Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` դիզելային վառելիքի և բենզինի գների վերաբերյալ, մանիպուլյացիա է

article-image

Մայիսի 16-ին կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր չորրորդ «100 փաստը»: Փաստերի շարքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև բենզինի և դիզելային վառելիքի գնային տատանումներին: Իր 47-րդ փաստոււմ նշում է. «2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով՝ 97-ից դառնալով 92 տոկոս։ Մրցակցության ավելացումը, մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները, մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ»:

Այս «փաստը» Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը մանիպուլյացիա է համարել, քանի որ Նիկոլ Փաշինյանը սա համարում է իր կառավարության ձեռքբերում:

Արմեն Մանվելյանը պարզաբանեց, թե ինչպես է տեղի ունեցել բենզինի գնակման գործընթացը: «Բենզինի գինը կախված է նավթից: Հունվար ամսին նավթի գինը 60 դոլար էր, ապրիլին WTI նավթի միջին գինն իջավ, հասավ 0-ի: Նավթային շուկան կոլապսի մեջ էր, և մարդիկ նավթ չէին գնում, նավթի առաջարկն ավելի շատ էր, քան պահանջարկը: Այդ պայմաններում հում նավթից արտադրվող բոլոր վառելիքների գները իջան, իսկ աշխարհում արտադրվող նավթի 80 տոկոսը վերամշակվում է որպես բենզին: Այսինքն՝ նավթի գների անկումը հանգեցրեց նրան, որ բենզինի գներն իջան»,- ասել է մասնագետը:

Հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 

Կարող ենք տեսնել, որ 2018 թվականի մայիսին, ի համեմատություն 2017 թվականի նույն ժամանակահատվածի` բենզինի և դիզելային վառելիքի գները աճել են համապատասխանաբար 17 և 25.8 տոկոսով:

2019 թվականին 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ բենզինի գինը նվազել է 5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գինը` աճել 1.8 տոկոսով:

Մայիսի 12-ին հրապարակված սպառողական գների ինդեքսի վերաբերյալ վիճակագրական կոմիտեի զեկույցում, որտեղ ամփոփվել են 2020թ. հունվար-ապրիլ ամիսների տվյալները, նշվում է, որ նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ բենզինի գինը նվազել է 21.5, իսկ դիզվառելիքինը` 17 տոկոսով:

Այնուամենայնիվ, «Հետք»-ը արձանագրում է, որ «Երևանյան բենզալցակայաններում դիզելային վառելիքն ապրիլի 6-ին, վաճառվում էր 370-390 դրամ/լիտր միջակայքում։ Իսկ «եվրո 5» տեսակի դիզելը հնարավոր էր գնել 520 դրամ/լիտր արժեքով։»

Այս մասին վկայում է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հրապարակած տվյալները նախորդ ամսվա համար.

Տվյալ ոլորտում Հայաստանում ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտներից «Ֆլեշ» ընկերության տնօրեն Սանասար Բեգլարյանը վերջին շրջանում առկա գնային նվազեցումների կապակցությամբ կարծիք էր հայտնել, որ այդ գնիջեցումները մի քանի պատճառ ունեն. առաջինը նավթային գերտերությունների «պատերազմն» է, որի արդյունքում, ըստ էության դադարեց գործել նավթի արդյունահանման ծավալների վերահսկման միջազգային մեխանիզմը, ինչը բերեց նավթի գնի անկման։ Կորոնավիրուսն իր հերթին երկրորդ զգալի հարվածը հասցրեց շուկային՝ նավթի գինը հասցնելով 20-30 դոլար միջակայքին։

Ինչ վերաբերում է վառելիքի շուկային, Բեգլարյանը նշել է, որ նավթի գնի փոփոխությունը մասնակի է ազդում բենզինի կամ դիզվառելիքի գների վրա, քանի որ գոյություն ունեն արտադրական և փոխադրման ծախսեր, որոնք հնարավոր է և աճեն, օրինակ՝ արտարժույթների փոխարժեքների փոփոխության հետևանքով։ Ամեն դեպքում, մարտի ընթացքում ունեցել ենք գների զգալի անկում:

Այնուհանդերձ, պետք է նշել, որ Հայաստանը, լինելով վառելիք ներմուծող պետություն, ոչ մի ձևով չի կարող ազդել վառելիքի գնային քաղաքականության վրա:

Ուստի, համաշխարհային զարգացումներով պայմանավորված գնիջեցումները որպես Հայաստանի գրանցած հերթական հաջողության փաստ ներկայացնելը խելամիտ չէ և մանիպուլյացիա է` Նիկոլ Փաշինյանի կողմից:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն