Գազի գնի աստիճանական բարձրացումը. ինչում են մեղավոր հայկական իշխանությունները

article-image

Ապրիլի 21-ին «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ տրամաբանություն է տեսնում գազի գների վերանայման հարցը բարձրացնելու մեջ:

«Ես կարծում եմ, որ դաշնակիցներն, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ: Բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ այժմ է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում ստացվել են ինչպես բելառուս, այնպես էլ՝ հայ գործընկերներից, հաշվի են առնվում, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունները: Բայց, կարծես, սխալ է հիշել դրա մասին միայն այն դեպքում, երբ իրավիճակը տրամագծորեն հակառակ է դառնում այն իրավիճակին, որը երեք-չորս տարի առաջ էր», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ապրիլի 23-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք էր հայտնել, որ «գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի բարձրացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ»:

Երբ է եղել «Գազպրոմ-Արմենիայի» դիմումը ՀԾԿՀ-ին, երբ են զրուցել Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, և թե երբ է  հայկական կողմը դիմել «Գազպրոմին»՝ գազի գինը վերանայելու համար.

Մարտի 31-ին կայացած հեռախոսազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև գազի գնի խնդիրը: Նրանք արձանագրել են բնական գազի բարձր գինը և նշել, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ներկայիս իրավիճակին։

Արդեն իսկ հաջորդ օրը «Ազդարարում» հայտնվել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության դիմումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որով ընկերությունը առաջարկում է հուլիսի 1-ից մի շարք սպառողական խմբերի համար բարձրացնել ներկրվող բնական գազի գինը: Ընկերությունը հայտը ներկայացրել էր 2020թ. հունվարի 31-ին: 

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչը կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը:

Հայ-ռուսական հարաբերություններում բնական գազը և նրա գնային տատանումները լակմուսի թուղթ են հանդիսանում: Գազի և էլեկտրաէներգիայի սպառման սակագների խնդիրը հանդիսանում էր ներկայիս իշխանությունների՝ մոտ անցյալում նույն ընդդիմադիրների «գլխավոր հաղթաթուղթը», իսկ սակագների իջեցումը՝ ներկայիս քարոզարշավների ընթացքում առավել հաճախ քննարկվող և բարձրաձայնվող խոստումը: Սակայն միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք գազի գինը արդեն կբարձրանա երկրորդ անգամ:

Եթե ռուսական կողմը կարող է միանգամից 40%-ով իջեցնել մատակարարվող գազի գինը Բուլղարիայի համար, ապա ինչպես է հնարավոր այն հանգամանքը, որ ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի դեպքում «Գազպրոմ» ընկերությունը դարձյալ բարձրացնում է սակագինը: Թերևս այս հարցի պատասխանը տալիս է հենց Լավրովը՝ նշելով, որ իրավիճակը այն չէ, ինչ 3-4 տարի առաջ էր: 

Անդրադառնալով համաշխարհային էներգետիկ շուկայում գների նվազեցման տեմպերին՝ դեռևս մարտի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հակառակ իր գործընկեր Մհեր Գրիգորյանի այն հավաստիացումներին, որ նրանք չեն օգտվում գների անկման հանգամանքից, համոզմունք էր հայտնել, որ նավթի ու գազի շուկայում գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման համար բոլոր հիմքերը: Ինչպես տեսնում ենք, կառավարությունը դեռևս չի կողմնորոշվում գազի գնի վերանայման հարցում իր դիրքորոշման հիմնավորման հարցում:

Արժի վերհիշել նաև վերջին տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագները:

Պետք է նշել, որ ռուսական կողմը առանձին գնային քաղաքականություն է վարում Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների համար:

Համաձայն «Հայաստանին բնական գազի մատակարարման գների սահմանման կարգի»՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնություն ձեռք բերվեց, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվեց չգանձել Հայաստան բնական գազի արտահանման 30% մաքսատուրք 2013թ. ապրիլի 1-ից: Ներմուծման գինը կրճատվեց 270-ից մինչև 189 ԱՄՆ դոլար/հզր խ.մ., ինչը 2015թ.-ի սեպտեմբերից կրճատվեց մինչև 165 ԱՄՆ դոլար/հզր խ.մ.: 2016թ. ապրիլին գազի գինը վերանայվեց մինչև 150 ԱՄՆ դոլար/հզր խ.մ. համար:

Իսկ արդեն 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով  գազի գինը դարձյալ բարձրացավ 15 դոլարով կամ 10 տոկոսով՝ 150 դոլարից կրկին դառնալով 165 դոլար:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի համաձայն՝ 2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է վերանայել սակագները, մասնավորապես՝

  • Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կաճի 36 տոկոսով կամ 35.9 ՀՀ դրամով,
  • Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
  • Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
  • Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ բնակիչների համարբնական գազի սակագինը 1 խմի հաշվով նվազում է 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով,
  • Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինըկաճի 18 տոկոսով կամ 41.04 ԱՄՆ դոլարով։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ միակ լավ և ապագա գնաճը թաքցնող նորությունն այն է, որ հուլիսի 1-ից բնակիչները բնական գազի 1 խմ հաշվով վճարելու են 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով ավելի քիչ։

Ինչպես և կարող ենք տեսնել՝ ինչ տեմպերով, որ գազի գինը նվազել էր տարիների ընթացքում, այդ նույն տեմպերով այն դարձյալ աճում է:

Ի տարբերություն Հայաստանի՝ Բելառուսում գները առավել ցածր են. այսօր Բելառուսը վճարում է 127 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Ի դեպ, Բելառուսին տրամադրվող գազի սակագները միշտ ավելի ցածր են եղել՝ Հայաստանի հետ համեմատությամբ: Վերջին տարիներին այն աստիճանաբար նվազում է. 2017թ. գինը կազմել է 143.54 դոլար/խմ, 2018թ.՝ 129 դոլար/խմ, իսկ 2019թ.՝ 127 դոլար: Այսօր էլ Ալեքսանդր Լուկաշենկոն, բավական կոշտ արտահայտվելով, պահանջում է կորոնավիրուսային համավարակի պայմաններում ներմուծվող գազի գնային նվազեցում տեղի ունենա:

Արևմտյան Եվրոպայում սակագները ևս տարբերվում են, սակայն արդեն շուկայի պատճառով։ Այստեղ գազի մատակարարման շուկան ազատ է, ֆիքսված չեն ոչ գազի ձեռքբերման, ոչ էլ սպառողներին վաճառելու սակագները, իսկ բաշխողները կարող են գազը գնել միանգամից տարբեր աղբյուրներից:

Հայաստանում գազի գնի շուրջ բանակցությունների փաստացի տապալումը, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների իսկապես աննախադեպ լինելը՝ իրենց ցածր մակարդակում գտնվելով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին վերաբերող Սերգեյ Լավրովի կարևորագույն հայտարարությունները վկայում են ներկայիս իշխանությունների անկարողության մասին՝ ցույց տալով, որ ինչպես մյուս առանցքային ոլորտներում, այնպես էլ այստեղ հայկական իշխանությունները տանուլ են տվել:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Հոդվածի ռուսերեն տարբերակը.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն