COVID-19: Արտակարգ դրություն. օր 22

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 22 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում ապրիլի 6-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 833-ի: Բուժվածների թիվը 62 է, մահվան ելքեր՝  8: Այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ:

«Ունենք 146 թոքաբորբի դեպք, որից 35-ի վիճակը ծանր է, մեծ մասը թթվածնի կարիք ունի, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկուցվածների թիվը 1500 է, իսկ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ են գտնվում 5000 անձ»:

Եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, պարետատունը և Կառավարությունը սահմանափակումների մեղմացման կգնա: Այդ մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում  հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե սա հաստատվի, իսկ դա կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալները վերլուծելով, նշանակում է՝ մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահենք պարետատան սահմանած սահմանափակումները»,-ասել է վարչապետը:

Խնդիր ենք դրել առաջիկայում օրական թեստավորումների քանակը դարձնել 1000: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարց ու պատասխանի ժամանակ  ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր օրական թեստերի թիվը տատանվում է՝ հասնելով մոտ 400-ի: Խնդիր ենք դրել այս շաբաթվանից, ամենաուշը՝ ուրբաթ օրվանից, օրական 1000 թեստ անել։ Դրա համար մենք հիմա մեծ քանակի՝ մոտ 70 000 թեստ ենք գնում», - ասել է  Փաշինյանը։

«Ոստիկանության 6 ծառայող վարակվել է կորոնավիրուսով, մեկուսացված է 16 ոստիկան»: Այս մասին Կառավարության տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

«Ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում:Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք, հնարավոր է, խնդիր ունենան»,-նշել է Մհրյանը: 

Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով: Այդ մասին տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով:

Հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով»:

Պարետի N 34 որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Այդ մասին տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն