Երեկ՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվականին», որի ընթացքում լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նրա մոտ այնպիսի զգացողություն չի եղել, որ ուզենա կառավարական ամառանոցից (առանձնատնից – խմբ.) թողնել-փախչել իրենց հին բնակարանը, պատասխանել է. «Խոսակցությունը, որ մենք վերադառնանք մեր հին բնակարան, մեր տան մշտական «backsound»-ն է։ Երկու տարի շարունակ գոյություն ունի այդ խոսակցությունը, որովհետև ոչ թե պատասխանատվությունից, ոչ թե աշխատանքներից, այլ կարոտով ենք հիշում»։
Հատկանշական է, սակայն, որ այն բնակարանը, ուր, ըստ Աննա Հակոբյանի, Փաշինյանները երազում են վերադառնալ, և որի մասին մշտապես խոսում են ու կարոտում, վաճառքի են հանել։ Խոսքը Շենգավիթի Գ. Նժդեհ փողոցի վրա գտնվող այն բնակարանի մասին է, որտեղ Փաշինյան ընտանիքը բնակվել է մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը և Կոնդի կառավարական առանձնատուն տեղափոխվելը։ Բնակարանը վաճառելու մասին հայտարարությունը նախ նկատել էր hraparak.am-ը, որը ապրիլի 22-ին հրապարակել էր այդ մասին տեղեկությունը, իսկ estate.am կայքում նկատում ենք, որ հայտարարությունը տեղադրված է մայիսի 7-ին, ինչից կարելի է ենթադրել, որ այն կրկին թարմացվել է։ Մենք պարզեցինք, որ բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը մինչև այս պահը ուժի մեջ է, այսինքն` բնակարանը դեռ որևէ մեկը չի գնել, իսկ Փաշինյաններն այն վաճառելու մտքից չեն հրաժարվել։
Փաստորեն վարչապետի տիկնոջ` առաջին հայացքից անկեղծ հայտարարությունը իրենց հին բնակարան վերադառնալու երազանքի մասին, վերաբերվում է այն բնակարանին, որն իրենց իսկ կողմից հանվել է վաճառքի։
Աղբյուր՝ AntiFake.am