Իշխանությունների ցանկությունը՝ տեսնել Ռաֆիկ Հայրապետյանին ճաղերի հետևում, չի իրականացել, և նոր թափով լծվել են այդ պրոցեսը տեղ հասցնելուն. Ամրամ Մակինյան

article-image

Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ահազանգել էր, որ «վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում, ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում»:

Փաստաբանը նաև արձանագրում էր, որ քննչական գործողությունները կատարվում են առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, առգրավվել են ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները, և փաստացի կազմալուծվել է հյուրանոցի բնականոն աշխատանքը:

Մեզ հետ զրույցում Մակինյանը նշել է, որ խուզարկությունները ավարտվել են. «Դատարանը թույլ է տվել փնտրել և գտնել անորոշ առարկաներ ու իրեր. չի նշել, թե ինչ առարկաներ են: Սա բացարձակապես անթույլատրելի է»:

«Խուզարկությունը հրատապ կատարվող քննչական գործողություն է, որը կատարվում է գործ հարուցելուց 4 ամիս անց, ինչը ակնհայտ ցույց է տալիս, որ խուզարկության նպատակը ոչ թե ինչ-որ բան հայտնաբերելն է, այլ սկսած հետապնդումները շարունակելը»,- համոզված է Ամրամ Մակինյանը:

Փաստաբանի ներկայացմամբ՝ առգրավվել են դեպքից հետո կազմակերպությանը վերաբերող հաշվապահական փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչներ. «Այսինքն՝ լրիվ այլ իրեր և առարկաներ, որոնք առգրավելու իրավունք չունեին: Փնտրում էին հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրաշոկ:  Էլեկտրաշոկ չհայտնաբերեցին, քանի որ այդպիսին չկար: Համակարգիչներ հայտնաբերվեցին, քանի որ աշխատող հյուրանոցում չեն կարող համակարգիչներ չլինել»:

Համակարգիչները անջատվել և առգրավվել են: Հյուրանոցի բնականոն գործունեությունը դադարեցվել է: Ապօրինի առգրավված հաշվապահական փաստաթղթերը ևս չեն վերաբերում դեպքի ժամանակագրությանը. վերաբերում են 2017-2019 թվականների գործունեությանը:

Մակինյանը նշեց նաև, որ պատրաստվում են բողոքարկել քննիչի և դատարանի գործողությունները:

Հյուրանոցի սեփականատերերը համոզված են, որ այս ամենը անօրինական գործընթաց է, որը կապ չունի քրեական գործի հետ, և պայմանավորված է Ռուբեն Հայրապետյանի անձով:

«Ես ցավում եմ այս ամենը կատարողների համար, որովհետև իշխանությունները կգնան, իսկ կատարողները պատասխան են տալու: Ես շատ ցավում եմ, որ նրանք ուղղակի հանցանքներ են անում իշխանություններին հաճո լինելու և նրանց կամքը կատարելու համար»,- ասաց Մակինյանը:

Փաստաբանը այս գործողությունները կապում է նաև դատարանի վերջին որոշումների հետ. «Իշխանությունների ցանկությունը՝ տեսնել Ռաֆիկ Հայրապետյանին ճաղերի հետևում, չի իրականացել, և նոր թափով լծվել են այդ պրոցեսը տեղ հասցնելուն»:

Եվս մեկ զավեշտ. խուզարկություններ են անցկացվել նաև Հայրապետյաններին պատկանող մեկ այլ հյուրանոցում ևս, որը կառուցվել է առերևույթ դեպքից շատ ավելի ուշ, որտեղ փնտրել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և իրեր. «Սա արդեն մեկնաբանության կարիք էլ չունի: Սա ունի իրավական ու շատ կոշտ գնահատականների կարիք»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Русская версия интервью.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն