «հումորային» հայտարարություններով անլրջացնող վարչապետը մտահոգված էր այն խնդրով, որ իրենք չափից շատ են կանխել խուճապային տրամադրությունները և հանրությանը չեն կարողանում բերել հավասարակշված վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանդարտություն և հանգստություն։ Վարչապետի այս մտահոգությունը նաև փաստում էր այն մասին, որ նրանք ստեղծված իրավիճակին շաբաթներ առաջ ոչ ճիշտ կամ շտապողական գնահատականներ էին տրվել, ինչը հանգեցրել էր ստեղծված լրջագույն իրավիճակին քաղաքացիների ոչ համարժեք պահվածքին։

Այս օրերին, երբ հասարակությունը տեսնելով օր օրի հաստատվող կորոնավիրուսի դեպքերի աճը, որն ապրիլի 6-ի տվյալներով կազմում է 833 դեպք, և երկրում գործող մի շարք  սահմանափակումների խստացումը՝ իրապես սկսել էր գիտակցել լրջությունը, Փաշինյանը առկա իրավիճակին կրկին շտապողական և հուսադրող գնահատականներ է տվել, որի չիրագործման պարագայում, Կառավարության առջև կրկին հասարակությանը հավասարակշռված վիճակի բերելու խնդիր է դրվելու։

Մասնավորապես, վարչապետն այսօր՝ ապրիլի 6-ին, ուղիղ եթերի ընթացքում հասարակության հետ կիսվել է ՀՆԱՐԱՎՈՐ ԼԱՎ լուրով՝ կորոնավիրուսի հաղթահարման ընդհանուր դինամիկայի և տեմպի հետ կապված։ Փաշինյանն ասել է«Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք և դրական է եղել այդ դեպքերից ընդամենը 11-ը։ Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է։ ․․․ Առանձին օրվա համար իհարկե միանշանակ և աներկբա լավ լուր է։ Խնդիրն այն է, որ նախկինում էլ օրեր ենք ունեցել երբ որ անկում է եղել, բայց հաջորդ օրը էլի թվերը աճել են։ Եվ այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք, այսօրվա տվյալներին, որը մենք կիմանանք վաղն առավոտյան։ ․․․ Բայց մյուս կողմից ես կարող եմ բերել օրինակ ապրիլի 3-ի տվյալները, երբ որ կատարվել է 253 հետազոտություն, որից դրական է եղել 34-ը, այսինքն եթե համեմատենք 253-ը և 263-ը՝ տեմպի 3 անգամ նվազում ունենք դրական դինամիկայի։ Եթե սա հաստատվի, եթե այս մեր հույսը արդարանա, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, այդ միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ։ Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն եթե ինքներս պահենք պարետատան սահմանած սահմանաակումները, մեր շանսերը կմեծանան որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքի վերադառնալու համար։ ․․․Այսօրվա տվյալները մեզ հուսադրում են, հուսադրում են, վստահ չենք, որովհետև վաղը էլի թվեր պետք ա նայենք վերլուծենք։ Բայց այն հույսը, որ այս թվերը առաջացնում են, 11, ընդամենը 11 դրական դեպք, որը վերջին շաբաթվա 10-15 օրվա աննախադեպ քիչ է, սա մեզ բոլորիս պետք ա ոգևորի, որ ևս մի շաբաթ մաքսիմալ խիստ գտվնենք ինքներս մեր նկատմամբ, սահմանափակումները պահենք և եթե մեր կանխավարկածը արդարանա կնշանակի, որ երկուշաբթի օրվանից արդեն հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացումների մասին։ Այս մի շաբաթը հնարավորինս խիստ պահենք սահմանափակումները և եթե վաղը մյուս օրը այսպիսի դինամկիա մենք կունենանք, պարտադիր չի ճշգրիտ այդպիսի, մոտ, դրան մոտ դինամիկա ունենանք, արդեն կսկսենք մտածել բնականոն կյանքի վերադառնալու մասին»։

Իր ամեն խոսքից հետո Փաշինյանը չէր մոռանում նշել, որ այն ամենը ինչ նա ասում է՝ «եթե»-ով է. «Եթե, եթե, եթե, եթե ․․․» - ասել է Փաշինյանը։

Անգամ եթե Փաշինյանի ամեն խոսքից հետո «եթե» դնենք, այն միևնույն է կհակասի ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանի վերջին օրերի հայտարարություններին։ Այսպես, ընդամենը երեկ՝ ապրիլի 5-ին, ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը հրապարակում էր կատարել, որով հայտնել էր, որ 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է, ուստի՝ հաստատման դեպքերի թիվը շարունակում է աճ գրանցել։
 


 

Անդրադառնալով Փաշինյանի ուղիղ եթերում հնչեցրած մտքերին Թորոսյանն ասել է«Ինչպես գիտեք, դրա մասին նաև խոսեց վարչապետը։ Երեկ ամբողջ օրը ունեցել ենք ընդամենը 11 հաստատված նոր դեպք, ինչը ինքնին իհարկե դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որպեսզի մենք շարունակենք այն միջոցառումները, ազգովի շարունակենք, ոչ միայն կառավարությունը այլև ամբողջ բնակչությունը Հայաստանի, պահպանելու այդ թիվը, հասնելու ավելի ցածր ցուցանիշների և երբեք հակառակը չմտածենք, որ ամեն ինչ արդեն հետևում է և մենք կարող ենք չանհանգստանալ տարածման մասին»։ Թորոսյանի այս խոսքերը ևս սթափության կոչ են հասարակությանը և հակադրելի են Փաշինյանի լավատեսությանը։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ էլ Թորոսյանը հայտնել էր, որ այս տեմպի պահպանման դեպքում մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000 և այդպես շարունակ: «Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով», - գրել էր Թորոսյանը և քաղաքացիներին կոչ արել մնալ տանը։

Բացի այդ, երեկ պարետ Ավինյանը, հիշեցնելով Արսեն Թորոսյանի վերջին 7 օրերի դեպքերի գրանցման հրապարակումը, հայտնել էր, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս իրենք առավել կարևորում են տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը, որը մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի։ Սա վատ ցուցանիշ չէ, սակայն ցածր էլ չէ։ Ինչպես նշել էր Ավինյանը՝ պետք է Rt-ն հնարավորինս նվազեցնել ու հասցնել 1-ից ցածր արժեքի, որից հետո կորոնավիրուսի տարածումը կառավարելի կդառնա։ Եվ քանի որ ներկայումս 1-ից ցածր արժեք գրանցված չէ, ուստի կորոնավիրուսի տարածումը այդքան էլ կառավալելի չէ և պետք է խստորեն հետևել բոլոր կանոններին։

Ստացվում է, որ Փաշինյանը հասարակությանն իր այս ուղերձով հույս է ներշնչել և հոգեբանորեն պատրաստել է այն բանին, որ օրեր անց ռեժիմը կթուլանա, և աստիճանաբար քաղաքացիները կկարողանան շարունակել իրենց բնականոն կյանքը։ Ուստի՝ Փաշինյանի խոսքերը լրջությամբ ընդունած քաղաքացիները արդեն հոգեբանորեն պլանավորում են թե ինչ են անելու մեկ շաբաթ անց, և ինչպես է անցնելու նրանց օրը։

Ցավոք, քիչ չէ հավանականությունը այն բանի, որ Փաշինյանի հուսադրող խոսքերի իրականացման փոխարեն իրականում մենք ականատեսը կլինենք արտակարգ դրության երկարացման, նոր դեպքերի գրանցման և ինչու ոչ ռեժիմի էլ ավելի խստացման։ Կարող ենք հիշել, թե Չինաստանը քանի ամիս է պայքարել համաճարակի կանխման համար և թե ինչպես է աշխարհում օր օրի ահագնանում համավարակը։ Այս պարագայում Փաշինյանի հուսադրող երանգները տեղին չեն և օգուտի փոխարեն կարող են վնաս հասցնել, ինչպես օրինակ կարող են հիասթափեցնել հոգեբանորեն իրեն օրեր անց փողոցում ազատորեն զբոսնել պատկերացնող երիտասարդին, ով Փաշինյանի ներկայացրած ժամկետներից հետո պայմանավորված նոր դեպքերի գրանցմամբ պարզապես չի ունենա փողոցում ազատ զբոսնելու հնարավորությունը։ Այս ամենը կրկին կարող է ավելորդ խնդիրներ ստեղծել և ռեսուրսներ խլել կառավարությունից։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն