Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը «Գարդասիլ» պատվաստանյութի մասին. նոր փաստեր

article-image

Դեռևս 2017 թվականին, երբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ 13 տարեկան 16.000 աղջիկ պետք է պատվաստվի «Գարդասիլ-4» (քառավալենտ Գարդասիլ կամ Գարդասիլ) պատվաստանյութով, առաջ եկավ հանրային մեծ դժգոհություն։ Դժգոհության պատճառը և՛ առողջապահական, և՛ իրավական մի շարք խնդիրներն էին։ Այս բոյկոտի արդյունքում «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած 32.400 դեղաչափից օգտագործվեց միայն շուրջ 2.000-ը։

Այն ժամանակ ոչ ոքի մտքով չէր էլ անցնի, որ Գարդասիլ պատվաստանյութի մասով ավելի լուրջ խնդիրներ են բացահայտվելու։

Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությանը «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից «Գարդասիլ-4» պատվաստանյութն ուղարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես հանել է «Գարդասիլ-4»-ը շրջանառությունից։ 2017 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ կառավարության հիվանդության հսկողության և կանխարգելման կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Այժմ, երբ ԱՄՆ-ում 2017 թվականի մայիսի 1-ին դեղորայքի վերջին չափաքանակի պիտանելիության ժամկետի ավարտից հետո «Գարդասիլ-4»-ը այլևս հասանելի չէ օգտագործման համար, «Գարդասիլ-4»-ի պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը հեռացվել է պաշտոնական կայքից։ Մատակարարները պետք է օգտագործեն «Գարդասիլ-9» պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կիրառման ժամանակ»։

Փաստորեն Հայաստանի Հանրապետությանը ուղարկվել է մի պատվաստանյութ, որը ԱՄՆ-ում հանվել է շրջանառությունից պիտանելիության ժամկետի ավարտից հետո, որի փոխարեն այնտեղ շրջանառության մեջ է դրվել «Գարդասիլ-9»-ը։ Հետաքրքիր է, թե ինչու նոր պատվաստանյութ «Գարդասիլ-9»-ի փոխարեն, որը շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում 2016-2017 թվականներից, Հայաստան է ուղարկվում «Գարդասիլ-4»-ը։

Այս մասով անհրաժեշտ է նշել, որ «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետների մասով նախորդ և ներկայիս իշխանությունները տվել են տարբեր պատասխաններ։ Մասնավորապես 22.11.2017 թվականին Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ պատվաստանյութի պիտանելիության ժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 12-ն է (փաստաթուղթ 1), իսկ արդեն 21.03.2019 թվականին Առողջապահության նախարարությունը որպես նույն պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտ նշել է 2020 թվականի ապրիլը (փաստաթուղթ 2

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ԱՄՆ-ում Քառավալենտ Գարդասիլի կամ «Գարդասիլ-4»-ի պիտանելիության ժամկետը ավարտվել է 2017 թվականի մայիսի 1-ին, այն հանվել է շրջանառությունից, սակայն Հայաստան ուղարկված նույն պատվաստանյութի ժամկետը մի իշխանության օրոք 2019 թվականի հոկտեմբերն է, իսկ նոր իշխանության օրոք՝ 2020-ի ապրիլը։

Այս ամենով հանդերձ՝ արդեն նոր իշխանությունների օրոք՝ 2019 թվականի հունվարի 29-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման և պատվաստումային տարիքի ընդլայնման մասին» 194-Ա հրամանը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում 14-45 տարեկան անձինք պետք է ստանան «Գարդասիլ-4» պատվաստանյութը։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ այս հրամանը Առողջապահության նախարարության կայքէջում հրապարակվել է միայն մարտի 25-ին, երբ բժիշկների, իրավաբանների և ծնողների խումբը բարձրաձայնեց հրամանի գոյության և նրանում առկա մի շարք իրավախախտումների մասին։ Պետք է նշենք, որ հրամանը մինչ օրս առկա չէ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում, իսկ մարտի 25-ին Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հրամանը ոչ ստորագրված է, ոչ էլ կնքված։

Այնուամենայնիվ, վերադառնանք դրա բովանդակությանը։

Ինչպես արդեն նշեցինք, հրամանում նշված է, որ 14-45 տարեկան անձինք պետք է ստանան «Գարդասիլ-4» պատվաստանյութը։

Մարտի 19-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հոդված է հրապարակվել «Ընդլայնվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը» վերնագրով, որտեղ նշվում է, որ ՄՊՎ դեմ պատվաստումներն առաջարկվում են նաև 14-45 տարեկան անձանց։

Այս առումով անհրաժեշտ է նշել, որ համաձայն «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր բնութագրի՝ այն ցուցված է կատարել 9-26 տարեկան անձանց։

Նույն տարիքային սահմանափակումն է նշվում նաև ԱՄՆ պարենի և դեղերի կազմակերպության կայքում (վերջին թարմացումը՝ 2018թ.)։

Անհրաժեշտ է նշել, որ ԱՄՆ դեղերի և պարենի ընկերությունը 2018 թվականի հոկտեմբերի 5-ին հաստատել է «Գարդասիլ- 9»-ի ընդլայնված կիրառելիությունը, որը ներառում է նաև 27-45 տարեկան անձանց, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը գնում է հենց «Գարդասիլ-9»-ի մասին և ոչ թե՝ «Գարդասիլ-4»-ի։

Իսկ «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր բնութագրում նշվում է, որ այն ցուցված չէ 27 և բարձր տարիքի անձանց, իսկ 27-45 տարեկան անձանց շրջանում դեռևս իրականացվում են կլինիկական փորձարկումներ։

Այսպիսով՝ թե՛ Առողջապահության նախարարն՝ իր հրամանով, թե՛ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անտեսում են այն հանգամանքը, որ տարիքային ցենզի ընդլայնումը վերաբերվում է բացառապես «Գարդասիլ-9»-ի կիրառելիությանը, ինչը ակնհայտ մանիպուլյացիա է։

Հաջորդ ապատեղեկատվությունը վերաբերվում է Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների, մասնավորապես՝ պատվաստումների ազգային ծրագրի ղեկավարի այն հայտարարություններին, թե «Գարդասիլը» հակաքաղցկեղային պատվաստանյութ է։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ «Գարդասիլի» ընդհանուր բնութագրում կա հատուկ նշում այն մասին, որ այն նախատեսված չէ քաղցկեղի բուժման համար։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման պարագայում ՄՊՎ միայն 4 շտամի դեմ իմունիտետը պահպանվում է միայն 4,5-5 տարի։ Մինչդեռ ՀՀ ԱՆ կողմից 2017 թ.-ին հրապարակված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ազգային ուղեցույցի» համաձայն՝ ՄՊՎ վարակված անձանց 70-90%-ը ինքնաբուժվում է։ Չբուժված անձանց մոտ կարող են առաջանալ պապիլոմավիրուսային գորտնուկներ, և միայն 0,15-0,18% դեպքերում կարող է զարգանալ արգանդի պարանոցի կամ այլ տեղակայման քաղցկեղ։

Վարակվելուց մինչև քաղցկեղի առաջացման փուլը տևում է շուրջ 20 տարի և ավելի։ Մինչդեռ «Գարդասիլը» շուկայում առկա է միայն 2006 թվականից (13 տարի)։ Հետևաբար «Գարդասիլ» պատվաստանյութի դերը արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հարցում դեռևս պարզված չէ։

Մի շարք զարգացած երկրներում արգանդի պարանոցի քաղցկեղի հաճախությունը նվազել է միայն սքրինինգային ծրագրերի պատշաճ իրագործման շնորհիվ։ 2003 թվականից ՀՀ կառավարության կողմից ընդունված սքրինինգային ծրագրերը (2003-2015թթ.) փաստացիորեն պատշաճ չեն իրագործվել, ինչի արդյունքում էլ ավելացել է քաղցկեղների հաճախությունը։ Ո՞վ է պատասխանատու այդ ծրագրերի ոչ պատշաճ իրականացման համար։

Գնահատված չէ նաև «Գարդասիլի»՝ ուռուցք առաջացնող և գեների վրա տոքսիկ ազդեցությունը։ Հետևաբար, մենք չգիտենք, արդյո՞ք այսօր ստանալով «Գարդասիլ»՝ մենք չենք ունենալու տարաբնույթ արատներով սերունդ և ուռուցքային հիվանդությունների աճ։

Չէ՞ որ այս պատվաստանյութի հեռավոր ազդեցությունները հայտնաբերելու համար անհրաժեշտ է գուցե ոչ մեկ սերնդափոխություն։

Կասկածներն ավելի են ամրապնդվում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 2019 թվականի հունվարի 28-ի՝ «մեր նման երկրները պետք է մասնակցեն կլինիկական փորձարկումների փուլին…» հայտարարությունից հետո։

Արդյո՞ք նախարարի հրամանով հասարակությունն  առանց տեղեկացված լինելու չի մասնակցում չապացուցված արդյունավետությամբ և անվտանգությամբ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլին։

Իսկ ինչու՞ է մեր հասարակությանը պարտադրվում «Գարդասիլ-4», այն դեպքում, երբ առկա է նոր  «Գարդասիլ-9» պատվաստանյութ, ինչու՞ է նախարարի հրամանը ամիսներ շարունակ գաղտնի պահվում, ինչու՞ է հրամանում նշվում այնպիսի տարիքային ցենզ, ինչը հակացուցված է «Գարդասիլ-4»-ի համար, ինչու՞ նույն ինտենսիվությամբ և ոգևորությամբ չեն հանրայնացվում Գարդասիլ պատվաստանյութի և դրա առաջացրած հետևանքների մասին ԲՈԼՈՐ տեղեկությունները։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն